Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ալեքսանդր Վաղինակի Սահակով (Իսահակյան)

1937 - 2007

1950 - 2000 թվականներ

Թիֆլիսաբնակ Ալեքսանդր Սահակովը իր պրոֆեսիոնալ լուսանկարչական կենսագրությունը սկսում է 1965-ից` աշխատանքի անցնելով «Վրաստանի երիտասարդությունը» հանրապետական թերթում` որպես ֆոտոթղթակից։ Ընդամենը երկու տարի աշխատելուց հետո` 1967-ին, նա պարգևատրվել է ոսկե մեդալով Մոսկվայի համամիութենական ֆոտոցուցահանդեսում Ժան Վիլարի դիմանկարի համար:(1)Կարճ ժամանակ անցնադառնում է ԽՍՀՄ-ում ամենահայտնի և ճանաչված լուսանկարիչներից մեկը և հետագայում ընդգրկվել է «100 լավագույն եվրոպացի լուսանկարիչների» ցանկում:(2)Սահակովի կարյերային վերելքը համընկնում է 1970-ականների հետ երբ նա սկսում է թղթակցել ՏԱՍՍ գործակալության, «Երեկոյան Թբիլիսի», «Արևելքի Արևածագը» թերթերի, «Soviet life», «Огонек», «Журналист» և այլ ամսագրերի հետ: Նրա ստեղծագործության բարձր գնահատականի գրավականն է այն` շուրջ 120 պարգևները որոնք լուսանկարիչը ստացել է բազմաթիվ հանրապետական ու միջազգային մրցույթներում ու ցուցահանդեսներում։

Սահակովը ուներ բազմակողմանի կրթություն, ուսումնասիրել էր օտար լեզուներ և պատանի տարիներին զբաղվել է երաժշտությամբ, ինչն իր հետքն է թողել նրա լուսանկարչական ստեղծագործության վրա: Թբիլիսիի բազմաթիվ այլ հայ և վրացի լուսանկարիչների պես, Սահակովն իր մասնագիտական գիտելիքներն ու վարպետությունը ձեռք է բերել աշակերտելով իր հայրենակից Ալեքսանդր Հարությունովին։(3) Նրա սերտ հարաբերությունները քաղաքի մշակութային ռահվիրաների հետ` ինչպես օրինակ նկարիչներ Լադո Գուդիաշվիլին, Ելենա Ախվելնդիանին և Սերգեյ Փարաջանովը, որոշիչ ազդեցություն են ունեցել նաև Սահակովի ստեղծագործական հետաքրքրությունների ու թեմատիկ նախապատվությունների վրա։ Գործնեության հենց առաջին տարիներից իսկ, լուսանկարիչը սկսել է հետևողականորեն արձանագրել իր հայրենի բնակավայրի ավանդական կենցաղի, տիպերի, ճարտարապետության և տեսարանների հետզհետե անհետացող համայնապատկերը։ Այս առանցքում առանձնահատուկ կարևորություն ունի Թբիլիսիի հայկական մշակութային ներկայության հետքերի «փրկարարական» արխիվացման միտումը։

Լուսանկարչի առաջին մասնագիտական հաջողությունները ֆոտոժուռնալիստիկայում կապված են սպորտային ռեպորտաժի հետ։(4) Ինչպես ինքը հեղինակն է նշում իր հոդվածներում մեկում, այդ բնագավառում լավագույն արդյունքներին հասնելու համար նա եղել է թաքնված տեսախցիկի կողմնակից։(5) Լուսանկարելով մարզիկներին երբ իրենք «պաշտպանված» չէին լուսանկարչի աննկատ հայացքից, Սահակովը փորձել է բացահայտել ֆիզիկական ու հոգեկան լարվածությունն տարատեսակ վիճակներն որպես մարդկային ներարշխարհի ցայտուն պատկերավորումներ։ Ի տարբերություն այս «որսված» ռեպորտաժային կադրերի, Սահակովի Հին Թիֆլիսը պատկերող վավերագրական-թեմատիկ լուսանկարները ակնհայտորեն բեմադրված են։ Այդ լայնածավալ շարքերում համահունչ ձևով միաձուլված են նեո-ռեալիստական արվեստի հրամայականները, անեկդոտային գրականության պատկերավորումներն ու փորձարարական, ուշ մոդեռնիստական լուսանկարչությանը բնորոշ հնարքները (օրինակ` լայնանկյուն ոսպնյակի գործածումը)։ Հակասություններով շերտավորված այս տեսլականն ընդհանուր առմամբ արտահայտում է արվեստագետի աներկբա հավատքն  արդեն իսկ միֆիկականացված` ոչ վաղ անցյալի պարզ ու սփոփեցող ճշմարտությունների հանդեպ։ Միաժամանակ, կարոտախտով ներծծված այս հայեցակարգում արդիականության` ու հատկապես սոցիալիստական իրականության սրընթաց և անողոք երթը դրված է կասկածի և քննադատական հարցադրման տակ ինչը Սահակովի լուսանկարչական արվեստին հաղորդում է քաղաքականացված սրություն։

Նրա բազմակողմանի արվեստում նաև հատուկ տեղ է գրավել դիմանկարչությունը։ Լուսակարելով XX դարի հայտնի մշակութային գործիչներին, ինչպիսիք են Ս. Րիխտերը, Ի.Գլազունովը, Վ. Վիսոցկին, Ա. Խաչատուրյանը, Մ. Պլիսեցկայան, Ա. Պուգաչովան, Բի Բի Քինգը և այլք, ինչպես և Թբիլիսի հասարակ տեղաբնակներին, Սահակովը ստեղծել է բարդ ու յուրօրինակ անհատականությունների մի ստվար պատկերասրահ, որն անշուշտ կարելի է համարել լավագույներից խորհրդային լուսանկարչության պատմության մեջ։(6)

Անձնական պատճառներով 1988-ին լուսանկարիչը ժամանակավորապես դադարել է զբաղվել լուսանկարչությամբ, վերադառնալով իր սիրած աշխատանքին միայն 2000-ին։ Գործնեության այդ վերջին փուլում, Սահակովը ստեղծագործել է որպես անկախ արվեստագետ` դասական սև-սպիտակ լուսանկարչությունից անցնելով դեպի արվեստային, գունավոր լուսանկարչություն ուր գերիշխում էր կոլաժի և «ասեմբլյաժի» ձևաչափերը։ Այդ սյուրեալիստական գործերում արվեստագետը քննադատորեն անդրադարձել է սովետական կարգերի մութ էջերին և խորացել է սուբյեկտիվ հոգեիրավիճակների ու սեռականության  հետազոտման մեջ։ Տառապելով ծանր հոգեկան հիվանդությամբ, լուսանկարիչը հեռացել է կյանքից 2007-ին ինքնասպանությամբ:(7)

1) Կենսագրական տվյալների համար տես` Jessica Werneke, Aleksandr Saakov, 4.09.2017, https://sovetskoefotoblog.wordpress.com/2017/09/04/aleksandr-saakov/և Арам Баблоян, Тифлис Александра Саакова, Рослин, Москва, 2008

2) Yuri Mechitov,Tamar Sulamanidze. Photography in Georgia 1955-2012, Pilots, Tbilisi, 2013,  pp.82-91

3) Аида Бабаджанян, «Арутюнов и Сааков», 14.05.2011, https://aidatiflis7.livejournal.com/60410.html

4)«Александр Сааков», Советское фото, հ.5, 1968

5) Александр Сааков, «Динамика жанра», Советское фото, հ. 11, 1973, էջ 29

6) А. Козлов, «Цена мгновения», Советское фото, հ.1, 1970, էջ 18

7) «Покончил с собой известный грузинский фотограф Сааков», 26.05.2007, https://www.gazeta.ru/news/lenta/2007/05/26/n_1073938.shtml?updated

 

 

Ազգություն

հայ, վրացի

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Վրաց. ԽՍՀ

Քաղաք

Թբիլիսի

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Mechitov, Yuri & Tamar Sulamanidze. Photography in Georgia 1955-2012, Pilots, Tbilisi, 2013,  pp.82-91

Werneke, Jessica. Aleksandr Saakov, 4.09.2017, https://sovetskoefotoblog.wordpress.com/2017/09/04/aleksandr-saakov 

«Александр Сааков», Советское фото, հ.5, 1968

Бабаджанян, Аида. «Арутюнов и Сааков», 14.05.2011, https://aidatiflis7.livejournal.com/60410.html

Баблоян, Арам. Тифлис Александра Саакова, Рослин, Москва, 2008

Сааков, Александр. «Динамика жанра», Советское фото, հ. 11, 1973, էջ 29

Козлов, А. «Цена мгновения», Советское фото, հ.1, 1970, էջ18

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 294-299

Ցուցահանդեսներ

2007։ «Անհայտ Ալեքսանդր Սահակովը», անհատական ցուցահանդես, Թբիլիսի, ՏՎՍ Բանկ, 10-14.07

2015։ «Ավոէ՛. Ալեքսանդր Սահակով», հետահայաց ցուցահանդես, Մոսկվա, Դասական լուսանկարչության պատկերասրահ, 24.09-01.11

 

Հավաքածուներ

Լուսանկարչության Թանգարան, Թբիլիսի

Այլ նկարներ այս հեղինակից