Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գեորգիյ (Գեվորգ) Մակարովիչ Տեր-Օվանեսով (Տեր-Հովհաննիսյան)

1925 - 2007

1940 - 1990 թվականներ

Խորհրդային կինո և հրապարախոսական լուսանկարչության բնագավառի նշանավոր վարպետներից է մոսկվաբնակ Գեորգիյ Տեր-Օվանեսսովը։ Նա ծնվել է Սամարքանդում և դեռևս մանկության տարիներից տարված է եղել լուսանկարչությամբ։ Հայրենական Մեծ Պատերազմում իր մասնակցության համար, որպես պարգև ստացել է իր առաջին մասնագիտական տեսախցիկը, որով էլ սկսել է աշխատել որպես ֆոտոկոմբինատի լուսանկարիչ Մոսկվայում։(1)

1950-ականների սկզբին Տեր-Օվանեսովին աշխատանքի են հրավիրում «Վեչերնայա Մոսկվա» թերթում որպես ֆոտոթղակից, իսկ 1958-ին նա դառնում է «Սովետսկիյ էկրան» ամսագրի առաջին հաստիքային լուսանկարիչը։ Հենց այդ ամսագրի հետ է կապվում լուսանկարչի հետագա գործնեության գլխավոր հետագիծը` դերասանների և կինո-դրվագների նկարահանումը։ 1960-70-ականների ընթացքում, այդ գործում նա թերևս ամենաճանաչվածն էր ԽՍՀՄ-ում։ Խորհրդային կինոյի աստղերի նրա հարյուրավոր դիմանկարները տպագրվել են միութենական մամուլի բոլոր մշակութային պարբերականներում։ Որպես հատուկ ֆոտոթղթակից, Տեր-Օվանեսովը նաև համագործակցել է «Սովետսկիյ ֆիլմ», «Նովոստի կինո», «Իսկուստվո կինո» ամսագրերին և «Սոյուզինֆորմկինո» ու «Սովէքսպորտֆիլմ» հրատարակչություններին։ Նրա հեղինակած կինո-դերասանների դիմանկարները նաև հրատարակվում էին բացիկների տեսքով, որոնք մեծ տպաքանակներով տարածվում էին ԽՍՀՄ-ի բոլոր անկյուններով մեկ։

Տեր-Օվանեսովը սերտ ընկերական հարաբերություններ է ունեցել հայ կինո-գործիչների` հատկապես Ֆրունզիկ Մկրտչյանի, Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Դմիտրի Քեոսայանի հետ։ Լուսանկարել է մի շարք անվանի հայ դերասանների, ինչպես նաև ստեղծել «Բարև, ես եմ» ֆիլմի ֆոտո-դրվագները։ Ըստ դերասան Նիկոլայ Կրյուչկովի հենց Տեր-Օվանեսովն է համոզել Ֆրունզիկ Մկրտչյանին նկարահանվել Գեորգիյ Դանելայի «Միմինո» ֆիլմում։(2) Լուսանկարիչն ինքն է խաղացել մի շարք ֆիլմերում որպես երկրորդ պլանի դերակատար և հեղինակել է պատերազմյան թեմայով երկու խաղարկային ֆիլմերի սցենարներներ։ Աշխատելով ընդհուպ մինչև 1980-ականների վերջերը, Տեր-Օվանեսովը պարգևատրվել է պետության կողմից՝ 2005-ին ստանալով Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչի կոչում։ 

Կինո-գործիչների և հատկապես դերասանների իր դիմանկարներում լուսանկարիչը ջանում էր փոխանցել ոչ թե նրանց «աստղայնությունը», այլ այդ անհատների ետ-կադրային, առօրեական ինքնությունը։ 1960-ականների վերջերից լուսանկարիչը հետզհետե հրաժարվում է տաղավարային լուսանկարահանումներից, փոխարենը ձգտելով կերպարի ավելի ստույգ և վավերագրական ներկայացմանը` աշխատանքային կամ անձնական միջավայրում։ Անսեթևեթ այդ դիմանկարներում էկրանի հերոսները հառնում են որպես հասարակ մահկանացուներ, որոնց հավաստի անմիջականությունը դառնում է Տեր-Օվանեսովի լուսանկարների բարյացկամ հմայքի գրավականը։ 

1) Рипсиме Галстян, «Фотохудожник Георгий Тер-Ованесов. О друге Фрунзика Мкртчяна и Евгения Евстигнеева», https://www.armmuseum.ru, 29.11.2017, https://www.armmuseum.ru/news-blog/2017/11/29/--2

2) Николай Крючков и Тер-Ованесов, Георгий. Художник-фотограф Георгий Тер-Ованесов, բացիկների հավաքածու, ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն, Մոսկվա, 1986

Ազգություն

հայ, ռուս

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ, ՌԽՖՍՀ, Ռուսաստան

Քաղաք

Սամարկանդ (ծն.), Մոսկվա

Մասնագիտացում

գեղարվեստական, գովազդային, լուսանկարչատուն, վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Галстян, Рипсиме. «Фотохудожник Георгий Тер-Ованесов. О друге Фрунзика Мкртчяна и Евгения Евстигнеева», https://www.armmuseum.ru, 29.11.2017, https://www.armmuseum.ru/news-blog/2017/11/29/--2

Крючков, Николай и Георгий Тер-Ованесов. Художник-фотограф Георгий Тер-Ованесов, բացիկների հավաքածու, ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն, Մոսկվա, 1986

Այլ նկարներ այս հեղինակից