Հակոբ Ստեփանի Սեմերճյան
1898 - 1955
1920 - 1940 թվականներ
1920-ականներից սկսած, Փարիզը` ինչպես և Կահիրեն, Ալեքսանդրիան ու Բեյրութը, դառնում է Ցեղասպանությունից փրկված կամ արդեն իսկ ազգայնական Թուրքիայից արտագաղթած հայ լուսանկարիչներից շատերի նոր հանգրվանը։ Դրանցից` Փարիզում բնակվող առավել նշանավոր լուսանկարիչն անկասկած Հակոբ Սեմերճյանն է։
Հորը կորցնելուց հետո, Հակոբը իր դպրոցական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Եսայան վարժարանում ու դեռևս պատանեկան տարիքում ընդվում է Քադըքոյում գտնվող, Արամ Բալյանի «Վենուս» լուսանկարչատանը որպես օգնական։(1) 1922-ին, Ստամբուլի բազմաթիվ հայ բնակիչների նման դրդված է լինում ընտանիքով լքել քաղաքը և տեղափոխվել Փարիզ։ Այստեղ փախստական երիտասարդը երկար չի մնացել առանց աշխատանքի և շուտով օգնականի գործ է գտնում Փարիզի ամենահայտնի լուսանկարչատներից մեկում` Անրի Մանուէլի մոտ։ Ջանասեր և տաղանդավոր Սեմերճյանը կարճ ժամանակում դառնում է արվեստանոցի «օպերատոր»` հնարավորություն ստանալով ինքնուրույն լուսանկարելու այցելուներին։ Կատարելապես յուրացնելով Մանուէլի գլամուրային դիմանկարների հանրաճանաչ ոճը, Սեմերճյանը որոշում է հիմնել իր սեփական` Ֆեբուս լուսանկարչատունը Փարիզի Պուասոնիե բուլեվարի վրա 1920-ականների կեսերին, որը 1930-ականների սկզբին տեղափոխվում է 23 Բոն Նուվել բուլեվար հասցե։(2)
Սեմերճյանի արվեստանոցը մատակարարում էր տարբեր տեսակի լուսանկարչական ծառայություններ։ Բացի ընտանեկան, անհատական, գովազդային և այլ նպատակներով արված դիմանկարներից, նա նաև լուսանկարում էր ճարտարապետական կառույցներ, նորաձևության, գովազդային պատկերներ կինոյի ու թատրոնի համար, ինչպես նաև փոստային բացիկների համար նախատեսված ժանրային տեսարաններ ու մոտիվներ։ Այս կոմերցիոն գործնեությանը զուգահեռ, Սեմերճյանը մշտապես համագործակցել է ֆրանսիական մամուլի հետ։ Նա նաև պատրաստել է Ֆրանսիայում ապրող կամ գործող այդ ժամանակվա գրեթե բոլոր հայ արվեստագետների և մտավորականների դիմանկարները, ինչպես նաև Փարիզի հայկական համայնքի կազմակերպած մշակութային միջոցառումների լուսանկարներ։ Նրա մոտ լուսանկարվել են Արշակ Չոպանյանը, Վահրամ Փափազյանը, Երվանդ Քոչարը, Նուբար Փաշան, Ֆրանսիայի բեմի և կինոյի հարյուրավոր դերասաններ։ Լուսանկարիչը սերտորեն ներգրավված էր ֆրանսիահայ արվեստի միջավայրում և ինքին ներկայացել է որպես արվեստագետ` Փարիզաբնակ հայ արվեստագետների մի շարք ցուցահանդեսներում։ Հարկ է նշել որ Սեմերճյանը նաև սատարում էր Թուրքիայից գաղթաց իր հայրենակիցներին որոնցից ոմանք` ինչպես օրինակ գրող Շահան Շահնուրը, աշխատել են իր տաղավարում որպես օգնականներ ու ռետուշորներ։(3) Սեմերճյանի կարևոր պատվիրատուներից էին Ֆրանսիայի պետական և քաղաքական գործիչները, և նա որոշ ժամանակ գրեթե պաշտոնական լուսանկարչի կարգավիճակ է վայելել Ելիսեյան պալատում։(4)
Սեմերճյանի լուսանկարչական արվեստը ձևավորվել է ժամանակի մասսայական տեսողական մշակույթի գեղագիտական սկզբունքների ներքո։ Տուրք տալով միջ-պատերզմյան տարիներին տարածված «art-nouveau» և «art-deco» դեկորատիվ ոճային ուղղություններին, նա իր դիմանկարներում ստեղծում էր անհատի, «խաղարկային» պատկեր-դիմակը։ Այդպիսով, լուսանկարիչը փորձում էր ոչ թե «թաքնված» անձնականությունն ու կերպարը վերհանել այլ կառուցել ու շնորհել այն իր պատկերների միջոցով։ 1930-40-ականներին Սեմերճյանի դիմանկարներում զգացվում է նաև մոդեռնիստական լուսնկարչության որոշակի ազդեցությունը։ Նրա լուսանկարները շրջնակաները ավելի սեղմանում են, ներկայացնելով անհատին հատածաբար, ուժեղ դրվագումներով, ինչը դիմանկարներին հաղորդում էր դինամիկ լարվածություն։ Մեկտեղելով դասական նրբագեղությունն ու կոնտրաստային լուսավորությունը, Սեմերճյանի լուսանկարները պատկերվող դերասաններին, արվեստագետներին և մոդելներին տարանջատում էին առօրեականությունից, դարձնելով նրանց էրոտիկ ցանկությունների առարկաներ կամ երևակայական «հերոսներ»։
Այդ հատկությունների շնորհիվ «Ֆեբուսը», ինչպես Սեմերճյանի վարպետ Մանուելն է ժամանակին նշել, դառնում է «Փարիզի յոթ մեծ օպերատորներից» մեկը և հաջողությամբ գործել է նույնիսկ Համաշխարհային Երկրորդ Պատերազմի տարիներին։ 1949-ին, Սեմերճյանը կնոջ` Ալիս Բախտիարյանի հետ տեղափոխվում է Կանն ուր շարունակել է զբաղվել տաղավարային լուսանկարչությամբ մինչև իր մահը։(5)
1) Ն. Պ., «Յակոբ Սէմէրճեան», Ամենուն Տարեցոյցը, Մասիս տպարան, Փարիզ, 1927, էջ 466֊67
2) Հայտարարություն, Կավռոշ (Փարիզ), հ.21, 1932, էջ7
3) Տե՛ս Շահան Շահնուրի էջը շտեմարանում։
4) Հակոբ Սեմերճեան, «Ֆրանս. Հանրապետութեան Ողբացեալ Նախագահը և Յակոբ Սէմէրճեան», Կավռօշ (Փարիզ), հ.21, 1932, էջ2
5) Պ. Քեշիշյան, «Լուսանկարիչ Ֆեբուս», www.azg.am, 11.06.2011, http://www.azg.am/AM/print/2011060120
Ազգություն
հայ, ֆրանսիացի
Տարածաշրջան
Օսմանյան Կայսրություն, Ֆրանսիա
Քաղաք
Ադաբազար (ծն.), Ստամբուլ, Փարիզ
Լուսանկարչատուն
Ֆեբուս
Մասնագիտացում
գեղարվեստական, լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Ն. Պ., «Յակոբ Սէմէրճեան», Ամենուն Տառեցոյցը, Մասիս տպարան, Փարիզ, 1927, էջ 466֊67
Սեմերճեան, Հակոբ: «Ֆրանս. Հանրապետութեան Ողբացեալ Նախագահը և Յակոբ Սէմէրճեան», Կավռօշ (Փարիզ), հ.21, 1932, էջ 2
Քեշիշյան, Պ. «Լուսանկարիչ Ֆեբուս», www.azg.am, 11.06.2011, http://www.azg.am/AM/print/2011060120
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, էջ 300-309
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան