Վերջին արդիները. Ռուդոլֆ Վաթինյանի ֆոտո-դիմանկարները, 1960-80թթ.
- Տարեթիվ
- Նոյեմբեր, 2021
- Կատեգորիաներ
- Ցուցահանդես
- Վայր
- Yerevan, Mirzoyan Library
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում է անվանի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի (1941-2021թթ․) ծննդյան 80-ամյակին նվիրված «Վերջին արդիները. Ռուդոլֆ Վաթինյան ֆոտո-դիմանկարները՝ 1960-80թթ.» ցուցահանդեսը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 19։00-ին, Միրզոյան գրադարանի ցուցասրահում։
Իր գործունեության ընթացքում, Վաթինյանը նկարահանել է երեք տասնյակից ավելի ֆիլմ, որոնց թվում են հայ կինոյի մի շարք գլուխգործոցներ, ինչպես, օրինակ՝ «Օգոստոս» (1976թ․), «Մեր մանկության տանգոն» (1984թ․) և «Տեր Ողորմեա» (1996թ․) ֆիլմերը։ Վաթինյանի օպերատորական մասնագիտությունը սերում է արվեստի մեկ այլ ձևաչափից՝ լուսանկարչությունից։ Գործածելով ֆոտոխցիկը որպես ազատ փորձարարական դաշտ, Վաթինյանը ստեղծել է խիստ անձնական բնույթի տասնյակ շարքեր և հարյուրավոր սև-սպիտակ սևապատկերներ (նեգատիվներ), որոնք երբևէ չեն հրապարակվել։ Ցուցադրանքում ընդգրկված լուսանկարները, որոնք հանրությանն են ներկայացվում առաջին անգամ, Ռուդոլֆ Վաթինյանի լուսանկարչական արխիվից են։
Շուրջ 40 լուսանկարների ընտրանուց բաղկացած այս ցուցահանդեսը միտված է ներկայացնելու Վաթինյանի լուսանկարչությունը՝ որպես 1960-1980-ականների հայ արդի արվեստի ու մշակույթի ուշագրավ երևույթ։ Ցուցադրության կիզակետում Վաթինյանի դիմանկարչությունն է, որի միջոցով արվեստագետը արձանագրում էր իր ժամանակակիցներին՝ Յուրի Երզնկյան, Ֆրունզե Դովլաթյան, Ալբերտ և Մհեր Մկրտչյաններ, Արմինե Կալենց, Երվանդ Քոչար, Մինաս Ավետիսյան, Էլիբեկյան եղբայրներ, Գայանե Խաչատուրյան, Տիգրան Մանսուրյան և այլք։
Այս ստվար պատկերաշարի նշանակությունն ավելին է քան դրա պատմավավերագրական արժեքը։ Նույնիսկ ընտանեկան դիմանկարների դեպքում, Վաթինյանը գործել է մտածող ու համարձակ արվեստագետի պես՝ ստեղծելով միջազգային մոդեռնիստական արվեստի վերլուծական հոսանքներին հարող սրաթափանց պատկերներ։
Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Ցուցահանդեսի համադրող՝ Վիգեն Գալստյան (արվեստաբան, Ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար)։