Գարիկ Ավանեսյան
ծն․ 1959
1980 - 2010 թվականներ
Արմատներով Արցախից Գարիկ Ավանեսյանը ծնվել է Բաքվում, ուր ստացել է իր միջնակարգ կրթությունը, այնուհետև, Սումգաիթյան իրադարձություններից հետո տեղափոխվել է Ալմաթա։ Ղազախստանում հաճախել է համալսարան ուսանելով ժուռնալիստիկա, սակայն 1992-ին որոշում է թողնել կրթությունն ու մեկնել Մոսկվա, ուր ծավալել է բիզնես գործնեություն։ Հաջողության չհասնելով, նա կրկին արտագաղթում է 1995-ին, հաստատվելով Պրագայում։ Այստեղ էլ սկսում է լրջորեն զբաղվել լուսանկարչությամբ, որով Ավանեսյանը տարված էր դեռ պատանեկության տարիներին։ (1)
Ինտեգրվելով Պրահայի լուսանկարչական եռուն միջավայրում, Ավանեսյանը ակտիվ գործնեություն է ծավալում թե՛ կոմմերցիոն, թե՛ վավերագրական լուսանկարչության բնագավառներում։ 2002-ից նա հրատարակում է եռալեզու Photo Art ամսագիրը, որը մեծ ճանաչում է վայելում առ այսօր Չեխիայում և արևելաեվրոպական մի շարք երկրներում։
Կոմերցիոն կամ գովազդային լուսանկարչությանից դուրս, Ավանեսյանի ստեղծագործական պրակտիկան հիմնականում ծավալվում է վավերագրական լուսանկարչության և մերկանկարի ժանրերում։ Առավել հիշարժան են նրա` Ղազախաստանում, Ուզբեկիստանում, Կիրգիզստանում, Ռուսաստանում, Չեխիայում, Հայաստանում և հատկապես Արցախում արված բազմաթիվ վավերագրական շարքերը։ Գրեթե ամեն տարի այցելելով իր նախնիների հայրենիքը, Ավանեսյանը ներկայացնում է այն ապավինվելով դասական, մարդասիրական լուսանկարչության լավագույն ավանդույթներին։ Տեսախցիկը ուղղելով հասարակ մարդուն, գյուղացուն և երեխաներին, լուսանկարիչը արձանագրում է Հայաստանի առօրեական կյանքը առանց պերճախոս մեկնաբանությունների, դիտարկելով երկրի ու դրա բնակիչների զուգահեռները այլ մշակույթների և ազգերի հետ։ Հովերգական ու նոստալգիայով լի այդ մոտիվներում, «Արևելքը» բացահայտվում է ոչ թե որպես էկզոտիկ մի դրախտավայր, այլ կյանքի արմատական օրակարգն ու հակասությունները պարզորոշ արտացոլող մի միջավայր։ Թեև այդ շարքերը որոշ դեպքերում մոտենում են պարզունակության ու սենտիմենտալության շեմին, Ավանեսյանի հայացքը մնում է անբասիր և հուզող իր համամարդկային եզրեր փնտրող դիրքորոշման մեջ։
Շուրջ 20 տարվա ստեղծագործության ընթացքում, Ավանեսյանը ցուցադրել է իր աշխատանքները հիսունից ավել անհատական և խմբակային ցուցահանդեսներում և հեղինակել մի քանի ֆոտոգրքեր, որոնցից վերջինը` «Գարիկ Ավանեսյանն ու իր հայերը» ներկայացնում է լուսանկարչի հայկական ճամփորդությունների ընդհանուր համայնապատկերը։
1) Лилит Мкртчян. '«Посредством фотографии мы пишем свою биографию» — Гарик Аванесян', 2016, http://barev.today/news/garikavanesyan
Ազգություն
հայ, չեխ
Տարածաշրջան
Ադր.ԽՍՀ, Արցախ, ԽՍՀՄ, Հայաստան
Քաղաք
Բաքու, Պրագա
Մասնագիտացում
գեղարվեստական, գովազդային, կոմմերցիոն, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն
Մատենագրություն
Avanesian Garik. Garik Avanesian and his Armenians, Photo Art, Prague, 2016
Мкртчян, Лилит. '«Посредством фотографии мы пишем свою биографию» — Гарик Аванесян', 2016, http://barev.today/news/garikavanesyan
Ցուցահանդեսներ
2011: Արդյունաբերական սիմֆոնիա. լուսանկարչությունը և հետ-արդյունաբերական դարաշրջանը, ՆՓԱԿ, Երևան
2016։ Գարիկ Ավանեսյանն ու իր հայերը, անհատական ցուցահանդես, Panny Marie Sněžné, Պրահա, հունվարի 10
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան