Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

ԶԱՎԵՆ ԲՇՏԻԿՅԱՆ

1930 - 2018

1950 - 1980 թվականներ

Զավեն Բշտիկյանը խորհրդահայ շրջանի ամենագործունյա լուսանկարիչներից մեկն է։ Իր մասնագիտությանը ծանոթացել է դեռահաս հասակում, Բեյրութում, իսկ 1946-ին Հայաստան ներգաղթելուց հետո անցել է աշխատանքի «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես ֆոտոթղթակից։ Այդտեղ հմտացել է լուսանկարիչ Պարգև Չոլագյանի ղեկավարության ներքո։ Բշտիկյանի ինքնուրույն լուսանկարչական ուղղին սկսում է 1952-ից, երբ նա դառնում է «Հայաստանի Աշխատավորուհի» ամսագրի գլխավոր լուսանկարիչը։ Ամսագրի թեմատիկ բնույթը առիթ է տվել Բշտիկյանին ստեղծել կնոջ կերպարը ներկայացնող մի ստվար լուսանկարչական պատկերասրահ։ Այն եզակի է հայ լուսանկարչության պատմության մեջ թե իր ծավալով և թե իր մշակութաբանական արժեքով։ Ինչպես և կարելի է սպասել, պրոպագանդիստական միտումներով արված այս «վավերագրական» ֆոտոռեպորտաժները ունեին իդեալականացված բնույթ։ Մի կողմ թողնելով իրարամերժ իրականությունը, դրանք առաջարկում էին սոցիալիստական ուտոպիայի բարքերը՝ երջանիկ, գեղեցիկ և անհոգ կանանց պատկերների միջոցով։ Այնուամենայնիվ, Բշտիկյանի բնապաշտական (նատուրալիստական) լուսանկարները ներկայացնում էին խորհրդային Հայաստանի կանանց որպես կյանքի բոլոր բնագավառներում ընդգրկված անհատներ։ Ամսագրի հոդվածներին զուգահեռաբար լուսանկարները դավանում էին կնոջ առաջադեմ կերպարը, միևնույն ժամանակ փորձելով համատեղել այն ավանդական, պահպանողական հայացքների հետ։ Այս ընդարձակ արխիվի մեջ հատուկ նշանակություն ունեն Բշտիկյանի՝ կանանց նորաձևությունը գովազդող լուսանկարները։ Այսօր հայաստանյան դիզայնի այս բնագավառի պատմության մասին հիմնականում կարելի է պատկերացում կազմել միայն իր լուսանկարների միջոցով։ 

Ըստ Վահան Քոչարի՝ Բշտիկյանը կյանքի ողջ ընթացքում տարված է եղել նաև գեղանկարչությամբ։ Նկարչության հանդեպ այդ սերը ակնհայտ է լուսանկարչի գունավոր լուսանկարներում՝ որոնք անկասկած նրա առավել կատարելագործված և հղկված աշխատանքներն են։ 1985-ին, դադարելով իր լուսանկարչական գործնեությունը, Բշտիկյանը հիմնովին տրվում է նկարչական իր հոբիին։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Լիբանան, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Բեյրութ (ծն.), Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, գովազդային, վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 119

Այլ նկարներ այս հեղինակից