Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Կարեն Միրզոյան

ծն․ 1981

2000 - 2010 թվականներ

Կարեն Միրզոյանը վերջին տասնամյակի հայաստանյան լուսանկարչության ամենաոգեշնչող ֆիգուրներից մեկն է, ով իրապես միջազգային կարիերա է կառուցել չափազանց կարճ ժամկետում: Ֆոտոլրագրող, վավերագրող և արվեստագետ Միրզոյանի գործերը հրապարակվել են հայաստանյան, ռուսական, եվրոպական և ամերիկյան խոշորագույն պարբերականներում: 2010թ. Միրզոյանն արժանացել է «Մագնում» հիմնադրամի միանգամից երեք խոշոր մրցանակի՝  «Արտակարգ իրավիճակի» դրամաշնորհի, «Մագնում Կովկաս» մրցանակի և Նյու Յորքի համալսարանի/ «Մագնում» հիմնադրամի լուսանկարչության ու մարդու իրավունքների ծրագրի կրթաթոշակի: 2010թ. ի վեր՝ Միրզոյանն, իբրև հրավիրյալ դասախոս, վավերագրական լուսանկարչության շուրջ բանախոսություններով հանդես է եկել ամերիկյան և ռուսաստանյան մի շարք համալսարաններում:

Միրզոյանի ընդգրկուն ֆոտոպատմությունները փաստագրում են Կովկասի, Միջին Արևելքի, Արևելյան Եվրոպայի, նախկին ԽՍՀՄ հանրապետությունների և ԱՄՆ ընթացիկ քաղաքական հակամարտություններն ու սոցիալական խնդիրները: Լուսանկարիչը շարունակական հետաքրքրություն ունի հասարակության լուսանցքներում գտնվող մարդկանց հանդեպ, իսկ նրա գործունեությունը էապես նպաստել է  լույս սփռելու նախկին ԽՍՀՄ տարածքում ինքնասպանության փորձը վերապրողների, նույնասեռականների և պատերազմի զոհերի կյանքի վրա: Վերջին տարիներին Միրզոյանն իր ստեղծագործություններով առավել կենտրոնացել է արվեստային լուսանկարչության վրա: Այդ դաշտում նրա փորձերը ձգտում են ընդլայնել և մեկնաբանել միջոցի ֆորմալ և էսթետիկ կառուցվածքները: 2000-ականների կեսերից ի վեր Միրզոյանի գործերը ցուցադրվել են բազմաթիվ խմբակային և անհատական ցուցահանդեսներում: 2014թ. նա հիմնել է «Միրզոյան» գրադարանը՝ լուսանկարչությանը նվիրված առաջին մշակութային վայրը Հայաստանում:

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան, Վրաստան

Քաղաք

Թիֆլիս (ծն.), Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, ժամանակակից արվեստ, կոնցեպտուալ լուսանկարչություն, վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն, խառը տեխնիկա, կոլաժ

Հավաքածուներ

«Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամ, Երևան