Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արամ Մինասի Վրույր (Մաքաշչյան)

1863 - 1924

1880 - 1920 թվականներ

Ցարական շրջանի հայկական թատրոնի կարկառուն և ակտիվ ներկայացուցիչներից մեկը` Արամ Վրույրը իր կյանքի գրեթե ողջ ընթացքում զուգահեռ զբաղվել է նաև լուսանկարչությամբ։ Առաջին քայլերը այդ բնագավառում սկսել է դերասանական գործից փոքր ինչ ավելի շուտ, Կոնստանդնուպոլսից Թիֆլիս տեղափոխվելուց հետո։ 1878 կամ 79 թվականին ծանոթանալով Արևմտյան Հայաստանից նույնպես ներգաղթած Հովհաննես Քյուրքչյանին, Վրույրը անցնում է նրա մոտ աշխատանքի որպես օգնական, երևակելով և տպագրելով Քյուրքչյանի Անիում արված պատմական հուշարձանների ստվերապատկերները։ Պետք է ենթադրել որ նա հենց Քյուրքչյանից է ձեռք բերել լուսանկարչական գիտելիքնե և հատկապես ստերեոսկոպիկ լուսանկարչության տեխնիկան։ Երբ Քյուրքչյանը լքում է Հայաստանը և Թիֆլիսը` ենթադրաբար հակա-ցարիստական գործնեության համար հետապնդումներից խուսափելու պատճառով, Վրույրը 1882-ին մտնում է թատրոն և շրջիկ թատերախմբերի հետ ներկայանում Թիֆլիսի, Բաքվի, Ալեքսանդրապոլի, Կոնստանդնուպոլսի և այլ կովկասյան քաղաքների հայկական բեմերում։(1)

Ֆինանսական դրությունը, ինչպես նաև հայ մշակութային ժառանգության պահպանման ու ուսումնասիրման հարցը, Վրույրին դրդում են շարունակել լուսանկարչական աշխատանքը, կենտրոնանալով պատմամշակութային կառույցների վավերագրման վրա։ 1890-ականների ընթացքում նա սեփական միջոցներով մի քանի արշավ է նախաձեռնել Արևելյան Հայաստանի գավառները, լուսանկարելով Շիրակի, Լոռիի, Անիի և Էջմիածնի շրջակայքում գտնվող հուշարձանները, որոնցից կազմել է չորս ստերեոսկոպիկ լուսանկարների հավաքածու։ Դրանցից երկուսը նվիրված էին Անիի ավերակներին և ակնհայտորեն նպատակ ունեին շարունակել Հովհաննես Քյուրքչյանի անավարտ նախագիծը։ Ինչպես ժամանակին գրել է պատմաբան Լեոն, Վրույրի 1904-ին հրատարակված «Ս. Էջմիածին ու շրջակայք» ժողովածուն վաճառվում էր շատ մատչելի գնով «25 պատկերի համար 6 ռուբլի։ Ավելի էժան գին նշանակել անկարելի էր, այնպես որ մեր հասարակությանը մնում է խրախուսել այդ անխոջ աշխատավորին։ Խրախուսել հարկավոր է մանավանդ այն պատճառով որ պ. Վրույր դեռ շատ բան ունի տալու։ Հարյուրավոր պատկերներ է պատրաստել... Որպեսզի հասարակության միանգամայն մատչելի լինեն այդ ժողովածուները, պ. Վրույր հրատարակում է նրանց մաս-մաս, նշանակելով էժան գին։»(2)

Լուսանկարչի` հասարակական օգուտ հետապնդող այս գործնեությունը գնահատավում էր ոչ միայն հայ մտավորականների կողմից այլ նաև արժանանում է լեզվաբան-հնագետ Նիկողայոս Մառի ուշադրությանը ով 1904-ին հրավիրում է Վրույրին մասնակցելու Անիի պեղումներին որպես վավերագրող լուսանկարիչ։ Անդամակցելով մինչև 1917 թվականը տևող այս արշավախմբին, Վրույրին հաջողվում է լուրջ մասնագիտական հիմքերի վրա դնել հնագիտական լուսանկարչությունը Հայաստանում, ստեղծելով լուսանկարչական վավերագրերի մի ստվար արխիվ որն այսօր անփոխարինելի նշանակություն ունի Հայաստանի պատմաճարտարապետական ժառանգության ուսումնասիրության համար։ Շուրջ երեսուն տարիների ընթացքում նա վավերագրել է ոչ միայն Անիի այլև Կարսի, Արարատյան դաշտավայրի, Վանի, ինչպես նաև Ջուղայի հարյուրավոր կոթողներ, որոնցից շատերը այսօր գոյություն չունեն, ինչպես օրինակ 1921 թվականին ոչնչացված Գագիկ Բագրատունու հայտնի արձանը և Անիի թանգարանի հավաքածուն։ Հենց Արամ Վրույրի անմիջական հետազոտությունների շնորհիվ են գտնվել նաև Գագկաշեն եկեղեցու ավերակները։ Լուսանկարչական արխիվացման գործում Վրույրին աջակցել է ավագ որդին` Արտաշեսը, ով հետագայում շարունակելու էր հոր աշխատանքը մասնակցելով արդեն Խորհրդային Հայաստանում իրականացվող հնագիտական պեղումներին և դաշտային ուսումնասիրություններին։

Վրույրի ճարտարապետական լուսանկարները առանձնանում են հուշարձանի ծավալային և միջավայրային առանձնահատկությունների հավաստի և ճշգրիտ ներկայացմամբ։ Հրաշալի հասկանալով օպտիկական մեխանիկայի կանոնները նա ջանում էր խուսափել տարատեսակ տեսողական խեղումներից ու երկար և մանրակրկիտ զննում էր յուրաքանչյուր կառույցը, ընտրում դիտակետը ու սպասում լուսավորման առավել բարենպաստ պայմաններին նախքան այն լուսանկարելը։ Փաստա-վավերագրական այս ուղղվածությունը սակայն զերծ է հնագիտական լուսանկարչությանը բնորոշ պատկերային չորությունից ի շնորհիվ Վրույրի նուրբ կոմպոզիցիոն լուծումներին։ Նրա լուսանկարները սովորաբար ֆիքսում են հուշարձանը կենտրոնական առանցքից փոքր ինչ շեղված, ընդգրկելով շրջակա լանդշաֆտի որոշակի հատված` շեշտելով կառույցի հարաբերակցությունը բնության հետ։

Հայ արդի լուսանկարչության պատմության մեջ իրենց ուրույն տեղն են գրավում նաև Վրույրի` իր ժամանակակից հայտնի հայ մտավորականների և արվեստագետների դիմանկարները որոնք արվել են Անիում և այլ հուշարձանների տարածքներում։ Դրանք յուրօրինակ բեմականացումներ են որոնց միջոցով լուսանկարիչը ստեղծում էր պատումային, այլաբանական և գաղափարական փոխկապակվածություն պատմական Հայաստանի մշակութային ժառանգության ու հայ արդի մշակույթի կերտողների միջև։ Այդ առումով հատկապես հիշարժան են Սիրանույշի (1904թ.) և Թորոս Թորամանյանի (1904թ.) Անիում արված լուսանկարները, որոնք խորհրդանշում են հայկական լուսանկարչության անցումը 19-րդ դարի ունիվերսալիստական և կոսմոպոլիտ հենքերից դեպի բարձր արդիականության ազգայնական արվեստի ձևակերպումները։

Լուսանկարչությունից և թատրոնից զատ, Վրույրը նաև զբաղվել է հրատարակչական և բանասիրական գործնեությամբ։ Նա սեփական միջոցներով խմբագրել և թողարկել է «Հուշարար» գեղարվեստական-գրական հանդեսը (1907-1913), հեղինակել մի շարք հոդվածներ նվիրված Հայաստանի հնագիտական ուսումնասիրությանը և թատրոնի պատմությանը։ Ցավոք, նրա մեծարժեք արխիվի մեծ մասը կորել է դեռ լուսանկարչի կենդանության օրոք, իսկ պահպանված սևապատկերներն ու տպածոները այսօր գտնվում են Հայաստանի Պատմության Թանգարանում, Հուշարձանների Պահպանության Վարչության արխիվում և մի շարք մասնավոր հավաքածուներում։

1) Կենսագրական տվյալները` Ռոբերտ Փաշայան, Արամ և Արտաշես Վրույրներ, Հայաստան, Երևան, 1989

2) Լեո, «Մի լուսանկարչական հավաքածու», Մշակ, հ.14, 1904

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան, Ռուսական Կայսրություն, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Կոնստանդնուպոլիս (ծն.), Թիֆլիս, Անի

Մասնագիտացում

արխիվային, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Լեո, «Մի լուսանկարչական հավաքածու», Մշակ, հ.14, 1904

Փաշայան, Ռոբերտ։ Արամ և Արտաշես Վրույրներ, Հայաստան, Երևան, 1989

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 342-353

Հավաքածուներ

Հայաստանի Ազգային Գրադարան, Երևան Հայաստանի Պատմության Ազգային Թանգարան, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից