Վլադիմիր Գուրգենի Մուսաելյան
ծն․ 1939
1960 - 2000 թվականներ
Խորհրդային ֆոտոռեպորտաժի նշանավոր վարպետ Վլադիմիր Մուսաելյանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել որպես սովետական առաջնորդների` Լեոնիդ Բրեժնևի, Յուրիյ Անդրոպովի և Միխայիլ Գորբաչյովի պաշտոնական լուսանկարիչ։ 1960-ից սկսած, նրա լուսանկարները տպագրվել են ԽՍՀՄ-ի գրեթե բոլոր թերթերում և պարբերականներում ու տարածվել համաշխարհային մամուլում։ Նա ստացել է «Վորլդ Պրես Ֆոտո» մրցույթի պատվավոր «Ոսկե աչք» մրցանակը 1977 թվականին և մասնակցել տասնյակ միջազգային ցուցահանդեսների։(1)
Մուսաելյանը լուսանկարչությամբ սկսել է զբաղել որպես սիրող, դեռ միջնակարգ դպրոցից։ Դիտորդական սուր աչքով օժտված երիտասարդը այնքան արագ է հմտանում այդ ասպարեզում որ իր սիրողական լուսանկարները մի քանի անգամ տպագրվում են «Սովետսկոյե Ֆոտո» ամսագրում, 1950-ականների վերջերին։ Դրանք գրավում են ՏԱՍՍ-ի ֆոտոխրոնիկայի բաժնի վարիչ Ն. Կուզովկինի ուշադրությունը և Մուսաելյանը հրավիրվում է աշխատանքի որպես ֆոտո-թղթակից։ Ինը տարի և հարյուրավոր ռեպորտաժներից հետո, Մուսաելյանը հայտնվում է Կազախստանում ուր պատահաբմամբ գտնվում էր նաև Լեոնիդ Բրեժնևը։ Լուսանկարչին հանձնարարվում է վավերագրել Կոմկուսի գլխավոր քարտուղարի շրջայցը Միջին Ասիայով, որից հետո Մուսաելյանը պաշտոնապես ուղեկցել է Բրեժնևին իր կառավարման ողջ ընթացքում։ (2)
Որպես քաղաքական ռեպորտաժի վարպետ, Մուսաելյանը ստեղծագործել է չափազանց խիստ, վերահսկվող և պայմանական համատեքստում։ Ինչպես ինքը լուսանկարիչն է խոստովանում, Բրեժնևին և այլոց լուսանկարելուց, լուսանկարի քաղաքական ուղերձն ու պատկերային իմաստը «բեմադրվում» էր հենց լուսանկարվող անձի կողմից։(2) Այդ առումով նրա լուսանկարչական արվեստը ուղղակիորեն հակադրվում է արևմտյան ռեպորտաժի վերլուծական և կոնֆլիկտային ձևաչափերին։ Լուսանկարչի խնդիրը մշտապես եղել է քաղաքական գործիչների գովերգանքը ազդեցիկ պատկերների միջոցով։ Այդ առումով հատկանշական է հուզված Բրեժնևի և ազատգրված Լուիս Կորնավալի հանդիպումը արձանագրող նրա հայտնի 1977 թվականի լուսանկարը։ Պաշտոնական հանդիպումների, այցերի ու միջոցառումների չոր և մեխանիկական վավերագրումից այնուամենայնիվ հաճախ դուրս էին գալիս վավերագրական լուսանկարչության իսկական գոհարներ։ Դրա վառ օրինակն է «Ղրիմ. Բրեժնևի այցը Արտեկ պիոներական ճամբար» (1979), «Մոսկվայի բնակիչների հրաժեշտը Յուրիյ Անդրոպովի հետ» (1984), «Բրեժնևը դիտում է իր կիսանդրիի լուսանկարը» (1970թթ.) և այլն։ Այստեղ լուսանկարչի խցիկի սառը հայացքը վերհանում է այն ակնբախ զավեշտն որն առկա է իրականությունում և ոչ թե կառուցում է այն որպես արվեստային հեքնանք ու քննադատություն։
Պետական ապարատի աշխատանքից զատ, Մուսաելյանը նաև անդրադարձել է այլ թեմաներին` խորհրդային տիեզերագնացությանը, տարբեր սոցիալիստական և կապիտալիստական երկների մշակույթին ու մարդկանց։ Նա մի քանի անգամ այցելել է Հայաստան ուղեկցելով Լեոնիդ Բրեժնևին և այլ քաղաքական գործիչների։ Այդ լուսանկարները հրատարակվել են տեղական մամուլում և Հայաստանին նվիրված մի քանի ալբոմներում։
1) 1978 World Press Photo Contest Winners. https://www.worldpressphoto.org/collection/photo/1978/people-news/vladimir-musaelyan
2) «Владимир Мусаэльян», հարցազրույց,31.01.2015, www.otr-online.ru,https://otr-online.ru/programmy/bolshoe-intervyu/vladimir-musaelyan-sovetskii-13598.html
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, ՌԽՖՍՀ, Ռուսաստան
Քաղաք
Մոսկվա
Մասնագիտացում
գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Мусаэльян, Владимир. Всегда с Народом, Планета, Москва, 1979
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 254