Շավարշ Հրաչիկի Վարդանյան
ծն․ 1950
1970 - 2010 թվականներ
Շավարշ Վարդանյանը 1980-ականների հայկական լուսանակարչության հետաքրքիր, սակայն քիչ հայտնի ներկայացուցիչներից մեկն է։ Մասնագիտացել է որպես կինո-օպերատոր, կրթություն ստանալով Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտում։ 1981-ին Հայաստան վերադառնալուց հետո, անմիջապես անցել է աշխատանքի Հայֆիլմ կինոստուդիայում որտեղ նկարահանել է մի շարք հանրաճանաչ ֆիլմեր, ինչպես օրինակ «Ձնծաղիկներ և Էդելվեյսները» (1981), «Կտոր մը երկինքը» (1982) և բազմաթիվ վավերագրական ակնարկներ ու խրոնիկային ռեպորտաժներ։ Արցախյան շարժման սկզբից իսկ Վարդանյանը մասնակցել է քաղաքական և պատերազմյան զարգացումներին որպես վավերագրող օպերատոր, իսկ 1992-ից ղեկավարել է Պաշտպանության Նախարարության լրատվական վարչության տեսագրական բաժնի աշխատանքները։(1)
Կինոօպերատորական գործնեությանը զուգահեռ, Վարդանյանը նաև զբաղվել է գեղարվեստական ու վավերագրական լուսանկարչությամբ։ Իր գործերից շատերը կարելի էր տեսնել հատկապես «Գարուն» ամսագրի էջերին։ Դրանցում ակնհայտ է Վարդանյանի կինեմատոգրաֆիկ մտածելակերպի արձագանքը։ Նրա լուսանկարները «որսած» կադրեր չեն, այլ կարծես մի ավելի լայն պատումից առանձնացված դրվագներ, որոնց բնորոշ է հատվածայնությունը, թռուցիկ ու իմպրեսիոնիստական հայացքը, ինչպես նաև աննշան առարկաներին ու տեսարաններին խորհրդանշանային կշիռ փոխանցելու հատկությունը։ Գեղարվեստական լուսանկարչության մեջ Վարդանյանը նախընտրել է սև-սպիտակ լուսանկարի ձևաչափը, որում նա հետևողականորեն ուսումնասիրել է այս մեդիումի` տարածության զգացողություն ու բանաստեղծական մթնոլորտ ստեղծելու հնարավորությունները։ Այդ փորձարկումները հաճախ կառուցված են կենցաղային, բնանկարչական ու հովերգական թեմաների շուրջ, որոնց Վարդանյանը սովորաբար դիմում է զուտ որպես գեղագիտական հետազոտությունների շարժառիթ։
1990-ականներից սկզբից Վարդանյանը կտրուկ անցել է դասական վավերագրության, իր տեսախցիկը ծառայեցնելով քաղաքական զարգացումների ու դեպքերի արձանագրմանը։ Այսօր նա աշխատում է Թատրոնի և Կինոյի ինստիտուտում (2011-ից) և Մանկավարժական Համալսարանի մշակույթի ֆակուլտետում (2013-ից), որտեղ դասավանդում է օպերատորական արվեստ, կինոլուսավորություն և գեղարվեստական լուսանկարչություն։
1) Կենսագրական տվյալները քաղված են լուսանկարչի ինքնակենսագրականից. «Շավարշ Վարդանյյան», http://avproduction.am/?ln=am&page=person&id=2843
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Գյումրի, Երևան
Մասնագիտացում
գեղարվեստական, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն