Բորիս Ավանեսի (Բակուր) Կարապետյան
ծն․ 1941
1960 - 1970 թվականներ
Երևանի Պոլիտեխնիկ Ինստիտուտն ավարտելուց և ինժիներ-տեխնիկի կոչում ստանալուց հետո, Բորիս (Բակուր) Կարապետյանը իր հիմնական գործնեությունը ծավավել է գրականության և արվեստի բնագավառում։ 1986-ից Հայաստանի գրողների միության անդամ է։(1) Հանրապետական մամուլում իր արձակ գործերն ու հոդվածները տպագրել է 1967-ից, իսկ 1988-ից, ներգրավվելով Արցախյան պատերազմում նա հեղինակել է մի շարք վավերագրական ֆիլմեր որոնք ներկայացվել են ազգային հեռուստատեսությամբ։ Կարապետյանը դիմել է նաև գեղանկարչության և լուսանկարչության ստեղծագործական հնարավորություններին, 1970-2000-ականներին ցուցադրելով իր գործերը խմբակային և անհատական ցուցահանդեսներում։
Լուսանկարչական խցիկը Կարապետյանը սկսել է գործածել դեռ երիտասարդ տարիքում` գրականության հետ մեկտեղ։ Նրա բնանկարչական ու ժանրային աշխատանքներն առաջին անգամ լույս են տեսել «Գարուն» ամսագրում, 1960-ականների վերջերին։ Բանաստեղծական ոգով պարուրված այս սև-սպիտակ դրվագներում, Կարապետյանը ձգտել է վերհանել լուսանկարչության նովելիստական հատկությունները։ Կարապետյանին հետաքրքրել է հատկապես մանկության և բնական միջավայրի հարաբերակցությունների թեման։ Քնարական տրամադրությունն այդ լուսանկարներում հանգեցնում է ոչ թե իրատեսական-քննադատական, այլ խորհրդանշական-պատումային դիտարկումների։ Շեշտադրելով մարդու և հողի անքակտելի միասնությունը` արվեստագետը ձգտել է ներկայացնել բնությունը որպես պահպանող և սնուցող մի վեհամբարձ օրրան։
Վերատպված «Գարունի» էջերում, Կարապետյանի այս պատկերները ձեռք էին բերում անտարակուսելիորեն հայրենասիրական երանգներ։ Այդ ուղղվածությունը դառնալու էր առավել ցայտուն 1990-ականների սկզբերին` Ղարաբաղին նվիրված Կարապետյանի ֆիլմերում և լուսանկարչական շարքերում։(2)
1) «Բակուր Կարապետյան», www.wua.am, 01.07.2014, http://wua.am/բակուր-բորիս-ավանեսի-կարապետյան/
2) Վանիկ Սանթրյան, «Բակուր Կարապետյանի յոթ կյանքը», www.hhpress.am, 17.06.2011, http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20110617_9&flag=am
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Ադր.ԽՍՀ, Արցախ, ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Լենինավան (գ., ծն.) Երևան
Մասնագիտացում
գեղարվեստական, սիրողական լուսանկարչություն, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Սանթրյան, Վանիկ։ «Բակուր Կարապետյանի յոթ կյանքը», www.hhpress.am, 17.06.2011, http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20110617_9&flag=am
Սանթրյան, Վանիկ։ «Մարգուշավանի կորած անուրջները», http://westarm.org/12509.html
Ցուցահանդեսներ
2003: «Ճանաչիր հայրենի եզերքդ. Քաշաթաղ», անհատական ցուցահանդես, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան, Երևան
2007։ «111 ակնթարթ Շուշի քաղաք-ամրոցի կյանքից», անհատական ցուցահանդես, Ստեփանակերտի պատկերասրահ