Արտաշես Բաբայան
1980 - 1990 թվականներ
Մասնագիտացում ստանալով որպես օպերատոր, Արտաշես Բաբայանը երկար տարիներ աշխատել է հայկական հեռուստատեսությունում։ Լուսանկարչությամբ տարվել է 14 տարեկանից, սակայն այդ ասպարեզում լուրջ հայտ է ներկայացրել 1980-ականների վերջերին միայն։ (1) Ազդված Մերձբալթյան ու արևելաեվրոպական գեղարվեստական լուսանկարչության ավանդույթներից, իր գործունեությունը ծավալել է հիմնականում գեղարվեստական ու փորձարարական լուսանկարչության բնագավառում։ Բաբայանը` «ակտ» կամ մերկանկարի ժանրի առաջին լուրջ վարպետներից է խորհրդահայ լուսանկարչության պատմության մեջ։ Այդ կարգի լուսանկարներով նա հաջողությամբ մասնակցել է մի քանի համամիութենական ու միջազգային մրցույթների ստանալով մեդալներ Ժողովրդական տնտեսության նվաճումների համամիութենական ցուցահանդեսում (1987թ.), «Վենուս» ֆոտոսալոնում (1989թ.) և Տարտույի «Կինը ֆոտոարվեստում» ցուցահանդեսում, որտեղ նրան շնորհվել է գլխավոր մրցանակը։
Բաբայանի լուսանկարներում իշխում է պոետիկ-փիլիսոփայական տեսլականը։ Ինչպես ինքը լուսանկարչն է նշում, իր աշխատանքներում արտացոլված է էքզիստենցիալիստական այն համոզումը ըստ որի «մարդն ապրում է ոչ թե ինչ որ բանի, այլ պարզապես ապրելու համար»։(2) Ըստ այդմ, դիտարկելով կանացի մարմինը, Բաբայանին հետաքրքրում է ոչ թե հոգևոր նեցուկի բացահայտումը այլ մարմնական իրավիճակների անսահման կերպանափոխումների հնարավորությունը։ Առաջնորդվելով Էպիկյուրյան փիլիսոփայության գաղափարներով, Բաբայանը շեշտում է տեսողական հաճույքի կարևորությունը որպես աշխարհընկալման և ինքնաճանաչման միջոց։ Նրա լուսանկարներում, դիտարկման նյութը գրեթե միշտ ներկայանում է կնոջ առարկայացված մարմնի տեսքով և հաճախ տեղահանված է սոցիալական կոնտեքստից ու հառնում է որպես տղամարդու սեռականացված հայացքի ներքո գտնվող գեղագիտական հաճույքի աղբյուր։ Այդ բեմադրված երևակայական պատկերներն ուղղակիորեն մատնանշում են սեռական և անհատական ազատության պահանջները 1980-ականների հայաստանյան մշակույթում ինչպես նաև արևմտյան ժամանակակից արվեստի ուղղությունների հետ մերձեցման փորձերը։
Հատուկ ուշադրություն դարձնելով լուսանկարի` որպես արվեստային առարկայի կարգավիճակին, Բաբայանը կարևորում էր հեղինակային տպածոյի մշակման կատարելությունը։ Կիրառելով բազմաթիվ փորձարարական հնարքներ տպագրության ընթացքում, նա լուսանկարը հասցնում էր գրեթե գրաֆիկական որակի, շեշտելով բուն աշխատանքային պրոցեսը։ Նրա գաղափարներն ու հայացքները լուսանկարչության վերաբերյալ մեծ խթան հանդիսացան Հայաստանում` գեղարվեստական լուսանկարչության զարգացման համար։ Մի խումբ երիտասարդ համախոհների հետ մեկտեղ Բաբայանը առանցքային դեր է ունեցել 1990-ին հայ լուսանկարիչների ստեղծագործական միության հիմնադրման մեջ։ Ցավոք, այս միության գործունեությունը չափազանց կարճ է տևել և 1990-ականների սկզբերին Բաբայանը տեղափոխվել է Ռուսաստան, ինչից հետո շուտով դադարել է լուսանկարչական գործունեությունը։
1) Կարեն Քոչարյան, «Կինը լուսարվեստում», Արվեստ, հ.6, 1990, էջ56-59
2) Արտաշես Բաբայան, «Արտաշես Բաբայան», Արվեստ, հ2-3, 1991, էջ, 25
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ, Ռուսաստան
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
գեղարվեստական, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Կարեն Քոչարյան, «Կինը լուսարվեստում», Արվեստ, հ.6, 1990, էջ56-59
Արտաշես Բաբայան, «Արտաշես Բաբայան», Արվեստ, հ.2-3, 1991, էջ25
Ցուցահանդեսներ
1987: Ժողովրդական տնտեսության նվաճումների համամիութենական ցուցահանդես, Մոսկվա
1989։ «Վենուս» ֆոտոսալոն, մրցութային ցուցահանդես
1990։ «Կինը ֆոտոարվեստում», Տարտու, մրցութային ցուցահանդես