Մարտին Հաբեթի Շահբազյան
1940 - 2018
1960 - 2010 թվականներ
Հայաստանի ֆոտոլրագրության պատմության բեղուն ու վաստակավոր դեմքերից է Մարտին Շահբազյանը։ Նրա լուսանկարչական գործնեությունը սկսել է 1966-ին, երբ Շահբազյանը սկսում է թղթակցել «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերին իր լրագրողական ռեպորտաժներով։ Նրա պարզ բայց ոգեշնչված նկարները նաև պարեբար թողարկվում են բացիկների տեսքով ու վերատպվում են ալբոմներում։ Տաս տարի անց, լուսանկարիչը ընդունվում է «Արմենպրես» ֆոտո-լրագրողական գործակալություն, ուր աշխատել է մինչև 2001 թվականը։
Լուսանկարչի նախորդ տարիների շարքերում առկա հուզական ռոմանտիզմը մղվում է դուրս` 1970-ականների իր ռեպորտաժներում։ Դրանք ներկայանում են որպես սառնասիրտ` լուսաբռնկման օգնությամբ արագ արված անկողմնակալ դիտարկումներ։ Ակնբախ է դրանց գործնական, լրատվական նպատակը։ 1988-ի Սպիտակի երկրաշարժն ու դրա հետևանքները լուսագրելուց հետո, Շահբազյանի գործերը դառնում են էլ ավելի կիրառարական։ 1990-ականների համատաքեստում, լուսանկարչի համար առաջնահերթային էր, լուսանկարի փաստագրական նշանակությունը։ Ըստ Շահբազյանի, այդ տարիներին «շատ դժվարություններ են եղել, նույնիսկ ավտոմատ են պահել վրաս: Դժվար, բայց պատմական տարիներ էին: Մինչև Ղարաբաղյան շարժման ծավալվելը Երևանում տեղի էին ունենում բնապահպանական ցույցեր ու հանրահավաքներ: Այն տարիներին էլ, միշտ էլ թույլ չէին տալիս ամեն ինչ լուսանկարել: Բայց տղաները, միտինգավորները ինձ տեղեկացնում էին, ես էլ գնում, նկարում էի:»(1)
Շահբազյանի լավագույն ռեպորտաժային շարքերում, քաղաքական իրականության կնճիռները ի հայտ են գալիս երկրորդական կարևորություն ունեցող դեպքերի դիտարկումներում։ Լուսանկարելով ծայրահեղ իրականություններում հայտնված հասարակ մարդկանց ու առօրեական միջավայրերը, Շահբազյանը առաջ է բերում լուսանկարչության հասարակական ֆունկցիան։ Նրա գործերում լուսանկարը ոչ միայն տեղեկատվություն է այլ, գլխավորապես, հաղորդակցություն ստեղծելու միջոց։ Ռեպորտաժային աշխատանքից դուրս, լուսանկարիչը նախըտրել է պատկերել Հայաստանի բնությունն ու մշակութային գործիչներին։
2001-ից Շահբազյանը ընդունվել է Հայաստանի նախագահական աշխատակազմ որպես պաշտոնական լուսանկարիչ։ Նրա ստեղծագործական ճանապարհը ներկայացվել է մի շարք անհատական ցուցահանդեսներում, ինչպես նաև «Իմ Հայաստան» ու «Հայաստանի մարզերը» ֆոտոալբոմներում։
1) Լիաննա Ներսիսյան, «Մարտին Շահբազյան. հարցազրույց», www.newmag.am, սեպտեմբեր, 2016, http://newmag.am/2016/martinshahbazyan/
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող
Մեդիա
անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն
Մատենագրություն
Ներսիսյան, Լիաննա։ «Մարտին Շահբազյան. հարցազրույց», www.newmag.am, սեպտեմբեր, 2016, http://newmag.am/2016/martinshahbazyan/
Շահբազյան, Մարտին։ Իմ Հայաստան, ֆոտո-ալբոմ, Վիպնետ, Երևան, 2009
Շահբազյան, Մարտին։ Հայաստանի մարզերը, ֆոտո-ալբոմ, Տիգրան Մեծ, Երևան, 2011
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 260-266
Ցուցահանդեսներ
1971։ «Երևան» ֆոտո-ակումբի խմբակային ցուցահանդես, մարտ
2010։ Անհատական ցուցահանդես, Իջևանի պատկերասրահ
2011։ «Հայաստանի մարզերը», անհատական ցուցահանդես, «Ակադեմիա» պատկերասրահ, Երևան, ապրիլ
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան