Լեոնարդ Նեդոլյա
1950 - 1960 թվականներ
Ֆոտոթղթակից և 1960-ականներին` «Կոմունիստ» թերթի նկարազարդման բաժնի ղեկավար Լեոնարդ Նեդոլյան, հայաստանյան ֆոտոլրագրության վառ, սակայն անարդարորեն մոռացված անհատականություններից է։(1) Հայտնի է որ լուսանկարիչը մասնագիտական ասպարեզ է մտել 1950-ականներին, հրատարակելով ժանրային բնույթի իր վավերագրական պատկերները տեղական մամուլում։
Նեդոլյան նախընտրել է մշակույթի ու արվեստի ոլորտներին առնչվող թեմաները, որոնց հետ նա անմիջականորեն կապված էր իր կնոջ` Երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի միջոցով։(2) Նրա ստեղծագործության լավագույն օրինակներից է «Վերջին ակորդը» (1962) լուսանկարը։ Այն պատկերում է աշխարահռչակ դաշնակահար Վան Կլիբրնին` Մոսկվայում կայացած համերգի ժամանակ։ Զգայական մեծ լիցքով օժտված այս պատկերում լուսանկարիչը փայլուն կերպով միաձուլել է «լրատվական» պահի արձանագրության, արվեստագետի կերպարավորման և լուսանկարչական դինամիկ արտահայտչականության խնդիրների լուծումները։ Այդ հազվագյուտ կարողությունը բնորոշ է Նեդոլյայի այլ լուսանկարներին նույնպես, որոնք մարմնավորում են 1950-60-ականների սոցիալիստական արդիականության ողջ ոգևորվածությունն, լավատեսությունն ու ազատության թրթիռը։
1) «В обьективе - Армения», Советское Фото, հ.7, 1965, էջ 6-7
2) «Սվետլանա Գրիգորյան», https://hy.wikipedia.org/wiki/%D5%8Dվետլանա_Գրիգորյան
Ազգություն
հայ, ռուս
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
վավերագրական, ֆոտոթղթակից
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
«В обьективе - Армения», Советское Фото, հ.7, 1965, էջ 6-7