Մուշեղ Հովհաննիսյան
1891 - 1964
1920 - 1960 թվականներ
Մուշեղ Հովհաննիսյանի անհատական ճակատագիրը բազմաչարչար էր։ Եղեռնի ժամանակ նա փրկվել է գաղթելով Բաթում, ապա 1924 թվականին հաստատվել է Երևանում, սակայն քիչ անց աքսորվել է Սիբիր։ Հայրենական Մեծ Պատերազմից հետո վերադառնալով Հայաստան, նա կրկին աքսորվել է, այս անգամ Ադրբեջան։ Իր կյանքի վերջին տարիներին Մուշեղյանը հաստատվել է Հոկտեմբերյանի շրջանի Մյասնիկյան գյուղում։
Ըստ Վահան Քոչարի, Հովհաննիսյանը հակվել է լուսանկարչությանը դեռևս Բիթլիսում որտեղ աշակերտել է տեղական հայ լուսանկարիչներին։ Նույնիսկ աքսորի ժամանակ նա կարողացել է զբաղվել իր մասնագիտությամբ ու ստեղծել է ակնթարթային լուսանկարներ ինչպես նաև աքսորյալների դիմանկարներ։ Այդ աշխատանքների ինչպես նաև լուսանկարչի արխիվի գտնվելու վայրը մեզ ցավոք հայտնի չէ։ Շամխորում Հովհաննիսյանը ունեցել է լուսանկարչատուն, իսկ Հայաստան վերադառնալուն պես սկսել է աշխատակցել տեղական պարբերական մամուլին տպագրվելով Սովետական Հայաստան ամսագրում և մի շարք թերթերում։
Հովհաննիսյանի պահպանված լուսանկարները թույլ չեն տալիս ամբողջական պատկերացում կազմել նրա երկարամյա գործունեության մասին։ 1950-ականներին արված նրա վավերագրական, ռեպորտաժային գործերում ակնհայտ է կուռ կոմպոզիցիոն կառուցվածք ստեղծելու հմտությունը, միջավայրի զգացողությունը սեղմ ու հակիրճ ձևերով փոխանցելու կարողությունը։ Չնայած այդ լուսանկարները արված են խորհրդային կյանքը գովերգելու նպատակով, դրանց պարզ հովերգագական տոնայնությունը ու ընդհանուր առմամբ մարդասիրական բովանդակությունը միանգամայն զուրկ է պրոպագանդիստական լուսանկարչության բեմականացված կաղապարայնությունից։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Ադր.ԽՍՀ, ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ, Օսմանյան Կայսրություն
Քաղաք
Բիթլիս (ծն.), Շամխոր, Երևան, Մյասնիկյան գ.
Մասնագիտացում
լուսանկարչատուն, վավերագրական, ֆոտոթղթակից
Մատենագրություն
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ212