Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հակոբ Տիգրանի Հեքեքյան

1923 - 2000

1940 - 1990 թվականներ

Կան ընդամենը մի քանի խորհրդահայ լուսանկարիչներ, որոնց կարիերան ընդգրկել է այնքան տասնամյակներ, և ունեցել է նույնքան անքակտելի ազդեցություն տեղական լուսանկարչության զարգացման վրա, ինչպես Հակոբ Հեքեքյանի գործենությունը: Տեսախցիկը յուրացնելով դեռևս պատանեկան հասակում, Հեքեքյանը սկսել է թղթակցել ուկրաինական «Մակենսկի Ռաբոչիյ» (Դոնեցկ) թերթին ընդամենը տասնյոթ տարեկանում։ Մասնագիտական ​​գործնեության այս վաղ մեկնարկը` նկարիչ դառնալու Հեքեյանի երազանքների հետ մեկտեղ, ընդհատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով: Կամավոր սկզբունքով առաջնագծում հայտնված երիտասարդը ծանր վիրավորվել է պատերազմի ավարտից ընդամենը մի քանի ամիս առաջ:(1) Արդյունքում, Հեքեքյանը 1947-ին վերադարձել է Երևան արդեն որպես հաշմանդամ: Չնայած զգալի ֆիզիկական խոչնդոտներին, լուսանկարիչը վերսկսել է իր մասնագիտական ​​գործունեությունը համագործակցելով տեղական մամուլի տարբեր օրգաններին, այդ թվում` «Սովետական ​​Հայաստան», «Հայաստանի Աշխատավորուհի», «Կոմսոմոլեց», «Պիոներ», «Ավանգարդ» և այլ պարբերականների հետ: Ռեպորտաժային աշխատանքին զուգահեռ, Հեքեքյանն իր պատկերները տրամադրել է նաև խոշոր հրատարակչություններին, որոնք տպագրել են այդ լուսանկարները տարատեսակ ալբոմներում և բացիկների հավաքածուներում։ 

Չնայած նրան, որ նա իր դաշտում ունեցել է տաղանդավոր մրցակիցներ` վավերագրական լուսանկարչության այնպիսի խոշոր վարպետներ, ինչպիսիք են Նեմրութն ու Անդրանիկ Քոչարը, Հեքեքյանի հղկված ու մաքուր ոճը հատկապես հաջող էր փոխադրվում պատկերազարդված լուրերի համատեքստ և պատահական չէ, որ ՏԱՍՍ համամիութենական լրատվական գործակալությունը նրան ընտրում է 1960-ին, որպես հայաստանյան հատուկ թղթակից։ Սա նշանակում էր, որ Հեքեքյանի պատկերները տարածվում էին ոչ միայն հայաստանյան մամուլում, այլև լայնորեն շրջանառվում էին երկրի սահմաններից դուրս: Նույն թվականին Հեքեքյանը նաև դարձավ խորհրդահայ առաջին լուսանկարիչը, ով թողարկեց իր անհատական լուսանկարներից կազմված լուսանկարչական պատկերագիրք: Շուրջ հարյուր սև ու սպիտակ լուսանկարներից բաղկացած «Երևան» ալբոմը ներկայացնում էր Հայաստանի մայրաքաղաքի գրեթե բոլոր կողմերը: Հեքեքյանի` «գեղատեսիլ» սոց-​​ռեալիաստիկան ոճի մեջ արված այդ ֆոտոգիքը ամրագրեց լուսանկարչի գեղագիտական մեթոդոլոգիան, որը միաձուլում էր քաղաքային և բնության տեսարանների՝ դասական ճշգրտությյամբ կառուցված կոմպոզիցիաները` անեկդոտային դիպվածների ու լուսավորության բարդ խաղերի հետ։ Կշռադատված և խիստ կանխամտածված հերթականությամբ շարված այդ լուսանկարները ստեղծում էին արդիական, ճարտարապետական առումով յուրօրինակ և արևոտ մի քաղաքի իդեալականացված պատկերապատում, որը հետզհետե դաջվեց հանրային երևակայության մեջ, քանզի գրքի լուսանկարներից շատերը տարիների ընթացքում անընդհատ վերատպվել ու տարածվել են բազմաթիվ այլ կերպերով։

Գրքի թեմատիկ առանցքը` Հայաստանի համայնապատկերային և միասնական իր պատկերացմամբ, բնորոշ է Հեքեքյանի ստեղծագործությանն ընդհանրապես: Թեև լուսանկարիչը հիմնականում հետաքրքրվում էր քաղաքային սյուժեներով, նրա տեսախցիկը ներառում էր գրեթե ամեն ինչ` հայտնի մարդկանց դիմանկարներից սկսած մինչև արդյունաբերական և կոլեկտիվ գյուղատնտեսության ոլորտները: Կոմունիստական կուսակցության քաղաքական մեխանիզմին մշտապես անհրաժեշտ այդ տեսակ նյութերը նաև՝ Հեքեքյանի նման հնարամիտ լուսանկարիչների համար, քաջածանոթ սյուժեների նորովի ներկայացման հնարավորությունները փորձարկելու պատեհ առիթ էին ստեղծում։ Ինչպես ճշգրտորեն բնութագրում է «Սովետկոե ֆոտո» ամսագրի թղթակիցը, Հեքեքյանի լուսանկարները «ցույց են տալիս իր նախասիրություններն ու որդիական քնքշանքը դեպի իր հայրենիքն, ու սերը լուսանկարչության հանդեպ, որը մրցակցում է այնպիսի պահանջկոտ հակառակորդի հետ ինչպիսն է գեղանկարչությունը»:(2)

Հեքեքյանի լուսանկարչական գործնեության առավել հետաքրքիր կողմերից էր նրա սերտ համագործակցությունը Մայր Աթոռ Էջմիածնի հետ: Նա կաթողիկոսարանին նվիրված առնվազն երեք ալբոմ է պատրաստել և պարբերաբար վավերագրել է այդտեղ կատարվող պաշտոնական իրադարձությունները, ինչպես նաև Մայր Աթոռի գանձարաններում պահվող հարուստ հավաքածուները: Սոցիալիստական ​​մամուլին պրոպագանդիստական լուսանկարներ մատակարարողի և Հայաստանի կրոնական իշխանության պաշտոնական արձանագրողի այդ հակասական դերերի միատեղումը` խորհրդային լուսանկարչության պարադոքսալ երկակիության և հայկական տեսողական մշակույթի ընդհատակյա հոսանքների դրսևորումներից էր, որը մինչ օրս հազվադեպ է գիտակցվել կամ հետազոտվել։ 

Ինչպես պարզվում է, նույն տարիներին Հեքեքյանը նաև լռակյաց զբաղված էր կատարելապես անհատական և չհանրայնացված լուսանկարչական փորձարարությամբ։ 2011-ին կայացած «Արդյունաբերական սիմֆոնիա. լուսանկարչությունն ու հետ-արդյունաբերական դարաշրջանը» ցուցահանդեսի շրջանակներում, սույն հոդվածի հեղինակին հնարավորություն էր տրվել ուսումնասիրելու Հեքեքյանի արխիվը, որից որոշ գործեր ներկայացված էին այդ ցուցահանդեսում` լուսանկարչին նվիրված հատուկ բաժնում։ Ռեպորտաժային և փաստագրական հարյուրավոր սևապատակների կողքին առանձնանում էին` «օպ-արտին» և «մինիմալիզմին» հարող` ամբողջապես վերացական պատկերների մի քանի խումբ: Այդ հիրավի անթերի իրականացրած ֆորմալիստական ​​փորձարկումները, որոնք մղում էին լուսանկարչությունը ներկայացուցչական և փոխաբերական տիրույթներից անդին կատարելապես անհայտ էին թե՛ հանրությանը, թե՛ Հեքեքյանի կոլլեգաներին: Այնուամենայնիվ՝ տեսողական ռիթմի, ձևերի ու տարածական հարաբերությունների դրանց հետազոտություններն, ակնհայտորեն արմատավորված են Հեքեքյանի ավելի ավանդական, վավերագրական աշխատանքում, որի ներուժը բխում է վերացականացված գեղագիտական ​​հարաբերությունների նույն կաղապարաշարից:

1980-ականների սկզբին թոշակի անցնելուց հետո, Հեքեքյանը վերադարձավ նկարիչ դառնալու իր պատանեկան երազանքին և ստեղծեց երկրաչափական վերացականության տրամասության մեջ արված գծանկարների մի փայլուն շարք։(3) Նրա լուսանկարչական ստեղծագործությունը պարբերաբար ցուցադրվել է 1950-ականների կեսերից ի վեր, սակայն այսօր լիարժեք վերաիմաստավորման կարիք ունի ի դեմս այն փոփոխված ընկալումների, որոնք վերհանում են հետ-ավանգարդային ժամանակաշրջանի խորհրդային լուսանկարչության նախկինում անտեսված բարդությունները:

1) Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 202-204

2) Ю. Криваносов, 'Воин, Фотожурналист, Художник', «Советское Фото», հ.9, 1985, էջ 21 

3) Դրանք պահվում են լուսանկարչի ընտանիքի հավաքածույում, Երևանում։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Հարությունյան, Ն. (կազմ.)։ Սպորտային Հայաստան, ֆոտոալբոմ, Հայպետհրատ, Երևան, 1956

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 202-207

Кривоносов, Ю. «Воин, Фотожурналист, Художник», Советское Фото, но.9, 1985, էջ 21

Այլ նկարներ այս հեղինակից