Արտաշես Ա. Լալայանց
1890 - 1910 թվականներ
Արտաշես Լալայանցի կենսագրական տվյալները չափազանց սուղ են: Դատելով պահպանված լուսանկարներից, նա հիմնել է իր առաջին լուսանկարչատունը Ալեքսանդրապոլում և քիչ հետո Կարսում և Թիֆլիսում, 1890-ականների սկզբերին: Իր ակտիվությամբ եղել է այդ ժամանակների ամենագործունյա և հանրաճանաչ լուսանկարիչներից մեկը տարածաշրջանում: Լալայանցի լուսանկարչական տաղավարում սիրում էին լուսանկարվել Կարսի և Ալեքսանդրապոլի միջին և վերին խավի ներկայացուցիչները: Այդ դիմանկարները այսօր ունեն մեծ պատմական և ազգագրական հետաքրքրություն, քանզի լուսանկարվողները հաճախ ներկայանում էին տաղավարում իրենց առավել ճոխ և հարուստ տարազներով և հանդերձներով: Նմանապես` Լալայանցի լուսանկարների շնորհիվ մեզ են հասել Գյումրվա բազմաթիվ վարպետների, երաժիշտների և այլ պատվավոր քաղաքացիների կերպարները: Լուսանկարիչը նաև մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, որոնցից մեկում` «Լուսանկարչական ընկերության» կողմից, 1894թ-ին Թիֆլիսում և Մոսկվայում անցկացված լուսանկարչական ցուցահանդեսում ստացել է մրցանակ։(1)
Լալայանցի թերևս ամենակարևոր աշխատանքն է` 1900թ-ին Ստ. Պետերբուրգում հրատարակված «Կարս քաղաքի և Կարսի նահանգի տեսարանների ալբոմը»: Ֆրանսերեն, հայերեն և ռուսերեն լեզվով այս հրատարակությունը տպվել է օֆսեթային տեխնիկայով և վաճառվել է Թիֆլիսի, ինչպես նաև Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Այն ներառում է մի շարք եզակի լուսանկարներ որոնք ներկայացնում են Կարսի շրջանի բազմամշակութային կենցաղն ու բնակչությունը, ինչպես նաև նահանգի հայկական ճարտարապետության կոթողները:
Ինչպես կարելի է դատել ժամանակագրական առումով վերջին լուսանկարներից, Լալայանցն իր գործնեությունը ավարտել է Թիֆլիսում, բոլշևիկյան հեղափոխությունից առաջ: Ալեքսանդրապոլում գործող Սենեքերիմ Լալայանցը ամենայն հավանականությամբ Արտաշեսի եղբայրն է, կամ մոտիկ հարազատներից։
(1) Սույն փաստը նշված է Լալայանցի լուսանկարչատան կնիքներից մեկի վրա:
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Հայաստան, Ռուսական Կայսրություն
Քաղաք
Ալեքսանդրապոլ, Կարս, Թիֆլիս
Լուսանկարչատուն
Լալայանց
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Լալայանց, Արտաշես։ Կարս քաղաքի և Կարսի նահանգի տեսարանների ալբոմ, Ստ. Պետերբուրգ, 1900
Հավաքածուներ
Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան; Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան; Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի