Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Շտեմարանի նախագծման և կառուցման աշխատանքները իրականացրել է Լուսադարան հայ լուսանկարչության հիմնադրամը, 4 Պլյուս Վավերագրական Լուսանկարչության Կենտրոնի աջակցությամբ:

Նախագծի հղացքի, մշակման և կազմակերպման հեղինակն է Լուսադարանի համա-տնօրեն, արվեստաբան, համադրող Վիգեն Գալստյանը:

Շտեմարանի գիտա-հետազոտական աշխատանքներին մասնակցել են արվեստաբաններ Անի Հարությունյանը և Մարինե Հովակիմյանը:

Կայքի ձևավորումը` Նվարդ Երկանյան

Թարգմանիչ` Թագուհի Թորոսյան

Պատճենահանում` Վիտալիյ Միրզոև

Կայքի ծրագրավորող` Աղասի Լորսաբյան, «ԻԹԱՎ» ՍՊԸ:

Շտեմարանում ընդգրկված բոլոր տեսողական և տեքստային նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին և պաշտպանված են ՀՀ-ի սահմանադրական օրենքներով:

Շտեմարանի նախագծումն ու կառուցումը իրագործվել է Հայաստանի Մշակույթի Նախարարության ֆինանսական աջակցությամբ: 

Շտեմարանի համար նյութեր կամ տվյալներ առաջարկելու համար, խնդրում ենք դիմել մեզ հետադարձ կապով:

 

Շտեմարանի նյութերը ներկայացված են հետևյալ կարգով.

  • Գործիչների բաժնում նշված են լուսանկարիչների անունները և մեզ հայտնի կենսագրական տվյալները: Լուսանկարչատների պարագայում տրվում է գլխավոր լուսանկարչի անունը, ով տնօրինում էր սույն գործը: Որոշ պարագաներում, երբ լուսանկարչատան ծավալները հատկապես խոշոր էին և այն ընդգրկում էր բազում գործիչներ (օրինակ` Աբդուլլահ Եղբայրների դեպքում), նշված է նաև լուսանկարչական ֆիրման որպես առանձին մուտքագրում: Լուսանկարիչների կենսագրական տեղեկությունները և հոդվածները գրված են հիմնվելով փաստա-վավերագրական նյութերի վրա, որոնց հղումները տրված են հոդվածներում և առանձին ներկայացված մատենագրության մեջ: Գործիչների ազգությունը սահմանված է ըստ իրենց էթնիկ-համայնքային պատկանելիության և քաղաքացիության: Նշված են նաև լուսանկարիչների և արվեստագետների ցուցահանդեսային մասնակցության տվյալները: Տարածաշրջանները և աշխատանքային վայրերը ներկայացված են իրենց պատմական անվանումներով:
  • Պատկերասրահներում ներկայացված են լուսանկարիչների` մինչև հիսուն աշխատանք: Յուրաքանչյուր պատկերասրահ կցված է արվեստագետի կենսագրական թերթիկին: Տրված է առանձին լուսանկարների անվանումը, թվականը, ընդհանուր ժամանակաշրջանը, ժանրը, ստեղծման տարածաշրջանը, մեդիան, վերատպության աղբյուրը և, առկայության դեպքում, հեղինակային իրավունքները: Հաշվի առնելով լուսանկարչության վերարտադրողական բնույթը, հարկ չենք համարել նշել լուսանկարների չափսերը, քանզի բազում պատկերներ մեզ հասել են հիմնականում մամուլի մեջ վերատպությունների տեսքով: Լուսանկարների գործածումը կրում է զուտ գիտա-հետազոտական բնույթ և չի պարունակում որևե կոմմերցիոն նպատակ: Հնարավորության դեպքում հեղինակներից և ժառանգներից հայցվել է գրավոր թույլտվություն վերատպությունների համար: «Բաց աղբյուրներից» օգտվելու դեպքում տրված է սույն աղբյուրի հղումը: Մամուլից պատճենահանված լուսանկարները որոշակի չափով մշակված են համակարգչային ծրագրերի միջոցով:
  • Գրադարանում ընդգրկված գրքերն ընտրվել են հետևյալ սկզբունքով: Դրանք հիմնականում Հաստանում և սփյուռքում հրատարակված լուսանկարչական ալբոմներ են, հայ լուսանկարիչների ֆոտոգրքեր, Հայաստանում տպագրված լուսանկարչական ցուցահանդեսների կատալոգներ, հետազոտական հրատարակություններ որոնք առնչվում են հայ լուսանկարչության պատմությանը, ինչպես նաև Հայաստանը ու հայկական թեմատիկան ներկայացնող արտասահմանյան ֆոտո-ալբոմներ: Գրադարանում նաև ընդգրկված կլինեն այն նշանակալի հոդվածները որոնք լուսաբանում են հայ լուսանկարչության պատմությունը կամ առանձին գործիչների ստեղծագործությունը: Առկայության դեպքում կտրամադրվի տվյալ հրատարակության թվային տարբերակը նույնպես:
  • Տարեգրության բաժնում ներկայացրել ենք տեղեկություններ ընթացիկ, ապագա և անցյալ լուսանկարչական միջոցառումների մասին որոնք տեղի են ունեցել Հայաստանի տարածքում, անցկացվել են սփյուռքի գաղթոջախներում կամ նվիրված են եղել հայ լուսանկարիչների գործնեությանը: Բաժնի նպատակն է հավաքագրել տեղեկություններ բոլոր նմանատիպ միջոցառումների և պատմական կարևոր դեպքերի մասին ընդհուպ մինչև 1850-ականները: Յուրաքանչյուր միջոցառման պարագայում տրված է համառոտ նկարագրությունը, վայրը, թվականը և առցանց կամ մատենագրական հղումը սկզբնաղբյուրին:

 

Հայ լուսանկարչության պատմագրության գործը դեռևս գտնվում է իր սկզբնավորման փուլում: 1980-ական թվականներից հետո ի լույս տեսան այդ առարկային նվիրված մի քանի կարևոր աշխատություններ որոնք, սակայն հատվածային բնույթ էին կրում կամ հիմնված չէին գիտա-հետազոտական սկբունքների վրա:

Սույն շտեմարանը առաջին փորձն է ներկայացնելու հայ լուսանկարչության պատմության համընդհանուր ուրվագիծը գիտական տեսանկյունից: Նախագծի հիմնական նպատակն է փաստագրական միջոցներով անդրադառնալ բուն` «հայ լուսանկարչություն» գաղափարի տեսական և պատմագրական բնորոշման խնդրին:

Լինելով տեխնիկական արվեստ, որն իր սկզբնավորումից իսկ կրում էր համամարդկային բնույթ և ուներ համաշխարհային տարածում, լուսանկարչության «ազգային» բնորոշումները մնում են չափազանց խնդրահարույց:

«Հայ» լուսանկարչության պարագայում նման ձևակերպման փորձը էլ ավելի է բարդանում հաշվի առնելով այն պատմական հանգամանքները որոնց ներքո աշխատել են հայազգի լուսանկարիչները: Տվյալ դեպքում անհրաժեշտ է դառնում բնորոշել թե ինչ նկատի ունենք «ազգային» տերմինը գործածելիս և ինչպես ենք հասկանում դրա կապակցությունը արվեստի հետ:

1970-ականներից սկսած, «ազգային»-ի հասկացողությունները ենթարկվել են արմատական հարցադրումների և փոփոխությունների: Բազմաթիվ տեսաբանների, պատմաբանների և փիլիսոփաների աշխատանքների շնորհիվ այսօր հնարավոր է պնդել որ ազգայինը բացառապես պատմա-քաղաքական երևույթ է: Ինչպես 1991-ին պնդում էր հայտնի տեսաբան Բենեդիկտ Անդերսոնը, ազգը, դա`

«…երևակայական քաղաքական համայնք է… Այն երևակայական է քանզի նույնիսկ ամենափոքր ազգության անդամները երբեք չեն ճանաչի ու ծանոթանա իրենց համա-անդամների մեծամասնությանը կամ նույնիսկ լսի նրանց մասին: Սակայն յուրաքանչյուրի մտքում ապրում է նրանց միասնականության պատկերը… [Այսպիսով] Համայնքները չպետք է տարբերակվեն իրենց կեղծությամբ կամ իսկությամբ, այլ այն ոճով որով նրանք երևակայացված են»:

Հետևելով Անդերսոնի դրույթին, կարելի է ասել որ ժամանակակից հայ ազգայնականությունը համաշխարհային արդիականության արդյունք է, որի հիմքում են ընկած 18-19-րդ դարերի լուսավորչական գաղափարները: Այսինքն, ազգայինի հիմնավորումը դառնում է ոչ թե էթնոսը կամ կրոնը այլ պատկանելիությունը քաղաքականցված գաղափարային մոդելի: Լինելով թե քաղաքական և թե մշակույթային գործառույթների հետևանք, հայ արվեստը նույնպես պետք է դիտարկել այս շրջանակների մեջ, որոնք իրենց ուրվագիծը ստացան 19-րդ դարի 60-ականներին: Հենց այդ տարիներին է լուսանկարչությունը դառնում զանգվածային մշակույթային երևույթ Միջին Արևելքում, Կովկասում և հայ գաղթոջախներում:

Մոտ ութ տասնամյակների ընթացքում, ընդհուպ մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը, տարածաշրջանում գործող լուսանկարիչների զգալի հատվածը էթնիկ հայեր էին որոնք հիմնովին ներգրավված էին իրենց համայնքների մշակույթային կյանքի մեջ: 1950-ականներից սկսած, սակայն իրադրությունը կտրականապես փոխվում է: Ի հայտ է գալիս լուսանկարիչների նոր սերունդ որը` ծնված լինելով Հայոց Ցեղասպանությունից հետո, աշխարհի տարբեր քաղաքներում, հետզհետե կորցնում է իր առնչությունը հայ իրականության և մշակույթի հետ: Նույն կերպ, Խորհրդային Հայաստանի մշակույթային կյանքում իրենց ակտիվ գործնեություն են ծավալում այլազգի լուսանկարիչներ, որոնց աշխատանքները կարևոր ներդրում են Հայաստանի, նրա քաղաքացիների և առօրյա կյանքի պատկերավորման և ներկայացման գործում: 

1950-ականներին նաև իր ավարտին է հասնում «դասական» լուսանկարչության ձևավորման փուլը, որից հետո այդ միջոցը ստանում է կատարելապես զանգվածային բնույթ: Մասնագիտացված լուսանկարչական գործը կտրուկ անկում է ապրում, տեղի տալով բազմապիսի նոր լուսանկարչական դրսևորումների` թե մշակույթի և թե արվեստի բնագավառներում: 21-րդ դարի թվային տեխնալոգիաների առաջընթացը բեկումնային դեր կատարեց այս միջոցի կերպարանափոխության մեջ: Այսօր լուսանկարչության մասին հասկացողությունները չի կարելի սահմանել կամ սահմանափակել զուտ անշարժ կադրի կարգավիճակով: Լուսանկարը նաև շարժական է, տևողական, անցողիկ ու փոփոխական: Այն տեղ է գտել ամենուր – զանգվածային մեդիաներից, սոցիալական ցանցերից սկսած մինչև թանգարանային պատը: Փոխվել է նաև մեր վերաբերմունքը պատմական լուսանկարչության արժեքի ու գործառույթների հանդեպ: Վերակոնտեքստավորման դեպքում հասարակ, սիրողական բնույթի լուսանկարը կարող է դառնալ կամ «խաղալ» արվեստի գործ:

Հայաստանում այս զարգացումները ունեն իրենց ուրույն ձևակերպումները, որոնք հիմք են հանդիսացել շտեմարանի նյութերի ընտրության և կազմակերպման մեջ գործածված մեր` հետևյալ մոտեցումներին:

  • Շտեմարանում ընդգրկված են մինչև 1950թ-ը գործող գրեթե բոլոր հայ պրոֆեսիոնալ լուսանկարիչները և լուսանկարչատները: Անկախ դրանց գործնեության տևողությունից կամ գեղարվեստական որակից, համարում ենք որ այդ գործիչների ժառանգությունը հանդիսանում է հայ իրականությունը լուսաբանող պատմա-մշակույթային արժեք և հետևողական լուսաբանման և դասակարգման կարիք ունի հայ արդի մշակույթի համատեքստում:
  • Հաշվի առնելով հայ լուսանկարչական գործի ցանցային, համայնքային և ընտանեկան բնույթը, շտեմարանում ընդգրկել ենք հայ գաղթօջախներում, մինչև 1950թ-ը գործող լուսանկարիչներին ևս: Իրենց արխիվները այսօր հանդիսանում են որպես այս գաղթօջախների կյանքը պատկերող կարևորագույն վավերագրեր:
  • 1950-ականներից հետո ասպարեզ իջաց լուսանկարիչների ընտրությունը սահմանել ենք ըստ գործիչի մասնագիտական կարգավիճակի և նրա աշխատանքի պատմա-մշակույթային, ինչպես և գեղարվեստական նշանակությանը:
  • 20-րդ դարի երկրորդ կեսին հանդես եկած հայ լուսանկարիչների ընտրությունը կատարելուց կենտրոնացել ենք հիմնականում Խորհրդային և անկախ Հայաստանում աշխատող լուսանկարիչների և արվեստագետների ընտրության վրա: Ընդգրկված են նաև սփյուռքում և արտասահմանում գործող այն հայ և օտարազգի լուսանկարիչներն որոնք անմիջական և նշնակալի ներդրում են ունեցել հայ իրականության պատկերման գործում:
  • Լուսանկարչական արվեստների բնագավառում գործող ժամանակակից հայ լուսանկարիչներն ու արվեստագետները շտեմարանում ներառված են ըստ գործիչների կայացվածության մասնագիտական տարբեր ոլորտներում: Հաշվի է առնված հատկապես արվեստագետների ներկայությունը հանրային և մասնագիտական տիրույթներում` ցուցահանդեսների և հրապարակումների միջոցով:
  • Շտեմարանում ընդգրկված են արդի և ժամանակակից այն արվեստագետները որոնք նշնակալի աշխատանքներ են ստեղծել լուսանկարչական միջոցներով:
  • Նկատի ունենալով լուսանկարչության տեսության վերջին տասնամյակների զարգացումները, և «լուսանկարչություն» հասկացողության ընդլայնված, արդի պարագծերը, հարկ ենք համարել շտեմարանում ներառել շարժական պատկերի տարբեր ձևաչափերը գործածող և հատկապես վիդեո-արտով զբաղվող ժամանակակից հայ արվեստագետներին:
  • Կայքի արխիվային բաժնում ներառված են հրատարակություններ և հոդվածներ որոնք անմիջական առնչություն ունեն հայ լուսանկարչության պատմության, ինչպես նաև հայ իրականության պատկերման հետ:
  • «Տարեգրություն» բաժինը ընդգրկում է Հայաստանում տեղի ունեցած լուսանկարչական միջոցառումների մասին համառոտ տեղեկություններ: Այստեղ նաև նշված են այն միջազգային միջոցառումները որոնք կապված են հայ լուսանկարիչների ստեղծագործության և հայ լուսանկարչության պատմության հետ:

Նշված մոտեցումները անշուշտ ունեն խնդրահարույց կետեր և ենթակա են վերանայման ու քննարկման: Մեր հույսն է որ շտեմարանի ստեղծումը և շարունակական համալրումը կհանդիսանան այդ խնդիրների տեսական, գիտական և հասարակական ուսումնասիրության, լուսաբանման և մեկնաբանման առիթ: