Արթուր Սախկալյան
ծն․ 1982
2000 - 2010 թվականներ
Արթուր Սախկալյանը կրթությամբ ինժիներ է, սակայն 2003 թվականից հիմնականում զբաղվում է գեղարվեստական լուսանկարչությամբ, ինչպես նաև կահույքի պատրաստմամբ ու էկո-տուրիզմով: Իր լուսանկարչական գործնեության սկզբից իսկ, Սախկալյանը տարվել է դասական, ուշ մոդեռնիստական լուսանկարչության մոտեցումներով: Օգտագործելով հիմնականում լայնաֆորմատ անալոգ ինչպես և Պոլարոիդ տեսախցիկներ, երիտասարդ արվեստագետը կենտրոնացրել է իր ստեղծագործությունը բնանկարի, դիմանկարի և մերկանկարի ժանրերի վրա: Սախկալյանին հետաքրքրող նյութը այն է ինչ սովորաբար մնում է աննկատ ու անտեսված: Իր բնանկարները հաճախ զերծ են ճանաչողական մանրամասներից ու գեղատեսիլ հատկություններից: Ճանապարհի եզրից, կամ գյուղերում նկարահանված այդ տեսարանները տուրք չեն տալիս այլաբանական կլիշեներին, դրա փոխարեն հայտնաբերելով հայաստանյան բնության բացառապես տարբեր կողմեր: Լուսանկարչի տեսախցիկը արձանագրում է բնական միջավայրում մարդկային միջամտությունների կոպիտ ու կտրուկ, սակայն նաև թաղծոտ գեղեցկությունը: Դրանք գաղափարապես լարված տեսարաններ են, որտեղ տեխնոլոգիական առաջընթացի հետքերը թվում են կատարելապես նվաճված բնական էլեմենտների կողմից: 19րդ դարի ռոմանտիկ գեղանկարիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի աշխատանքների նման Սախկալյանի լուսանկարները նշում են քաղաքակրության անկայունությունը ի դեմս բնության հզոր ուժերի:
Շարունակելով 1960-ականների ամերիկյան «սուբյեկտիվ» լուսանկարչության ներկայացուցիչների` Մայնոր Ուայթի և Հարի Կալահանի ստեղծագործության ծիրը, Սախկալյանը դիտարկում է մարդուն իր անցողիկության մեջ: Իր լիրիկական դիմանկարներում և մերկանկարներում, լուսանկարիչը շեշտում է մարմնի փխրունությունը, վերհանելով առօրյա մարդկային հաղորդակցման նրբին ելևեջները: Պաստելային երանգների գունապնակից վարպետորեն կառուցված այս լուսանկարներում ի հայտ են գալիս այն միջանկյալ զգայական տարածությունները, որոնք անցնում են լեզվի ու մշակույթի սահմանումներից անդին:
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Հայաստան
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
գեղարվեստական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն
Ցուցահանդեսներ
2011: Դրախտային տեսիլքներ: Անհատական ցուցահանդես, Բյուրոկրատ գրախանութ, Երևան, ապրիլ 3-15
2011: Արդյունաբերական սիմֆոնիա։ Լուսանկարչությունը և հետ-արդյունաբերական դարաշրջանը, ՆՓԱԿ, Երևան
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան