Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ռոբերտ Կարապետյան

ծն․ 1936

1950 - 1990 թվականներ

1960-ականների սկզբին, Ռոբերտ Կարապետյանը ուսանել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ապա ընդունվել է Հայկական Հեռուստատեսություն որպես ռեժիսոր։(1) Միաժամանակ, շարունակաբար զբաղվել է լուսանկարչությամբ, որով տարված է եղել դեռևս պատանեկան տարիներից։ Իր առաջին լուսանկարները տպագրել է «Ավանգարդ» թերում` 1956 թվականին, ապա 1950-ականների վերջերից սկսել է թղթակցել «Ռեյա Թազա» թերթին, 1961-ին «Կոմսոմոլեցին» իսկ 1965-ին «Հայրենիքի ձայն» թերթին։(2) Կարապետյանը բազմաթիվ ժանրերի վարպետ է, սակայն իր ստեղծագործության մեջ առաջնային տեղ է գրավում հայ մտավորականների ու արվեստագետների վավերագրական դիմանկարները։ Մշակույթի գործիչների իր լայնածավալ պատկերաշարքն ընդգրկում է այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք են Վիլյամ Սարոյանը, Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Վահրամ Փափազյանը, Գոհար Գասպարյանը և բազմաթիվ այլ հայտնիներ։

Կարապետյանը` բեմի և արվեստի այդ վարպետներին նկարահանել է աշխատանքի անմիջական պահերին։ Դրանք «որսված» դիմանկարներ են, որոնցում լուսանկարիչը արտահայտել է իր կերպարների անհատականության առանձնահատկություններն ու մասնագիտական գործնեության բնորոշ կողմերը։ Այդ լուսանկարներում, հայտնի անձիք միաժամանակ իկոնային են ու կատարելապես մարդկային, և տառապում են ոչ թե աստղային տենդով, այլ ստեղծագործական կրքերով։

Թեև Կարապետյանի աշխատանքները բազմիցս տպագրվել են տեղական մամուլում, նա աշխատել է որպես անկախ լուսանկարիչ, ինչը նրա գործերում արտահայտվում է լուսանկարչի անձնական և մտերմիկ մոտեցմամբ։ Ըստ Կարապետյանի, նա նաև լուսանկարել է «Էջմիածնի գանձեր» և «Հայկական գորգ» գունավոր ալբոմների վերատպությունները, սակայն այդ հայտնի հրատարակությունների լուսանկարչական աշխատանքը պաշտոնապես վերագրված է Կարապետյանի մտերիմ ընկեր` Պողոս Պողոսյանին։(3) 

1990-ականների սկզբին Կարապետյանը արտագաղթել է Հայաստանից և այժմ բնակվում է Նյու Յուրքում։ 

1) «Robert Karapetyan: Beyond the colors», 15.08.2016, http://hayernaysor.am, http://hayernaysor.am/en/archives/203513; 

2) Սանթրյան, Վաննիկ: «Ռոպերթ Կարապետեանի 80 Լուսանկարները` Իսահակեանի Անուան Գրադարանում», Սեպտեմբերի 1, 2016, https://hairenikweekly.com/2016/09/01/29191#prettyPhoto

3) (անստորագիր), «Լուսանկարի վարպետը», 12.12.2014, https://www.azg.am/AM/culture/2014122604

Ազգություն

ամերիկացի, հայ

Տարածաշրջան

ԱՄՆ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան, Նյու Յորք

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Դանիելյան, Սամվել: «Արժեքավոր լուսանկար կարելի է ստանալ միայն թաքնված տեսախցիկով», Սեպեմբերի 15, 2015, http://www.aravot.am/2015/09/16/608876/
Սանթրյան, Վաննիկ: «Ռոպերթ Կարապետեանի 80 Լուսանկարները` Իսահակեանի Անուան Գրադարանում», Սեպտեմբերի 1, 2016, http://hairenikweekly.com/2016/09/01/29191#prettyPhoto

Ցուցահանդեսներ

2015: «Սուրբ խաչ, Սուրբ երրորդություն, Հույսի խորան», անհատական ցուցահանդես, Մոսկվա կինոթատրոն, Երևան 
2016: Անհատական ցուցահանդես, Իսահակյանի անվ. գրադարան, Երևան, օգոստոսի 6-12

Այլ նկարներ այս հեղինակից