Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Մկրտիչ Գալուստի Փալանջյան

1879 - 1967

1900 - 1950 թվականներ

Նախքան Կարսի գրավումը թուրքական բանակի կողմից 1918-ին, Մկրտիչ Փալանջյանը շուրջ մեկ տասնամյակ եղել է Կարս նահանգի առավել ճանաչված լուսանկարիչներից մեկը։ Ըստ լուսանկարչի թոռնուհու վկայության, Փալանջյանը սերում էր մեծահարուստ ընտանիքից, սակայն թուրքական գրոհից Ալեքսանդրապոլ փախչելու ընթացքում իր լուսանկարչատան հետ միասին կորցրել է նաև իր ողջ ունեցվածքը։(1) 

Դատելով մեզ հասած լուսանկարներից, Փալանջյանի առաջին տաղավարը գտնվել է Սարիղամիշ գյուղաքաղաքում, Ալաջինսակայա փողոցի վրա տեղակայված փոստատան դիմաց: Հետագայում` առնվազն 1910-ականների սկզբին, լուսանկարիչը տեղափոխվել է կամ մասնաճյուղ է բացել Կարսում, որը գոյատևել է մինչև 1918 թվականը։ Ալեքսանդրապոլում նա կարողացել է վերսկսել իր մասնագիտական գործը։ Քաղաքի պատմական կենտրոնում գտնվող իր լուսանկարչատունը, որն ըստ Վահան Քոչարի Փալանջյանը ձեռք է բերել Թիֆլիս տեղափոխված լուսանկարիչ Ելիզավետա Մուշեղյանից, նույնպես մեծ հաջողություն է վայելել Գյումրեցիների շրջապատում։(2) Փալանջյանն ու իր կինը` Աստղիկը, եղել են կրթված և լայն հետաքրքրությունների տեր մարդիկ։ Նրանք սերտ հարաբերություններ են հաստատել Գյումրիի մշակութային գործիչների հետ և հատկապես սերտ հարաբերությունների մեջ էին Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, նկարիչ Հրաչյա Ռուխկյանի, ռեժիսոր Վարդան Աճեմյանի և այլոց հետ։ 

Լենինականում, լուսանկարչին աշխատակցել է նաև իր որդին` Ռաֆայելը, իսկ հետո նաև թոռը` Մկրտիչ կրտսերը։ Հոր մահից հետո Ռաֆայելը ստանձնել է լուսանկարչատան ղեկավարությունը, և աշխատացրել այն ընդհուպ մինչև իր վաղաժամ մահը 1987-ին։ Այդ տարիներին քաղաքային իշխանությունները մտադիր էին Փալանջյանների տաղավարին կից բացել թանգարան-ցուցասրահ, սակայն Ռաֆայել Փալանջյանի վախճանն ու 1988-ի երկրաշարժը խանգարեցին այդ նախագծի իրականացմանը` վերջնական ավարտի բերելով տոհմական տաղավարի գործնեությունը։ 

Մկրտիչ Փալանջյանի շուրջ յոթ տասնամյակ տևած աշխատանքը լայն հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու տաղավարային, կոմերցիոն լուսանկարչության զարգացումն ու փոխակերպումները 19-րդ դարի վերջից մինչև 1960-ականները։ Պահպանված լուսանկարները գրեթե բացառապես դիմանկարն են, որոնք կրում են ուշ-կայսերական ժամանակաշրջանի ռուսական կոմերցիոն լուսանկարչության ընդգծված ազդեցությունը։ Կարսում և Սարիղամիշում արված լուսանկարներից շատերը պատկերում են ռուս զինվորականներին և նրանց ընտանիքներին։ Դրանք պարզ, արձանագրողական բնույթի պատկերներն են, և ինչպես երևում է լուսանկարչի մի քանի այլ գործերից, նրա գեղարվեստական ճաշակն ու կերպարային անհատականությունը վերհանելու տաղանդը մեծամասամբ դրսևորվել է կանացի դիմանկարներում, ինչպես և, արդեն Խորհրդային Հայաստանում արված մշակութային գործիչների պատկերներում։ 

1) Կենսագրական տեղեկությունները տրամադրել է Աստղիկ Ռաֆայելի Փալանջյանը, 21.12.2018-ին, էլեկտրոնային նամակագրությամբ, Վիգեն Գալստյանի արխիվ, Երևան

2) Տես, Վահան Քոչար, «Լուսանկարչության հայկական ֆենոմենը», հ.33, Ազգ օրաթերթ, Երևան, սեպտեմբերի 9, 2016, https://www.azg.am/AM/culture/2016090905

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Կարս, Սարիղամիշ, Լենինական

Լուսանկարչատուն

Մ. Գ. Փալանջյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

«Մեր քաղաքի անցյալ», հ.4, Ցայգ օրաթերթ, 31 հունվարի, 2002

Հավաքածուներ

Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, Գյումրի; Վրաստանի ազգային գրադարան, Թբիլիսի

Այլ նկարներ այս հեղինակից