Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Աբրահամ Կիրակոսյան

1871 - 1956

1880 - 1930 թվականներ

Միջին Արևելքում գործող 19-րդ դարի երկրորդ կեսի ամենաճանաչված ու մեծ հաջողություն վայելող լուսանկարչական գործատերերից մեկը ֆրանսիացի Ֆելիքս Բոնֆիսն էր (1831-1885) ով հիմնել է Բեյրութի առաջին խոշոր լուսանկարչատներից մեկը։ Բոնֆիսի գործնեությունը չափազանց մեծ մասշատբների էր և բացի տաղավարային դիմանկարներից ընդգրկում էր նաև Թուրքիայի, Սիրիայի, Եգիպտոսի և Պաղեստինի պատմական վայրերը, տեսարաններն ու ժողովուրդները պատկերող բազմահազարանոց լուսանկարների շարքեր։ Լուսանկարչատան այս ահռելի արտադրական ծավալն ապահովելու համար, Բոնֆիսը պահում էր բավականին մեծ աշխատակազմ, որի մեջ էին իր կինը` Լիդիան և որդին` Ադրիենը:(1) Ֆելիքս Բոնֆիսի մահվանից հետո, լուսանկարչատունը շարունակել է հաջողությամբ գործել սակայն, թերևս Ադրիենի այլ ձեռնարկատերական նախագծերի պատճառով 1909-ին լուսանկարչատան համա-սեփականատեր է դառնում հայ լուսանկարիչ Աբրահամ Կիրակոսյանը։ Տաս տարի անց, 1918-ին, նա Լիդիայից վերջնականապես ձեռք է բերում Բոնֆիսների ընտանեկան գործն ու սևապատկերների ողջ արխիվը։(2)

Ըստ լուսանկարչութան պատմաբան Իրինի Ապոստուլոյի հետազոտության, Կիրակոսյանը 1888-ին Բեյրութ էր տեղափոխվել Երուսաղեմից որտեղ նա աշակերտել է այդ քաղաքի գլխավոր լուսանկարիչ` Կարապետ Գրիգորյանին։(3) Բոնֆիս-Կիրակոսյան համագործակցության մանրամասները հայտնի չեն, սակայն կասկածից վեր է որ Կիրակոսյանը եղել է լուսանկարչատան օպերատորներից մեկը, քանզի այդ տարիներին Ադրիենը արդեն հիմնականում զբաղվում էր հյուրանոցային գործով իսկ Լիդիան արդեն պատկառելի տարիքի կին էր։ Տաղավարի 1918-ի ձեռբերումից հետո, Կիրակոսյանը պահպանել է Բոնֆիսների «բրենդային» անունը և իր կնիքների ու բլանկերի վրա ներկայացել է որպես նրանց իրավահաջորդ։ Նրա` 1920-30-ականների բուն լուսանկարչական աշխատանքը սահմանափակվում էր տաղավարային դիմանկարների պատրաստմամբ։ Դրանք կոկիկ, ճաշակով ձևավորված բայց և միանգամայն մասսայական ստանդարտներին համապատասխանող պատկերներ են։ Այս աշխատանքին զուգահեռ Կիրակոսյանը շարունակում էր թողարկել Բոնֆիսների տեսարանային և ճարտարապետական լուսանկարները ալբոմների և բացիկների տեսքով։ Ստամբուլի Սեբա արվեստանոցի հետ մեկտեղ, Բոնֆիս-Կիրակոսյան հաստատությունը եղել է տարածաշրջանի ամենա երկար գոյատևող լուսանկարչատներից, գործելով առնվազն մինչև 1932 թվականը։(4) 

1) Ֆելիքս Բոնֆիսի մասին տես` William H. Rockett, ‘The Bonfils Story’, Saudi Aramco World, November-December, 1983, էջ 8–31

2) Pierre-Lin Renié. ‘Felix Bonflis’, in John Hannavy, Encyclopedia of Nineteenth-Century Photography, Routeldge, New York, 2013, էջ 174

3) Լուսանկարչի ծննդյան և մահվան թվակաները նույնպես վերցված են այս հետազոտական ակնարկից։ Irini Apostolou, ՛Photographes Français et Locaux en Orient Méditerranéen au xixe siècle։ Quelques Cas de Collaboration՛, Bulletin du Centre de Recherche Français à Jérusalem, հ. 24, 2013, էջ 8

4) Robert A. Sobieszek, Carney E. S. Gavin. Remembrances of the Near East: The Photographs of Bonfils, 1867-1907, International Museum of Photography at George Eastman House and the Harvard Semitic Museum, 1980, էջ 7: Ըստ այլ աղբյուրների լուսանկարչատունը փակվել է 1938-ին։ Տես` Ֆրանսիայի Ազգային Գրադարանի Բոնֆիսների մասին տեղեկատվական էջը http://heritage.bnf.fr/bibliothequesorient/en/felix-bonfils-art

 

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Լիբանան, Պաղեստին, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Երուսաղեմ, Բեյրութ

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Apostolou, Irini . ՛Photographes Français et Locaux en Orient Méditerranéen au xixesiècle։ Quelques Cas de Collaboration՛, Bulletin du Centre de Recherche Français à Jérusalem, հ. 24, 2013, էջ 8

Sobieszek, Robert A. և Carney E. S. Gavin. Remembrances of the Near East: The Photographs of Bonfils, 1867-1907, International Museum of Photography at George Eastman House and the Harvard Semitic Museum, 1980, էջ 7