Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Պետրոս Հարությունյան

1920 - 1930 թվականներ

Պետրոս Հարությունյանի գործնեության մասին այսօր վկայում են Հայաստանի պատմության թանգարանի արխիվներում պահվող մի խումբ լուսանկարներ, որոնք պատկերում են Մեղրի քաղաքի և շրջակա բնակավայրների կոլտնտեսական աշխատանքները, ինչպես նաև Մեղրիի «ազգագրական» հետաքրքրություն ներկայացնող բնակիչներին։ 1920-30-ականներին արված այդ վավերագրական լուսանկարները ուշագրավ և եզակի վկայություններ են Հայաստանի այս պատմական քաղաքի սոցիալիստական կերպարանափոխման մասին։ Հարությունյանի մոտեցումները այդ առումով զարմանալիորեն մոտ են 20-րդ դարասկզբի «սոցիալ-ռեալիստական» լուսանկարչության հայեցակարգին, ըստ որի լուսանկարիչը չի տարանջատում իր դիտարկման առարկային` նրա անմիջական, մշակութային - հասարակական միջավայրից։ Ի տարբերություն ստալինյան ու ազգայնական ժամանակաշրջանների խորհրդահայ լուսանկարչության, ծայրամասում ապրող այս լուսանկարչի գործերը մատուցում են «բանվորական» իրականությունը առանց պրոպագանդիստական կամ ռոմանտիկ գունազարդումների։ Փոխարենը Հարությունյանի նրբանկատ լուսանկարները անաչառ ձևով վավերագրում են` Մերձավոր Արևելքի «ավանդապաշտ» այս համայնքի բնակչության արդիականացման ճիգերը։

Հարությունյանը եղել է այդ թվերին Սյունիքում գործող սակավաթիվ լուսանկարիչներից մեկը։ Դատելով նրա լուսանկարների տեղեկատվական հատկություններից կարելի է ենթադրել որ Հարությունյանը նաև թղթակցել է տեղական մամուլին։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Մեղրի

Մասնագիտացում

վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան