Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Աննա Դավթյան

ծն․ 1983

2000 - 2010 թվականներ

 

Լուսանկարչության բնագավառում Աննա Դավթյանը իր առաջին քայլերն է արել է 2000-ականների կեսերին, մասնակցելով Ռուբեն Մանգասարյանի ղեկավարած, Կովկասյան Մեդիա Ինստիտուտի լուսանկարչության դասընթացներին։ Մասնագիտությամբ Դավթյանը լեզվաբան է, ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը և այսօր առավել ճանաչված է որպես բանաստեղծ և արձակագիր։ Նա հրատարակել է բազմաթիվ ակնարկներ, բանաստեղծություններ և հոդվածներ, ինչպես նաև «Գիրք շնորհակալության» ժողովածուն (2012) իսկ մինչև 2014-ը աշխատել է որպես լուսանկարչության ու վիզուալ արվեստի ուսուցիչ Այբ դպրոցում։

Ինչպես և գրականության պարագայում, տեսախցիկը արվեստագետի համար դարձել է ազատ ստեղծագործության միջոց։ Դավթյանը լուսանկարում է շարքերի ձևաչափով, որոնք նա հետևողականորեն զարգացնում է տարիների ընթացքում։ Դրանք հիմնականում շոշափում են թեմաներ որոնք գտնվում են վավերագրական լուսանկարչության և ժամանակակից արվեստի սահմանների արանքում։ «Աղվեսագիրք» շարքում, օրինակ, Դավթյանը պատկերում է առօրեական թվացող գյուղական, գավառական արդի կյանքն ու կենցաղը` երիտասարդ կանանց տեսանկյունից։ Սակայն թեմատիկ այդ առանցքը ընդամենը առիթ է հանդիսանում` կանանց հասարակական դերի ու նրանց ներքին, մտերմիկ աշխարհների միջև ընկած հակասությունների փիլիսոփայական ու քննադատական հետախուզության համար։ Գործածելով վավերագրական կամ «ընտանեական» լուսանկարի գեղագիտական ձևերը Դավթյանի այս լուսանկարները կատարելապես կառուցված և բեմականացված տեսարաններ են։ Արդյունքում լուսանկարը հառնում է որպես բացարձակ ճանաչելի մի երևույթի ու միջավայրի արձանգարում և միաժամանակ այդ երևույթը տարօրինակող պատկեր-պերֆորմանս։ 

Այդ լուսանկարներում ակնհայտ է հետ-արդիական արվեստին ներհատուկ ոչհիերարխիկ հայեցակարգը, ուր չկան արվեստային բարձր և ցածր չափանիշներ կամ բացարձակ «ճշմարտություններ» և իրականության բացահայտման ընթացքը ինքին դառնում է ինքնաբավ և հեղհեղուկ գործընթաց։ Ըստ արվեստագետի, իր լուսանկարչական աշխատանքների նպատակն է ի հայտ բերել «մեջտեղի տարածքը, որտեղ իրականությունն ու երևակայությունը` որ նույն բանի երկու կողմն են, կհատվեն, կմիահյուսվեն ու դիտողին մշտական հարցի մեջ կձգեն. կյա՞նքն է, թե՞ խաղ է: Ոչ թե որ դիտողի հետ աչքկապոցի խաղանք, այլ որ նրան մի բան առաջարկվի լուսանկարչության բանաստեղծական կողմից, որ տեսողական պատկերի տակ ուռցնում է մեջքը նախադասությունների պարկի նման»:(1) 

1) Աննա Դավթյան, Արվեստագետի խոսք, Երևան, 2013

 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան

Քաղաք

Արթիկ, Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական

Մեդիա

թվային լուսանկարչություն, շարժական պատկեր

Ցուցահանդեսներ

2014: «Շառը դրախտում: կանացիության կառուցումները և լուսանկարչությունը», խմբակային ցուցահանդես, ՀայԱրտ, Երևան

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից