Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գագիկ Հարությունի Հարությունյան

ծն․ 1946

1960 - 1990 թվականներ

Գագիկ Հարությունյանն, ինչպես և Խորհրդային Հայաստանում պրոֆեսիոնալ գործունեություն ծավալած շատ այլ լուսանկարիչներ, հիմնականում ինքնուս է եղել: Տարբեր գործարաններում իբրև մեխանիկ մի քանի տարի աշխատած Հարությունյանը արմատական որոշում է կայացնում՝ լքել լավ վարձատրվող աշխատատեղը և նվիրվել լուսանկարչի անորոշ կարիերային: Նա գործունեությունը սկսում է 1971թ.՝ իբրև «Կոմսոմոլեց» թերթի թղթակից, ապա՝ շուտով աշխատանքի տեղավորվում «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերություն»-ում (ԱՕԿՍ): Այս նախանձելի աշխատատեղը Հարությունյանին թույլ է տալիս հաճախ ճամփորդել Եվրոպա և նույնիսկ՝ Աֆրիկա: Իր ընդգրկուն ֆոտոշարքերի մեծամասնությունը պարբերաբար հրապարակվում է հայաստանյան այնպիսի խոշոր ամսագրերում, ինչպես «Սովետական Հայաստանը», «Հայաստանն այսօրը» և «Գարունը»:
Հարությունյանն այն քիչ խորհրդահայ լուսանկարիչներից է, ով արվեստային լուսանկարչության անհատական ցուցահանդեսներ է ունեցել: 1981թ-ին նա սկսել է ակտիվորեն համագործակցել «Գարուն» ամսագրի հետ, ինչի արդյունքում զգալի ազդեցություն է ունեցել գեղարվեստական լուսանկարչության հանրային ընկալումների փոփոխության վրա:

Թեև Հարությունյանը լուսանկարել է իրականության բոլոր դրսևորումները Հայաստանում, անհերքելիորեն նրա սիրած թեման հայաստանյան գյուղն ու դրա բնակիչներն են: Մերօրյա տեսանկյունից 1970-80-ական թթ. այս լուսանկարները հովվերգական/իդեալական ու գրեթե գեր-ռոմանտիզացված են թվում:

Լուսանկարչին հատկապես հետաքրքրում էր պոետիկ հարաբերությունը մարդկանց և նրանց միջավայրի միջև, որ շեշտադրում էր հոգեղենն ամենօրյա կյանքում: Հեռավորություն պահպանելով բացահայտ քաղաքական մեկնաբանությունից՝ Հարությունյանն, այդուհանդերձ, պատմական փոխակերպումների սրամիտ դիտորդ է: Ժամանակակիցներից Հարությունյանին տարբերում է յուրաքանչյուր թեմայի ուսումնասիրության երկար տևողությունն ու խորությունը: Հաճախ փաստագրելով իրադարձությունների հետևանքները, ինչպես 1988թ. Երկրաշարժը կամ Ղարաբաղյան պատերազմը, նա «աննշան մանրուքի» ուսումնասիրության միջոցով ձգտում է ֆիքսել անցումային ժամանակի մեծ ճշմարտությունները:

Կարիերայի ուշ փուլում Հարությունյանի աշխատանքներն ավելի մռայլ երանգներ են ստանում: Սիմվոլիզմի տարրերը միակցելով էքսպրեսիոնիստական ոճի հետ՝ լուսանկարիչն աստիճանաբար հեռանում է ուղղախոս վավերագրությունից, և իր գործունեությունը նվիրում է լուսանկարչության սուբյեկտիվ ու հղացական մեթոդներին: Թեև այս ջանքերը ոգևորությամբ են ընդունվում արվեստային շրջանակներում, Հարությունյանին բարդ է դառնում ֆինանսապես գոյատևել: Չցանկանլով զիջումների գնալ և այլ ճանապարհ չգտնելով՝ Հարությունյանը 21-րդ դարասկզբին ի վերջո կայացնում է իր ստեղծագործական ուղին դադարեցնելու ցավոտ որոշումը:

Հարությունյանի ժառանգությունը շոշափելի ազդեցություն է թողել երիտասարդ հայ լուսանկարիչների երիտասարդ սերնդի վրա, իսկ նրա ստեղծագործությունը ներկայումս  վերաիմաստավորվում է իբրև 20-րդ դարավերջի հայաստանյան արվեստի կարևոր մաս:

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Գալստյան Վիգեն: Ժամանակի ստվերները. Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995, Լուսադարան հայ լուսանկարչության հիմնադրամ, Մշակույթների երկխոսություն հիմնադրամ, Երևան, 2017

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ196-201

Ցուցահանդեսներ

2017: Ժամանակի ստվերները. Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995, Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Օգոստոս 25-Սեպտեմբեր 9

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից