Ռաֆիկ (Ռաֆայել) Միհրանի Համբարձումյան
ծն․ 1932
1950 - 1990 թվականներ
1940-ականներին` պատանեկան տարիքում, հայտնի երևանցի լուսանկարիչ Թորգոմ Բոյաջյանի մոտ ուսանելուց հետո, Ռաֆայել Համբարձումյանը դարձել է ամենաերիտասարդ պրոֆեսիոնալ ֆոտո-լրագրողներից մեկը խորհրդային Հայաստանում։ Որոշ ժամանակ նա աշխատել է Երևան կինոստուդիայում որպես օպերատորի օգնական, իսկ 1957-ից ընդունվել է «Երեկոյան Երևան» օրաթերթի խմբագրություն, որպես հաստիքային լուսանկարիչ։ 1970-ականներից աշխատել է նաև ՀԽՍՀ մշակույթի նախարարությունում և Կենտկոմի հրատարակչությունում։(1)
Իր գերազանց ակտիվության շնորհիվ, Համբարձումյանի բազմաթիվ լուսանկարներ տպագրվել են Հայաստանի հանրապետության գրեթե բոլոր օրաթերթերում և պարբերականներում։ Նրա գործերը նկարազարդել են Հայաստանին նվիրված տարատեսակ ֆոտո-ալբոմներ, ուղեցույցեր և տեղեկատվական բնույթի այլ հրատարակություններ։ Հաճախ մասնակցելով հանրապետական, համամիութենական, ինչպես նաև միջազգային լուսանկարչական մրցույթներին, Համբարձումյանն արժանացել է մի շարք նշանակալի պարգևների։ Հատկապես մեծ հաջողություն էր վայելում նրա` լայնորեն ճանաչված, «Վիրահատությունից հետո (Պրոֆեսոր Ռուբեն Պարոնյան)» (1960) դիմանկարը։ 1999-ին Լոս-Անջելես տեղափոխվելուց հետո լուսանկարիչը շարունակել է իր գործնեությունը մասնակցելով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում կայացած ցուցահանդեսների և մրցույթների։
Իր բազմամյա ստեղծագործական ճանապարհի ընթացքում Համբարձումյանը ստեղծել է հազարավոր լուսանկարներ որոնց նշանակություների ու գեղարվեստական արժանիքների տատանումները չափազանց մեծ են։ Թրծվելով սոց-ռեալիստական և տաղավարային լուսանկարչության միջավայրում, նրա աշխարհայացքը մեծամասամբ սահմանվել է «սուր» սյուժետային ու պատումային բովանդակության փնտրտուքով։ Հատկանշական է, որ 1960-ականներից սկսած Համբարձումյանի գործերում նկատելի էր հստակ ձգտում դեպի ավելի ազատ ու անմիջական ֆորմաներ ու աշխատելաոճ։ Նա այն քիչ խորհրդահայ լուսանկարիչներից է ով նախընտրել է լուսանկարել ֆոտոբռնկման օգնությամբ, ինչն իր լուսանկարներին հաղորդում է կոպիտ ու չոր լուսավորություն, սակայն նաև պատկերի գեր-ռեալիստական որակ։ Ընդհանրապես, իր լավագույն աշխատանքներում Համբարձումյանը զերծ է մնացել հուզական ռոմանտիզմի այն հիմունքներից, որոնցով սովորաբար առաջնորդվել են իր սերնդակից բազմաթիվ այլ խորհրդահայ լուսանկարիչներ։ Անկախ թեմատիկ բնույթից, այդ աշխատանքներում բովանդակությունն ու հղացքը ճակատային են, էպատաժային և առանց խորհրդանշական ենթատեքստերի։
1) Կենսագրական տվյալները քաղված են մատենագրությունում նշված աղբյուրներից։
Ազգություն
ամերիկացի, հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան, Լոս Անջելես
Մասնագիտացում
գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող
Մեդիա
անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն
Մատենագրություն
Համբարձումյան, Ռաֆիկ։ Հավերժի ճամփորդներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2005
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 190-193
Ցուցահանդեսներ
1962։ Անհատական ցուցահանդես, Արվեստի աշխատողի տուն, Երևան
1977։ Անհատական ցուցահանդես, Մոսկվա
1987։ Անհատական ցուցահանդես, Բուդապեշտ
1990։ Անհատական ցուցահանդես, Թեքեյան մշակութային միություն, Լոս Անջելես
1999։ Անհատական ցուցահանդես, Թեքեյան մշակութային միություն, Լոս Անջելես
2000։ Անհատական ցուցահանդես, Իրանահայ մշակութային միություն, Լոս Անջելես