Արտաշես Ստամբոլցյան
ծն․ 1971
2000 - 2010 թվականներ
Արտաշես Ստամբոլցյանը Հայաստանում հայտնի է որպես գովազդային և շարժական դիզայնի լավագույն մասնագետներից մեկը: Արդեն մի քանի տարի է ինչ աշխատում է Տրիադա ստուդիայում, ստեղծելով հեռուստատեսային, պլակատային և այլ կարգի բազմաթիվ գովազդների ինչպես նայև ֆիլմերի տիտրերի ձևավորումներ: Քիչ հայտնի է, սակայն, Ստամբոլցյանի գործնեությունը հեղինակային լուսանկարչության բնագավառում:
Կոմմերցիոն ոլորտում աշխատող այլ լուսանկարիչների պես, Ստամբոլցյանի սուղ աշխատանքային գրաֆիկը հազվադեպ է թույլ տալիս զբաղվել ազատ ստեղծագործությամբ: Այնուամենայնիվ, նրա փոքրաթիվ շարքերը առանձնանում են իրենց բծախնդրությամբ և հայեցակարգային հետևողականությամբ: Հատկապես ուշագրավ են «Դուստրերի հայրերը» և «Lightspotting» (խոսակցական արտահայտություն որը նշանակում է լույս որսալ) շարքերը:
2008-ին նկարահանված «Դուստրերի հայրեր» շարքը պատկերում է լուսանկարչի ընկերներին իրենց դստրերի հետ միասին։ Հիմնականում սև ու սպիտակ դիմանկարները արված են դասական վավերագրական լուսանկարչության կանոններին համապատասխան։ Այստեղ Ստամբոլցյանը փորձում է փոխանցել ոչ միայն ծնող-երեխա հարաբերության երանգները, այլ նաև գտնել կանացիության և տղամարդկության փոխհարաբերության յուրօրինակ կետեր։ Ուժային դիրքերը դիմանկարներում հաճախ փոփոխվում են և լուսանկարիչը չի քաշվում իր հերոսուհիներին ներկայացնել որպես ավելի հաստատուն և զորեղ անհատներ։
Միանգամայն այլ ժանրին է հարում 2010-13-ին արված «Lightspotting»-ը։ Երևանի փողոցների գիշերային և արշալուսային պատկերների այս ստվար խումբը ունի ձևային հստակ համակարգ: Քառակուսի, լայն ֆորմատ տեսախցիկը, փողոցի մի մայթուղուց նայում է դեպի մյուսը ու ֆրոնտալ տեսանկյունից ֆիքսում որև է շենքի կամ կառույցի հատված: Սարքը դրված է երևակման երկար ռեժիմի վրա, որպեսզի գիշերային լուսավորության պայմաններում հնարավոր լինի դրոշմել տեսարանի մանրամասները: Այդ ընթացքում` տեսախցիկը նաև արձանագրում է ցանկացած շարժվող օբյեկտ՝ հիմնականում շարժվող մեքենաներ, որոնք երբեք չեն երևում վերջնական պատկերի վրա: Մնում են միայն մեքենաների լուսարձակների հետքերը` որոնք կարմիր, դեղին ու կապույտ բծերի տեսքով հատում են բոլոր պատկերները: Սակայն Ստամբոլցյանը չի գործածում տվյալ էֆֆեկտը զուտ որպես վիզուալ աբստրակցիա: Լուսային բծերը հատում են անընդմեջ մետամորֆոզվող մայրաքաղաքը ասես հենց կերպարափոխման պահին: Ստամբոլցյանը դիտավորյալ ընտրել է քաղաքի այն հատվածները որոնք գտնվում են կառուցապատման կամ քանդման շեմին: Այստեղ ամենինչ կիսատ կամ ավերակ է, կամ ավերակվելու ճանապարհին է: 19-րդ դարի պատմական շենքերի մնացորդներն ու նորակառույցների բետոնե կմախքները հուշում են ժամանակի անտարբեր հոսքի մասին: Ճարտապետության, քաղաքային միջավայրի կայունությունը այս լուսանկարներում չեզոքանում է, առավել ևս… իմաստազրկվում է: Հենց դա են ակնարկում առանձին լուսանկարների վերնագրերը, որոնք ընդամենը թվային ֆոտոխցիկի կողմից որոշված ֆայլերի համարներ են:
Աշխատելով վավերագրական և կոնցեպտուալ լուսանկարչության հատման կետում, Ստամբոլցյանը արձանագրում է իր ժամանակի և միջավայրի իրականության ավելի նրբին ու անշոշափելի շերտերը։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Հայաստան
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
գեղարվեստական, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն
Ցուցահանդեսներ
2008: «Սև սպիտակ», լուսանկարչական խմբակային ցուցահանդես, ՆՓԱԿ, Երևան
2008: «Դուստրերի հայրերը», անհատական ցուցահանդես, ՆՓԱԿ, Երևան, հունիս 3