Գարուշ Մելքոնյան
ծն․ 1993
2010 - 2010 թվականներ
Գարուշ Մելքոնյանի բազմամեդիա գործերը բնորոշվում են մշակութային բարքերի և ժառանգությունների հանդեպ հումորով, չարաճճի վերաբերմունքով ու երիտասարդական շփոթմունքով: Պատանեկության ու երիտասարդության տարիներին ապրելով և սովորելով բազմաթիվ երկրներում՝ Մելքոնյանն ավարտել է Փարիզի գեղեցիկ արվեստների բարձրագույն ազգային դպրոցը: Այս միջմշակութային փորձառությունը ազդեցություն է ունեցել Մելքոնյանի պրակտիկայի վրա՝ հնարավորություն տալով հեշտությամբ ներգրավվել և արձագանքել գլոբալ մշակութային փոփոխության զարկերակին: Նրա ստեղծագործությունն անդրադառնում է այս քայլքին՝ միջոցների լայն ընտրանի օգտագործելով՝ ժապավենից մինչև թվային լուսանկարչություն, վիդեո, դիզայն, ինտերնետի միջոցով գեներացված բովանդակություն, ինտերակտիվ ձայնային ինստալյացիաներ և հղացական քանդակագործություն:
Դեռևս իր պրակտիկայի բացահայտման փուլում գտնվելով՝ Մելքոնյանը ուշադրությունը կենտրոնացնում է մշակույթի և քաղաքականության միահյուսմանը, որոնք ձևավորում են մեր սոցիալական և անհատական ինքնությունները: Տեխնոլոգիան այս ընթացակարգի բանալին է, իսկ Մելքոնյանը դրա հանդեպ երկակի վերաբերմունք է ցուցաբերում: Իշխանության ու գաղափարախոսության էական մեխանիզմ դիտարկելով՝ արվեստագետը, միաժամանակ, տեխնոլոգիային կիրառություն է գտնում իբրև զանցառման և ազատության գործիք: Այս վերաբերմունքը իր արտահայտումն է գտնում Մելքոնյանի տարբեր շարքերի երգիծական, հաճախ՝ աբսուրդիստական առումներով, ինչպես «Հարաբերակիցները/Կապակցվածները» լուսանկարչական մոնտաժի շարքը (2012): Դիպուկ ժեստերով նմանակելով 20-րդ դարի առավել անիշխանական արվեստային շարժումներին, ինչպես Դադան, սյուռեալիզմը և սոցառտը, նման գործերը նաև օգտվում են այնպիսի էսթետիկ գործիքներից, ինչպես ապրոպրիացիան, գտածո պատկերները և կիտչը: Չնայած հղացական շրջանակին՝ Մելքոնյանի պատկերները միշտ հուզումնային ազդեցություն են ունենում, քանի որ դիպչում են մեր հավաքական փորձառություններին, կարոտախտերին, վախերին և ցանկություններին:
Ազգություն
հայ, ֆրանսիացի
Տարածաշրջան
Հայաստան, Ֆրանսիա
Քաղաք
Երևան, Փարիզ
Մասնագիտացում
ժամանակակից արվեստ, կոնցեպտուալ լուսանկարչություն
Մեդիա
թվային լուսանկարչություն, խառը տեխնիկա, վիդեո արտ, կոլաժ, ֆոտո-մեդիա ինստալյացիա
Հավաքածուներ
«Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամ, Երևան