Ֆոտո Վարժաբեդյան
1920 - 1930 թվականներ
Եգիպտոսի Զագազիգ քաղաքում գործող այս հայ լուսանկարչի մասին կենսագրական տեղեկություններ մեզ չեն հասել։ Հայտնի է միայն որ Վարժաբեդյանը ազգակցական կապեր չի ունեցել Կահիրեում` 1940-70-ականներին աշխատող Գարո Վարժաբեդյանի հետ։(1) «Ֆոտո-Վարժաբեդյան» արվեստանոցի լուսանկարները վերաբերվում են 1920-30-ականներին, որից հետո լուսանկարչատունը ամենայն հավանականությամբ փակվել է։
Վարժաբեդյանի` մեզ հայտնի տասնյակ դիմանկարները տպագրվել են փոստային բացիկ-լուսանկարների ձևով։ Առաջին հայացքից դրանք ժամանակի տաղավարային լուսանկարչության համար օրինաչափ դիմապատկերներ են, այդ ձևաչափին ներհատուկ բոլոր պարագաներով` բնանկարչական ետնապատկերով, նեղ լուսարձակով ու թատերական կեցվածքներով։ Սակայն ժանրի սահմանափակ կանոնների ներքո, շոշափելի են լուսանկարչի բավականին հղկված ու հաստատուն անհատական աշխատելոճն ու հայացքը։ Լուսանկարելով իր պատիրատուներին, Վարժաբեդյանը չէր սահմանափկվում լոկ հաճոյադեմ նմանակումներ ստանալով, այլ փորձում էր ստեղծել վառ անհատականությամբ լի իրական կերպարներ։ Նրա դիմանկարներում մարդիկ հաճախ կատարում են որոշակի` անհատականությունը բացահայտող գործողություն կամ գտնվում են յուրօրինակ տրամադրություն ստեղծող միջավայրում։ Ներգրավելով իր մոդելներին այդ թատերականացված ինքնա-բեմադրության մեջ, Վարժաբեդյանը վերհանում էր ոչ միայն նրանց բնավորության առանձնահատկությունները այլ նաև շեշտում էր իր հաճախորդների էրոտիկ գրավչությունը։
Ուշագրավ են նաև լուսանկարչի տաղավարի ինտերյերի փոփոխությունները։ Նրա արվեստանոցի ռոմանտիկ, հովերգական ոճով նկարված բնանկարային ետնապատկերները, 1930-ականների սկզբին փոխարինվում են եռաչափ երկրաչափական ֆորմաներով, ինչը ազդանշում էր տեղական տաղավարային լուսանկարչության անցումը պատկերապաշտական ձևաչափերից դեպի մոդեռնիստական «մաքուր» ոճը։
1) Այս տեղեկությունը հայտնել է Գարո Վարժաբեդյանի որդին` Վահե Վարժաբեդյանը, իմեյլ հաղորդագրությունով, 13.08.2018-ին
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Զագազիգ
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան