Միհրան Իրանյան
1890 - 1890 թվականներ
Միհրան Իրանյանի կյանքի և գործնեության վերաբերյալ տվյալները սակավաթիվ են: Հայտնի է, որ նա բացել է իր արվեստանոցը 1891-ին, Կոստանդնուպոլսի` հայկական մշակութային ու քաղաքական կյանքի կենտրոն Պերա թաղամասում: 1895-ին նա սկսել է համագործակցել Գուգասյան անունով մեկ այլ լուսանկարչի հետ: Այդ կապը կարճատև էր և 1900-ականների սկզբին Իրանյանի ձեռնարկատիրությունն արդեն փակված էր: Իրանյանի ալբյումեն լուսանկարներն այսօր ամենա հազվադեպն են Ստամբուլի խոշոր հայկական տաղավարների արտադրած լուսանկարների մեջ և առայժմ մեզ հայտնի են նրա հեղինակած` 300-ից քիչ պատկերներ:
Իրանյանի հետաքրքրության հիմնային առարկան Կոստանդնուպոլսին էր, դրա գեղատեսիլ վայրերը, ճարտարապետական ժառանգությունը, ինչպես նաև այն բազմատեսակ արհեստավորներն ու բանվորները, որոնց կարելի էր գտնել քաղաքի բոլոր փողոցներում: Օգտագործելով ակնհայտորեն փոքր` ավելի լուսաթափանց ոսպնյակով հարմարեցված թեթև տեսախցիկ (որը թույլ էր տալիս առավել ճկունություն և արագ նկարելու հնարավորություն), Իրանյանը կարողացել է բացառիկ հստակությամբ արձանագրել քաղաքի դինամիկ անցուդարձը։ Շարժի մեջ ընկղմված այդ պատկերներն հաճախ դաջված են վավերագրական կենդանության ու անմիջականության զարմանալի ցուցիչներով, ինչը դրանց տարբերակում է Ստամբուլի մյուս լուսանկարչատաների նմանատիպ արտադրանքից։
Իրանյանի բազմաթիվ ժամանակակիցների, օրինակ` Սեբա և Ժոալյեի կամ Գիլյամ Բերգրենի համար բնորոշ էր հնարավորինս հստակ` կատարելապես հավասարակշռված ու ընդգծված մանրամասներով պատկերների ստեղծումը, ինչը «լավ» կոմմերցիոն լուսանկարչի կարևոր չափանիշներից էր: Ի տարբերություն սրա, Իրանյանի փողոցային տեսարանները լի են տարատեսական լուսանկարչական «ճաքերով». շարժման մեջ գտնվող աղոտ ֆիգուրներ, անակնկալի եկած մարդկանց հայացքներ և այլն։ Այդ իսկ պատճառով, նրա պատկերները հաճախ նմանվում են «ակնթարթային» լուսանկարների: Սակայն, Իրանյանի վարպետությունն առաջին հերթին կայանում էր տեղայնքի յուրահատուկ մթնոլորտը փոխանցելու կարողության մեջ: Որսալով Օսմանյան կայսրության մայրաքաղաքը սրընթաց կերպարանափոխման շեմին, լուսանկարիչը նպատակադրված էր հիշատակագրել քաղաքի հինավուրց փողոցներն ու շինությունները` անհետացումից առաջ: Այսպիսով, ինչպես և Յուժեն Ատջեյի փարիզյան փողոցների պատկերաշարքերը, Իրանյանի լուսանկարները նույնպես «նոստալգիկ են ներկաի համար»: Հենց այս մելամաղձոտ գիտակցությունն է որ նրա պատկերներին հաղորդում է դրանց նուրբ հուզական ուժը: Թերևս սա այն պատճառներից մեկն է, որ Իրանյանն ի վերջո ձեռք չբերեց լուրջ հաջողություն որպես կոմերցիոն լուսանկարիչ: Ժողովրդի երևակայությունը տարված էր արդիականությամբ և Իրանյանի համեստ պատկերների թախծոտ ռոմանտիզմը այլևս մոդայիկ չէր: Իր ստեղծած փոքր լուսանկարչական ժառանգությունը, այնուամենայնիվ, կարևոր է Մերձավոր Արեւելքի լուսանկարչության պատմության համար: Նա Օսմանյան կայսրության այն քիչ լուսանկարիչներից էր, ով առանձնանում էր իր անհատական մոտեցմամբ ու սուբյեկտիվ հայացքի դրսևորմամբ, որն արժանի է լուրջ մասնագիտական վերանայման։
Ազգություն
հայ, օսման
Տարածաշրջան
Օսմանյան Կայսրություն
Քաղաք
Կոստանդնուպոլիս
Լուսանկարչատուն
Մ. Իրանյան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Oztuncay, Bahattin. The Photographers of Constantinople, vol.1, Aygaz, Istanbul, 2003, p.315
Հավաքածուներ
Գետի թանգարան, Լոս Անջելես; Լուսադարան հայկական լուսանկարչության հիմնադրամ, Երևան