Արթին, Հովհաննես, Սարգիս Հաջոլյաններ
1890 - 1920 թվականներ
Հաջոլյան Եղբայրների լուսանկարչատունը բացվել է Բուլղարիայի Վառնա քաղաքում, 1892 թվականին: Ժամանակի շատ այլ հայ լուսանկարիչների պես, նրանք հավանաբար Բուլղարիա են արտագաղթել Օսմանյան Կայսրությունից, Համիդյան ճնշումներից դրդված կամ նոր ձեռնարկատիրական հնարավորություններ փնտրելիս: Սկզբնական շրջանում տաղավորը կրում էր միայն Սարգիսի անունը (18?? - 1923) և 1890-ականների երկրորդ կեսին վերանվանվում է «Հաջոլյան եղբայրներ»։ Դատելով արտադրանքի ծավալից, նրանց արվեստանոցը բավականին մեծ հաջողություն էր վայելում և ավագ Հաջոլյաններին աջակցելու համար նրանց հետագայում միացել է նաև կրտսեր եղբայրը` Արթինը։(1) Որոշ տարիներ անց Արթինը առանձնացել է, բացելով իր սեփական «Ապոլո» լուսանկարչատունը նույն քաղաքում։
Հաջոլյանների լուսանկարչատունը ապահովում էր բոլոր տեսակի դիմանկարների պատվերներ։ Հարուստ հարդարված և տեխնիկապես հագեցած տաղավարը տալիս զանազան լուսանկարչական միջոցների, միջավայրերի ու մթնոլորտի ստեղծման հնարավորություն` ըստ պատվիրատուների ճաշակների։ Այնուամենայնիվ, Հաջոլյանների տաղավարային դիմանկարները հիմնականում համապատասխանում են 20-րդ դարասկզբի կոմերցիոն լուսանկարչության ընդհանուր պայմանականություններին։ Արվեստային ավելի լուրջ հայտ էր ներկայացնելու Սարգիսի որդին` Արամ Հաջոլյանը ով 1920-30-ականներին դառնում է գեղարվեստական լուսանկարչության առաջնեկներից մեկը Բուլղարիայում։
Փոխանցվելով ընտանիքի հաջորդ սերնդին Հաջոլյան լուսանկարչատունը շարունակաբար գործել է մոտ երեսուն տարի։
1) Yanka Kyurkchiev’s National Association of Photographic Academy, «Armenskata Sleda v Bolgarskata Fotografiya»,Europe 2001, հ.3, 2001, http://euro2001.net/index.shtml/issues/3_2001/index.shtml?page=photoatelie&file=photoatelie/photoatelie_74.html
Ազգություն
բուլղար, հայ, օսման
Տարածաշրջան
Բուլղարիա, Օսմանյան Կայսրություն
Քաղաք
Վառնա
Լուսանկարչատուն
Հաճօլեան Եղբայրներ
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան։ Քաղաքային Գրադարան, Վառնա