Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Թորոս Հարությունի Թորոմանյան

1864 - 1934

1900 - 1930 թվականներ

Թորոս Թորամանյանի հիմնային ներդրումն որպես հայ ճարտարապետության պատմության առաջին սիստեմատիկ ուսումնասիրողը, արդեն ակնհայտ էր իր առաջին իսկ հետազոտական աշխատանքներից։ Նաև արժեքավոր է նրա գործնեությունը պատմա֊ճարտարապետական լուսանկարչության դաշտում, որտեղ նա թողել է ահռելի ժառանգություն։ Մասնագիտական կրթությունը Թորամանյանը ստացել է Ստամբուլի Գեղարվեստի ճեմարանում, որի ճարտարապետական բաժինը ավարտել է 1893-ին։ Իր գործնեության սկզբնական շրջանում նախագծել է մի շարք առանձնատներ Թուրքիայում և Բուլղարիայում, սակայն ինչպես նշում է Կարո Ղաֆադարյանը «Թորոմանյանին բոլորովին չէր հրապուրում ճարտարապետական ընթացիկ շինարարությունը, նա ձգտում էր դառնալ ճարտարապետության տեսաբան»։ (1) 1900-ից մի քանի տարի շարունակ ապրում է Եվրոպայում, որտեղ` Փարիզի համալսարաններում դասախոսությունների հաճախելով, զարգացնում է իր տեսական գիտելիքները։ Նրան Հայաստան է բերում փարիզաբնակ հայագետ Կարապետ Բասմաջյանը, ում հրավերով Թորոմանյանը 1903֊ին այցելում է Անի ու մի քանի ամիս շարունակ այնտեղ չափագրություններ ու հետազոտություններ է կատարում։ Այդ ժամանակ նա որոշում է կայացնում մնալ Արևելյան Հայաստանում և լիովին նվիրվել հայկական ճարտարապետության ուսումնասիրման աշխատանքին։ Հաջորդ տարի նրան հաջողվում է հետևել Խաչիկ Դադյանի կողմից կատարվող Զվարթնոցի պեղումներին և միանալ Նիկողայոս Մառի Անիի արշավախմբին։ Ընդհուպ մինչև 1920-ականների սկիզբը Թորամանյանը շարունակել է իր դաշտային ուսումնասիրությունները` չափագրելով ու լուսանկարելով Արարարտյան դաշտավայրի ճարտարապետական հուշարձանների ստվար մասը։

Լուսանկարչությունը Թորոմանյանի համար իր հետազոտական աշխատանքի կարևոր բաղադրիչներից մեկն էր և այդ բնագավառում նա եղել է նույնքան բծախնդիր որքան որ իր չափագրումների ու վերլուծական հոդվածների մեջ։ Ինչպես նշում է Արտաշես Վրույրը` գիտնականը լուսանկարչությունը սովորել է Անիում, որպեսզի կարողանա անմիջապես, և իր ուզածի պես լուսանկարել հուշարձանը։ Նա շատ մանրակրկիտ ձևով էր պատրաստվում այդ գործին, միշտ սպասելով հուշարձանի համար առավել ճիշտ լուսավորությանը։(2) Նա նախընտրել է գործածել ավելի հնաոճ` 24х30 չափի տեսախցիկ ու խորը տեսադաշտով ոսպնյակ, նկարահանելով Լումյեր ֆիրմայի ապակե սևապատկերների վրա, ինչը Թորամանյանին թույլ էր տալիս ստանալ առավել բարձր որակի ու հստակության պատկերներ։ Նրա` հետազոտական լուսանկարները արված են հնարավորինս անաչառ ու շիտակ դիտանկյունից, պատկերը զերծ պահելով օպտիկական աղավաղումներից։ Այդ առումով կարևոր է նշել որ ճարտարապետը նաև խուսափել է շինությունները` «գեղեցկացնելու» գայթակղությունից, ներկայացնելով դրանց ճարտարապետական ընդհանուր վիճակը իր թերություններով հանդերձ։ Դրանով իսկ պայմանավորված է այդ լուսանկարները մեծ պատմական արժեքը այսօր։ Ցավոք, Թորամանյանի լուսանկարչական վավերագրումների զգալի մասը անհետացել ու ոչնչացվել է 1910-20-ականների պատերազմական դեպքերի ժամանակ։ Այն ինչ պահպանվել է, այսօր սփռված է Հայաստանի տարբեր թանգարանների և արխիվների հավաքածուներով մեկ։ Անհրաժեշտ է այդ ժառանգությունը ի մի բերելով նորովի դիտարկել Թորամանյանի կարևոր դերը Հայաստանում՝ճարտարապետության հետազոտական լուսանկարչության կայացման գործի մեջ։ 

1) Կարո Ղաֆադարյան, «Թորոս Թորամանյան», հ1, 1964, Պատմա-Բանասիրական Հանդես, էջ 15-24

2) Արտաշես Վրույր, Անիում, Սովետական գրող, Երևան, 1979, էջ54-55

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Բուլղարիա, Հայաստան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Շապին-Գարահիսար (ծն.), Կոնստանդնուպոլիս, Սոֆիա, Անի, Թիֆլիս, Ալեքսանդրապոլ, Վաղարշապատ, Երևան

Մասնագիտացում

արխիվային, գիտական, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Ղաֆադարյան, Կարո։ «Թորոս Թորամանյան», հ.1, 1964, Պատմա֊Բանասիրական Հանդես, էջ 15֊24

Վրույր, Արտաշես։ Անիում, Սովետական գրող, Երևան, 1979, էջ 54-55

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 168

Հավաքածուներ

Հայաստանի Պատմության Ազգային Թանգարան, Երևան