Պահլավունի (Պավել) Նազարյան
մահ․ 2016
1980 - 2000 թվականներ
Պավել Նազարյանի սև սպիտակ, գեղարվեստական լուսանկարները լույս էին տեսնում «Գարուն», «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում էջերին` 1970-80-ականների ընթացքում։ Մասնագիտությամբ կինօպերատոր էր, և ուսումն ավարտելուց հետո անցել էր աշխատանքի «Հայֆիլմ» և «Լենֆիլմ» կինոստուդիաներում որտեղ նկարահանել է մի շարք վավերագրական, գեղարվեստական և անիմացիոն ֆիլմեր, ընդհուպ մինչև կյանքի վերջին տարիները։ Լուսանկարչությամբ զբաղվել է կինոգործնեությանը զուգահեռաբար, հաճախ հենց կինոնկարահանման հարթակում։
Թեմատիկ առումով բազմաբնույթ իր լուսանկարներում ակներև է Նազարյանի հետաքրքրությունը դեպի ներխոհական իրավիճակները։ Դրանք «ընտրված» մանրապատումներ են որտեղ ժամանակը կարծես թե կանգ է առել տեսախցիկի համար իսկ գործողությունները հաճախ բացակայում են։ Արվեստագետի թեմաները այնուամենայնիվ արդիական են` դիտված կոնկրետ ժամանակում ու տեղայնքում և սովորաբար վերաբերվում են քաղաքի բնակիչներին ու նրանց առօրեական միջավայրին։ Այդ սովորական թվացող դրվագները` նուրբ, առանց սուր անցումների լուսավորության շնորհիվ պարունակում են զուսպ բանաստեղծականություն, որը սակայն զերծ է մելոդրամայից ու սենտիմենտալ երանգներից։ Դրանց մեջ հատկապես ցայտուն է դատարկ, սև տարածության գործածումը որի ներքո Նազարյանի սյուժեները դառնում են գրեթե առեղծվածային ու ներքին դրամատիզմով լի։ Ընդհանուր առմամբ այս լուսանկարչի փնտրտուքները արտացոլում են ուշ-մոդեռնիստական շրջանի խորհրդային արվեստում առկա օտարացման ու ինքնահայեցողական միտումները, ինչը նաև բնորոշում է Նազարյանի աշխատանքը կինոյում ինչպես օրինակ` «Խրուստալև, մեքենա» (1994) և «Լռության սիմֆոնիա» (2001) ֆիլմերում։
Նազարյանը նաև ստեղծել է փողոցային տեսարանների մի ստվար շարք, որը ավելի մոտ է դասական, մարդասիրական լուսանկարչության ավանդույթներին։ Այն զննում է հին քաղաքի հետզհետե անհետացող դիմագիծը և պարուրված է թախծոտ` մեծ վարպետությամբ ստացված տրամադրությամբ։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան, Մոսկվա
Մասնագիտացում
գեղարվեստական, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն