Ժամանակի ստվերները
- Տարեթիվ
- Օգոստոս, 2017
- Կատեգորիաներ
- Ցուցահանդես
- Վայր
- Երևան, Հայաստանի նկարիչների միություն
Ժամանակի ստվերները: Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը, 1970-1995
«Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ներկայացնում են
«Ժամանակի ստվերները: Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995»
խորագրով անհատական հետահայաց ցուցահանդեսը Հայաստանի Նկարիչների միությունում
Բացման հանդիսավոր արարողությունը և պատկերագրքի շնորհանդեսը`
2017թ.-ի օգոստոսի 25ին, ժամը 18ին
«Ժամանակի ստվերները» լայնածավալ ցուցահանդեսը լույս է սփռում 20-րդ դարի վերջի խորհրդային լուսանկարչության անտեսված ժառանգությանը, ներկայացնելով 1970-90-ականների նշանավոր հայ լուսանկարիչներից՝ Գագիկ Հարությունյանի (ծնվ. 1946) առաջին հետահայաց ցուցահանդեսը:
«Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ կյանքի կոչված այս նախագիծն ու երկլեզու, Գերմանիայի Հալլե քաղաքում հրատարակված պատկերագիրքն ընդգրկում են Հարությունյանի ողջ ստեղծագործական ուղին պատկերող 183 աշխատանք, որոնց մեծ մասը ներկայացվում է հանրությանն առաջին անգամ:
Դեռևս 1970-ականների սկզբին ճանաչված որպես վավերագրական լուսանկարչության վարպետ՝ Գագիկ Հարությունյանի լուսանկարները տարիներ շարունակ հրապարակվել են տեղական և համամիութենական պարբերական մամուլում:
Նա միակ խորհրդահայ լուսանկարիչն է, որը պատկերել է Աֆրիկան և յուրատիպ շարքերով անդրադարձել Լատվիային, Էստոնիային, Ֆրանսիային, Բելգիային, Ավստրիային և այլ երկրների:
Սակայն Հարությունյանի հիմնային նպատակն էր ստեղծել Հայաստանի կերպարանափոխվող հասարակության իրապես վերլուծական դիմանկարը, որը նա հետևողականորեն կառուցել է գործածելով հետազոտական պատկերաշարերի նորարական ձևաչափը:
1990-ականների վերջերին, խորը հիասթափություն վերապրած արվեստագետը ոչնչացրել է իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն: Պահպանված սևապատկերներից երկու հարյուրը վերականգնվել ու տպվել են այս նախագծի իրականացման համար անհրաժեշտ վեց տարվա ընթացքում:
Եվ այսպես, Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսում մեկտեղված լուսանկարները ընդգծում են Հարությունյանի տեսլականի զարգացումը` 1970-ականների Հայաստանի բանաստեղծական պատկերավորումներից մինչև բարդ փիլիսոփայական հարցադրումներով հագեցած նրա վերջին պատկերաշարքերը:
«Ժամանակի ստվերները» բազմանկյուն ցուցահանդեսը նորովի է բացահայտում Գագիկ Հարությունյանի լուսանկարչական ստեղծագործության լայնամասշտաբ համայնապատկերը և հաստատում դրա առանցքային կարևորությունն արդի ու ժամանակակից հայ արվեստի պատմության համար:
Համադրող` Վիգեն Գալստյան
Նախագծի ղեկավար՝ Սոնա Հարությունյան