Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ջոն (Հովհաննես?) Դե Միրջյան (Դեմիջյան)

1896 - 1928

1920 - 1920 թվականներ

Նյու֊Յորքի թատերական աշխարհի և վերնախավի լուսանկարչությունը գրեթե ինքնուրույն բնագավառ են ամերիկյան լուսանկարչության պատմության մեջ։ «Բրոդվեյի լուսանկարիչ» կոչումը նշանակում էր լինել բեմի աստղերի` պարուհիների, երգիչների, դերասանների և ներկայացումների գովազդային լուսանկարների մատակարարող։ 1920-ականներին այդ լուսանկարիչներից առավել հայտնի ու սկանդալային էր, Խարբերդում ծնված և 1900-ականներին ԱՄՆ գաղթած Հովհաննես (՞) Դեմիրջյանը։ Նրա կենսագրության տվյալները աղոտ են։(1) Հայտնի է որ Դեմիրջյանը հաստատվել էր Նյու-Յորքում իր երկու եղբայրների ու երկու քույրերի հետ միասին և որոշ ժամանակ անց բացել է իր սեփական, ընդարձակ տաղավարը 1599 Բրոդվեյ հասցեում։ Այն մեծ համբավ է վայելել որպես բեմական լուսանկարչության լավագույն կետերից մեկը Նյու Յորքում։ Ձևափոխելով իր անունը ավելի եվրոպականացված Դե Միրջյանի, Հովհաննեսը շատ արագ հայտնվում է քաղաքի բոհեմական ու վերնախավային շրջանակներում։ Նա համագործակցում էր Բրոդվեյի հայտնի իմպրեսարիո և ագենտ Ըրլ Քերոլի հետ, որի «The Vanities» բեմական շոուն հայտնի էր որպես Նյու Յորքի ամենագռեհիկ ու սկանդալային շոուն։

Այնուամենայնիվ, Դե Միրջյանի տաղանդը չէր զիջում իր համբավին և իր գլամուրային պատկերներից ուզում էին ունենալ 1920-ականների այն բոլոր սկսնակներն ու աստղերը որոնք ինչ որ առնչություն ունեին Բրոդվեյի թատրոնների հետ` Լուիս Բրուկը, Ջոան Քրոֆորդը, Բասբի Բերկլին և շատ ուրիշներ։ Դե Միրջյանի` շլացուցիչ վարպետությամբ արված լուսանկարները սեքսուալ և թատերականացված ֆանտազիաներ են որոնք կարելի է համարել այդ ժամանակներում ամենատարածված «Արտ Դեկո» ոճի կատարյալ մարմնավորումը լուսանկարչության մեջ։ Միզանսենի հնարամտությամբ ու դրամատիկական լարվածությամբ օժտված խմբակային պատկերները առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում այդ առումով։ Դրանք տպագրվում էին «Art Monthly» և «Artists and Models» ամսագրերում, որոնց կարելի է համարել ամերիկյան էրոտիկ ամսագրերի նախատիպերը։(3) Լուսանկարչին երբեք չի հետաքրքրել իր կերպարների հոգեկան կամ զգայական աշխարհը։ Փոխարենը նա աշխատել է մարդուն ներկայացնել լոկ որպես պատկեր ու գեղագիտական հաճույքի առարկա։ Հատկանշական է որ այդ աշխատանքներից շատերը արված են ավելի շուտ որպես էրոտիկ պատկերներ, քանց դե դիմանկարներ, ինչը երիտասարդ պարուհիների համար հաճախ միակ միջոցն էր Բրոդվեյի փակ ու դաժան աշխարհում հայտնվելու համար։(3) Չնայած այդ գործերի արտաքին գեղեցկությանը, այսօր նաև ակնհայտ է որ դրանցում կինը ապրանքայնացված է և շահագործված լուսանկարչի և նրա լուսանկարների սպառողների կողմից։ 

1927֊ին, Դե Միրջյանի կինը` Օլգան, դատարանի միջոցով բաժանվում է ամուսնուց, պահանջելով Դե Միրջյանի զգալի դրամական ունեցվածքի կեսը։ Դրանից ոչ շատ անց, 1928-ի սեպտեմբերի 24-ին, լուսանկարիչը իր մեքենայով ավտովթարի է ենթարկվում ու մահանում է։(4) Ինչպես և շատ արևմտահայ լուսանկարիչների դեպքում, նրա ընկերությունը ընտանեկան էր, և Հովհաննեսի մահից հետո Դե Միրջյան արվեստանոցի գործական է դառնում նրա եղբայրը` Արտոն։

 

1) Ծննդյան թիվն ու վայրը տրված է Ամերիկյան քաղաքացիության դիմումի մեջ։ 

2) Դեյվիդ Ս. Շիլդս։ «John De Mirjian», http://broadway.cas.sc.edu/content/john-de-mirjian

3) Իր հայտնի մոդելներից մեկը Լուիս Բրուկսը Դե Միրջյանին դատի է տվել առանց թույլատվություն վերցնելու` մերկ նկարներ անելու ու տարածելու համար։ 

4) New York Times, սեպտեմբերի 9, 1928, էջ 23

Ազգություն

ամերիկացի, հայ

Տարածաշրջան

ԱՄՆ, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Խարբերդ (ծն.), Նյու Յորք

Լուսանկարչատուն

Դե Միրջյան

Մասնագիտացում

գեղարվեստական, լուսանկարչատուն, կոմմերցիոն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

New York Times, սեպտեմբերի 9, 1928, էջ23

Shields, David։ «John De Mirjian», http://broadway.cas.sc.edu/content/john-de-mirjian

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից