Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Վարդան Տերունյան

1888 - 1954

1900 - 1950 թվականներ

20-րդ դարի սկզբում, Սիրիայում գործող ականավոր լուսանկարիչ Վարդան Տերունյանը իր ստեղծագործական ուղղին սկսել է Բեյրութում։ Օսմանյան Կայսրությունում գտնվող Անջրդի գյուղում նախնական կրթությունը ստանալուց հետո, Տերունյանը արտագաղթել է և շուրջ երեք տարի աշակերտել է Բեյրութի հայտնի Սարաֆյան եղբայրների լուսանկարչատանը։ Այդուհետ մեկնել է Սուդան ուր որոշ ժամանակ աշխատելուց հետո Առաջին Համաշխարհային Պատերազմի նախաշեմին ստիպված է եղել տեղափոխվել Կահիրե։ Տերունյանն անմիջապես աշխատանքի է ընդունվել քաղաքի առավել ճանաչված լուսանկարիչների մեկի` Հենսլմանի արվեստանոցում որպես օպերատոր։(1) Թերևս հենց այս, շվեցարացի լուսանկարչի աջակցությամբ է Տերունյանն ծանոթացել եվրոպական լուսանկարչության ավելի արդիական ու արվեստային մոտեցումերին, որոնք նա հետագայում կիրառելու էր իր ինքնուրույն գործնեության մեջ։

Առաջին աշխարհամարտի ավարտին, Տերունայանը տեղափոխվել և մշատկան բնակչություն է հաստատել Հալեպում, ուր 1910-ականների վերջին հիմնել է սեփական լուսանկարչատունը։ Դիմանկարչական պատվերներից զատ, Դերունյանը նաև լայնածավալ աշխատանք է կատարել այլ լուսանկարչական ժանրերում։ Հետաքրքրական է հատկապես այն որ 1920-ականների սկզբին, Սիրիայի ֆրանսիական կառավարությունը նրան պատվիրում է լուսանկարել տարածաշրջանի` Ալեքսանդրետիա և Անտիոքի հունա-հռոմեական դարաշրջանի պատմական հուշարձանները։ Այդ լուսանկարները ծառայում էին ոչ միայն գիտական նպատակների այլև կիրառվում էին որպես գաղութական իշխանության կառավարչական համակարգի պրոպագանդման գործիք. հուշարձանների այդ պատկերները օգտագործվելու էին տեղական կառավարության դրոշմների համար։ Միևնույն ժամանակ, Դերունյանը լուսանկարել է Սիրիայի և հատկապես Հալեպի բազմաթիվ տեսարժան վայրերը, փողոցային տեսարաններն ու բնակիչներին` իրենց առօրյա կենցաղային և հասարակական միջավայրում։ Այդ փողոցային լուսանկարներից շատերը տպագրվել և տարածվել են ֆոտո-բացիկների տեսքով։

Դերունյանի երկարատև ստեղծագործության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում Ցեղասպանությունից փրկված և Սիրիայում հաստատված հայ գաղթականների կյանքը պատկերող ծավալուն պատկերաշարքը։ Նա հետևողականորեն արձանագրել է վերապրածների` կյանքի ու կենցաղի վերակառուցման հաստատակամ ջանքերըև այդ լուսանկարների շնորհիվ այսօր հնարավոր է պատկերացում կազմել սիրիահայ համայնքի կազմավորման այդ անցումնային ու դժվարին փուլի մասին։ Դերունյանի վավերագրական լուսանկարները տվյալ դեպքում առանձնահատուկ նշանակություն ունեն, քանզի գաղութական ճամբարների պատկերումը կրում էր տեղեկատվական ու պրոպագանդիստական բնույթ։ Դրանք ոչ միայն արձանագրում էին այդ գաղթօջաղների տնտեսական կեցությունը այլև փաստագրում ու փոխանցում էին օսմանյան կայսրության հայերի` ավանդույթ դարձաց սովորույթներն ու արհեստները։ Հրատարակվելով սփյուռքահայ պարբերականներում և հատկապես Near East Relief բարեգործական կազմակերպության կողմից, Դերունյանի այս վավերագրական լուսանկարները ուղղակիորեն միտված էին խրախուսելու ու աջակցելու պանդխտության մեջ գտնվող ծվատված հայ համայնքների վերակենդանացումը։(2) Դրանք նաև տեղական ֆոտո-ռեպորտաժի առաջին դրսեվորումներից են Սիրիայում և հայկական սփյուռքում։

Հետագա տարիներին Դերունյանը հավասարաչափ պահպանել է իր զուգահեռ գործնեությունը տաղավարային և վավերագրական լուսանկարչությունում։ Նրան այդ գործում աջակցել են իր երկու եղբայրները` Հակոբն ու Ֆիլիպը։(3) Դերունյանների արվեստանոցը կարևոր դեր է կատարել սիրիահայ այլ երիտասարդ լուսանկարիչների կայացման համար։ 1950-ականների սկզբին Դերունյանի մոտ աշակերտել է միջազգային ճանաչում վայելող ֆոտո-թղթակից Հարի Գունդաքջյանը։(4)

1) Կենսագրական տվյալները` Թեոդիկ։ «Վարպետ լուսանկարիչ մը», Ամենուն Տարեցոյցը, 1928, էջ 549-550

 

2) նույն տեղում, էջ 550

3) El-Hage, Badr. Des photographes à Damas: 1840-1918, Marval, 2000

 

4) Lola Koundakjian, 'Remembering Harry the Horse', April 21, 2016, www.horizonweekly.ca, https://horizonweekly.ca/en/84847-2/

Ազգություն

հայ, սիրիացի, օսման

Տարածաշրջան

Սիրիա, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Կահիրե, Բեյրութ, Հալեպ

Մասնագիտացում

գեղարվեստական, լուսանկարչատուն, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Թեոդիկ։ «Վարպետ լուսանկարիչ մը», Ամենուն Տարեցոյցը, 1928, էջ 549-550

Տերունյան, Վարդան։ Ծալապատիկ. յուշապատկերներ Մայր Սփյուռքի հայ գաղութեն, Ծիլ ու Ծառ, Լոս Անջելես, 2003

El-Hage, Badr. Des photographes à Damas: 1840-1918, Marval, 2000

Terounian, Vartan. Alep et ses environs, Nareg Publications, Aleppo, 2006

 

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից