Յուրի Լևին
1960 - 1970 թվականներ
1957-ից, Հայաստանի հանրապետության առաջին խմբակային ֆոտո-ցուցահանդեսներում իր աշխատանքները ներկայացրած Յուրի Լևինը` հայ գեղարվեստական լուսանկարչության պատմության ուրույն դեմքերից է։ Մեզ հայտնի չէ թե երբ և որտեղ է ազգությամբ ռուս այս լուսանկարիչը սկսել զբաղվել իր մասնսագիտությամբ, սակայն Լևինի հրատարակված աշխատանքները ի հայտ են բերում մի արվեստագետի որը կարճ ժամանակաընթացքում ձևավորել էր լուսանկարչական պատկերավորման իր անհատական ոճը և հաստատուն աշխարահայցքը։ Դատելով իր` մեզ հայտնի գործերից, Լևինը լուսանկարչությամբ զբաղվել է որպես անկախ արվեստագետ և իր աշխատանքները ներկայացրել է միայն գեղարվեստական լուսանկարչությանը նվիրված տեղական և համամիութենական ցուցահանդեսներում։
Լևինի նախընտրած թեմաներում գլխավորում է մարդ-բնություն հարաբերությունը, որը նրա համար դառնում է այլաբանական ու փիլիսոփայական փնտրտունքների առիթ։ «Սպասում, «Անցյալում», «Ալեկոցություն», «Երիտասարդություն» և նմանատիպ այլ վերնագրերում պարզորոշ է երևույթները ընդհանրացնելու ու դրանց` մետաֆիզիկական կարգավիճակի բերելու միտումը։ Այդ պատկերների խիստ խմբագրված ու հակիրճ արտահայտչաձևերը նորություն էին Հայաստանյան լուսանկարչության համար, որտեղ մեծամասամբ գերիշխում էր պատումնային ու անեկդոտային մոտեցումը։ Ի դեմս դրա, Լևինի լուսանկարներում ենթական հաճախ զուրկ է կերպարային կոնկրետությունից, և փոխարենը ընդգծված է առարկայի ընդհանրացված` հուզական կամ գեղագիտական վիճակը։ Ինպես գրում է Անդրանիկ Քոչարը, «Լակոնիկ մոտեցումը Լևինի համար դարձել է նպատակակետ, իսկ տեխնիկական լուծումները` հեղինակային մտահաղացման կամ ավելի ճիշտ` մատուցման օժանդակիչներ»։ (1) Թեև այդ մոտեցումների մասին դժվար է այսօր դատել քանզի Լևինի լուսանկարները մեզ են հասել զուտ վերատպությունների տեսքով, նույնիսկ այդ վիճակում ակնհայտ է լուսանկարչական տպածոյի` նրա մանրակրկիտ ու փորձարարական մշակումները։ Դրանք միտված են շեշտելու լուսանկարի բնույթը որպես ինքնուրույն արվեստի գործ և իրենց գեղագիտական հատկություններով հաճախ ձգտում են նմանվել գեղարվեստական գրաֆիկայի։ Այս առնչությունները չափազանց բնորոշ են 60-ականների խրուսչովյան Ձնհալի ժամանակաշրջանի լուսանկարչությանը ընդհանրապես, որը փորձում էր ձերբազատվել կիրառարական վավերագրության կաղապարներից և վերադառնալ դեպի ազատ ստեղծագործության ասպարեզ։ Այս առումով, Լևինի լուսանկարները բեկումնային էին տեղական լուսանկարչության զարգացման համար, քանզի նրանք վերհանում էին իրականությունը տեսնելու և ընկալելու բազմապիսի, ինչպես նաև կատարելապես անհատական ձևաչափերը։
1)Անդրանիկ Քոչար։ «Խոսում են Յուրի Լևինի գործերը», Գարուն, 1967, հ.7, էջ68
Ազգություն
հայ, ռուս
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
գեղարվեստական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
(անստորագիր)«Языком графики», Советское фото, հ7, 1967, 38-39
Քոչար, Անդրանիկ։ «Խոսում են Յուրի Լևինի գործերը», Գարուն, 1967, հ.7, էջ66-70