Արշավիր Պողոսյան
1930 - 1960 թվականներ
Հայկական վավերագրական և ռեպորտաժային լուսանկարչության ավագ սերնդի ներկայացուցիչներից Արշավիր Պողոսյանը, իր գործնեությունը մեկնարկել է 1930-ականներին։ Թղթակցել է տարբեր թերթերի և ամսագրերի, ինչպես օրինակ` «Սովետական Հայաստանին» և «Խորհրդային Հայաստանին»։ Այդ լուսանկարների մի մասը հետագայում մտել են լայն շրջանառության մեջ և վերատպվել են լուսանկարչական ալբոմներում («Սովետական Հայաստանի 40 ամյակը», 1961) ինչպես նաև բացիկների տեսքով։ Պողոսյանը 1960-ին հիմնված Հեռագործական Գործակալության ֆոտոխրոնիկայի բաժնի հիմնադիրներից էր, սակայն մի քանի տարի հետո անցել է թոշակի։(1)
Որպես ֆոտոթղթակից, Պողոսյանը զգալի ազդեցություն է թողել՝ Հայաստանում ֆոտո-ռեպորտաժային գործի զարգցման վրա։ Նրա լուսանկարներում արտացոլվում էր կոմունիստական պրոպագանդիստական մեքենայի ողջ գաղափարախոսական մեխանիզմը։ Սոցիալիստական կյանքի առաջընթացը այստեղ պատկերված էր մի քանի հստակ ձևակերպված սխեմաների միջոցով, որտեղ աշխատավոր մարդը ներկայանում է որպես արտադրող և բնության տիրակալ։ Մարդ-հերոս կերպարի գեղագիտական, կոմպոզիցիոն մշակումը նույնպես հենված է մի քանի սեղմ ու կրկնվող իկոնոգրաֆիկ ձևաչափերի վրա։ Այստեղ անհատն ու իր հասարակական դերն ներկայանում են որպես ամբողջական և անբաժանելի։ Նույն էպիկական տրամադրությամբ են օժտված նաև Պողոսյանի հայաստանյան բնանկարները, որոնցում լուսանկարիչը ձգտում է փոխանցել Հայաստանի բնաշխարհի գրեթե առասպելական ուժը, որը սակայն նույնպես «նվաճված է» մարդու կողմից, ինչպես օրինակ Պողոսյանի հանրահայտ «Սևանի ձկնորսները» լուսանկարում (1950թթ.)։
Պողոսյանի այս լուսանկարները կառուցված են պատկերի ներազդեցության կատարյալ իմացությամբ։ Դրանք ներկայացնում են լուսանկարը ոչ թե որպես փաստ, այլ իդեալիզացված ու ոգեշնչող պատկեր` որին պետք է ձգտի ընթացիկ իրականությունը։
1) (անստորագիր), «Аршавир Погосян. Севаснкие Рыбаки», Советское фото, հ.7, 1965, էջ 9
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
վավերագրական, ֆոտոթղթակից
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
(անստորագիր), «Аршавир Погосян. Севаснкие Рыбаки», Советское фото, հ.7, 1965, էջ 9