Լուռ գոյություն․ Մարիամ Շահինյան
- Տարեթիվ
- Ապրիլ, 2018
- Կատեգորիաներ
- Այլ միջոցառումներ
- Վայր
- Միրզոյան Գրադարան, Երևան
Բանախոսության առաջին հատվածը կարճ կանդրադառնա 19-րդ դարի երկրորդ կեսի Թուրքիայի առավել հայտնի հայ լուսանկարիչներին ու լուսանկարչատներին, երկրորդ հատվածը այդ հետնախորքում կներկայացնի արդեն 20-րդ դարում ստեղծագործած Մարիամ Շահինյանի կյանքն ու գործունեությունը։ Մարիամ Շահինյանը Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչն է. նա ստեղծագործել է կես դար՝ 1935-1985 թթ., 1139 տուփ նեգատիվում թողել է ավելի քան 200 հազար պատկեր։ Շահինյանը մշտապես հավատարիմ է եղել իր լայնաֆորմատ ֆոտոխցիկին՝ արտադրված Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, նկարել է միայն սևուսպիտակ ժապավենով, երբեք չի փոխել իր տեխնիկական կամ էսթետիկական սկզբունքները։ Չի սիրել լուսանկարվել, նրանից մնացած վիզուալ ինֆորմացիան 4 անձնագրային չափի ու մեկ ընտանեկան լուսանկարն է։ Շահինյանի լուսանկարչական թեմատիկ ընդգրկումը պատկառելի մեծ է ու բազմազան․ նրա լուսանկարչական սարքը վավերացրել է սոցիալական ամենատարբեր խմբերից եկող մարդկանց՝ նույնասեռականների, սևամորթների, վանականների, զինվորականների, արվեստագետների, քրիստոնյաների, մահմեդականների և կանանց, ովքեր իրենց հիջաբները կարող էին հանել միայն մեկ այլ կնոջ ներկայությամբ։ Ի՞նչ է Մարիամ Շահինյանի լուսանկարչությունը. փաստագրությո՞ւն, վկայությո՞ւն։ Ինչպե՞ս էր հնարավոր Մարիամ Շահինյան լուսանկարչի գոյությունը։ Ի՞նչ են այսօր այդ պատկերները։
Բանախոսությունը կկայանա ապրիլի 27֊ին, Միրզոյան Գրադարանում, Երևան։
Բանախոս` Անահիտ Ղազարյան։
Աղբյուր` https://www.facebook.com/events/642212979455627/