Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Լևոն Իսկանդարյան

ծն․ 1949

1980 - 1990 թվականներ

Լուսանկարչության հանդեպ իր սերը Լևոն Իսկանդարյանը դրսևորել է դեռևս դպրոցական տարիքից։ Աշխատել է որպես հաստիքային լուսանկարիչ Հայկական Սովետական Հանրագիտարանի խմբագրությունում և որպես ազատ ֆոտոթղթակից համագործակցել է «Գարուն» և «Սովետական Հայաստան» ամսագրերին։(1)

«Գարունում» հրատարակված նրա լուսանկարները ժանրային ու անեկդոտային բնույթի մանրապատումներ են, ինչպես նաև դիմանկարներ, անիմալիստիկա և բնանկարներ։ Իսկանդարյանին առավել հարազատ էր Կարտիեր-Բրեսոնի մարդասիրական լուսանկարչության մոտեցումները, որտեղ գլխավոր նպատակը` «որոշիչ պահի» որսումն է։ Այդ իսկ պատճառով, նրա պատկերները հաճախ ներկայացնում են մարդկանց շարժման ու հոսքի մեջ։ Հատկապես հետաքրքիր են նրա փողոցային, «աննկատ» արված լուսանկարները, որոնցում հստակ արտահայտված է Իսկանդարյանի լավատեսական և կյանքի փոքր անհեթեթություններն արժեվորող աշխարահայացքը։ 

Սակայն լուսանկարիչը չէր սահմանափակվում լոկ անեկդոտային դեպքերի ու պահերի արձանագրումով։ Նրա լուսանկարներն օժտված են իմպրեսիոնիստական արտահայտչականությամբ ու վարպետորեն կառուցված կոմպոզիցիաներով, ինչը սակայն երբեք ինքնանպատակ չէ և միշտ ծառայում է լուսանկարի ռեալիստական–գաղափարական բովանդակությունը բացահայտելու նպատակին։ 

Իր սերնդակից այլ լուսանկարիչների պես Իսկանդարյանը հաճախ է մասնակցել գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսներին թե Երևանում և թե արտերկրում։(2) 1980-ականների սկզբին նաև անդամակցել է «Էրեբունի» ֆոտոսիրողների ընկերությանը, որտեղ հաճախում էին Գագիկ Հարությունյանը, Վահան Քոչարը և մի շարք այլ նշանավոր հայ լուսանկարիչներ։ 

1) «Լևոն Իսկանդարյան», Գարուն, հ.11, 1984, էջ 80

2) Ցավոք դրանց մանրամասները մեզ հայտնի չեն։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Անստորագիր, «Լևոն Իսկանդարյան», Գարուն, 1984, հ.11, էջ80-81

Այլ նկարներ այս հեղինակից