Վարուժան Նազարեթյան
1980 - 1990 թվականներ
«Երբեք չեմ մտածում կոմպոզիցիայի մասին, լիովին ապավինում եմ ենթագիտակցական, ինտուիտիվ տեսողությանս, որը ֆոտոօբյեկիտիվի պես սառն է ու անաչառ»։(1) Առաջին հայացքից, Վարուժան Նազարեթյանի այս ինքնաձևակերպումը այդքան էլ ակնհայտ չի իր լուսանկարներում։ Չափազանց կուռ, գրեթե ճարտարապետական ճշգրտությամբ կառուցված իր պատկերներում բանալ, առօրեական տարածությունը թվում է շատ կանխամտածված ձևով կերպանափոխված` վերացական, պատկերային հարաբերությունների։ Զուտ երկրաչափական ձևերի ու մակերեսների վերածված այս աշխարհը դիտված է սոցիալ-քաղաքական համատեքստից դուրս, որպես գեղագիտական ու ինքնահայեցողական նյութ։ Իր այդ գործերի միջոցով Նազարեթյանը ասես փորձում է պարզել թե ինչում է կայանում լուսանկարչության բուն գործառույթը։ Ինչպես ինքը հեղինակն է հարցադրում` «գու՞յն թե սև-սպիտակ գրաֆիկա, - սա է ինձ զբաղեցնող խնդիրը։ Դեռևս չեմ պարզել գեղարվեստական լուսանկարչության մեջ գույնը տեղ ունի՞ թե ոչ»։(2)
Ուսումնասիրելով «անշունչ» միջավայրը, լուսանկարիչը այսպիսով փնտրում է առարկաների ու դրանց հարաբերակցությունների խորհուրդը, հավատալով որ լուսանկարչությունը, որպես «օպտիկական անգիտակցություն» կարող է մոտենալ այդ խորհրդի իսկությանը։
Նազարեթյանի աշխատանքները հրատարակվել են «Արվեստ» և «Գարուն» ամսագրերում։ 1990-ականներին լուսանկարիչը տեղափոխվել է ԱՄՆ և այժմ բնակվում է Լոս Անջելես քաղաքում։
1) «Վարուժան Նազարեթյան», Արվեստ, հ.2-3, 1991
2) նույն տեղում
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան, Լոս Անջելես
Մասնագիտացում
գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
«Վարուժան Նազարեթյան», Արվեստ, հ.2-3, 1991