Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

ԱՐԱՄ ԱԼԲԱՆ

1883 - 1961

1910 - 1950 թվականներ

1880-1950-ականներին Եգիպտոսում գործունեություն ծավալած բազմաթիվ հայ լուսանկարիչների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի Արամ Ալբանը: Կարկառուն անհատականությամբ ու տաղանդով աչքի ընկած Ալբանը անժխտելի հետք է թողել Միջին Արևելքի լուսանկարչության պատմության վրա, և եգիպտական ու հայկական մոդեռնիստական լուսանկարչության ձևավորման առանցքային ֆիգուրներից է եղել:

Բարեկեցիկ միջին դասի ընտանիքում զավակ Ալբանը լավ կրթություն է ստացած լինում արվեստի ու երաժշտության բնագավառում: Պատանեկության տարիներին հմայվում է տեսախցիկով և աշակերտում ալեքսանդրիացի լուսանկարիչներ Բելյանին ու Թաշջյանին, ապա, բավարար ինքնավստահություն ձեռք բերելով՝ 1910թ. բացում է սեփական ստուդիան: Ալբանը քաջատեղյակ էր  եվրոպական լուսանկարչության վերջին զարգացումներից (Ալբանը պարբերաբար ճամփորդում էր այնտեղ)՝ և հրաշալի տիրապետում էր գերմանացի և ֆրանսիացի արհեստանոցային լուսանկարիչների նախասիրած՝  փափուկ ֆոկուսով գլամուր ոճը: Դիմանկարչության այդ մոտեցումը, որը պատկերվողին տեղափոխում էր պերֆորմանսի ու պատրանքի/մտահաճույքի իրակույթ, մեծ ժողովրդականության է արժանանում, ինչի շնորհիվ Ալբանը Եգիպտոսում արագորեն հասնում է հաջողության գագաթնակետին:

Հասկանալով, որ Եգիպտոսից դուրս իրեն մեծ ապագա է սպասվում, նա Ալեքսանդրիայի արհեստանոցը թողնում է իր օգնական Աբգար Ռեթյանին և 1920-ականների սկզբին տեղափոխվում է Եվրոպա: Արհեստանոց է հիմնում Բրյուսելում, իսկ մի քանի տարի անց մասնաճյուղ է բացում նաև Փարիզում: Հաշվի առնելով ահռելի մրցակցությունը՝ այս ձեռքբերումը չէր կարող հաղթանակ համարվել կարճահասակ հայ գաղթականի համար: Փայլուն տիրապետելով առնվազն չորս լեզուների՝ կայացած երաժիշտ և սրամիտ զրուցակից Ալբանը հեշտությամբ կարողանում էր պատվերներ ստանալ նորաձևության, թատրոնի, կինոյի և ազնվականության ներկայացուցիչներից (Բելգիայի ու Եգիպտոսի թագուհիները նրա մշտական հաճախորդների թվում են եղել):

Ալբանն այդ շրջանի այն սակավաթիվ հայ լուսանկարիչներից էր, ովքեր իրենց համարում էին արվեստագետ՝ ոչ պարզապես արհեստավոր: Լիովին ներգրավվելով արդիական մշակույթի բոլոր ձևերի մեջ՝ նա, այնուամենայնիվ, սթափ աշխարհայացք է պահպանում, և հակվում է մի ոճի, որն ավանգարդիստական տեսք ունենալով հանդերձ՝ զարմանալիորեն կլասիցիստական էր: 1930-ականների ընթացքում Ալբանը հատկապես տպավորված էր սյուռեալիզմով, ու հիացուցիչ կոմպոզիցիաներ ստեղծելու համար լուսանկարչական տարբեր փորձեր էր անում՝  իր գործերում օգտագործելով կրկնակի էքսպոզիցիա, սոլյարիզացիա ու ապակողմնորոշող հատումներ: Ստվերների, հաճախ՝ սեփական մարմնի ստվերների  խաղը հատկապես սիրելի հնար էր, որի միջոցով նա կարողանում էր բարեհամբույր տեսք ունեցող տարածքը փոխակերպել լարումով ու դրամայով հղի պատումի: Նրա էսթետիկան աչքի է ընկնում նրբագեղությամբ, որը մեծ ազդեցություն է ունեցել իր հետ առնչված լուսանկարիչների վրա: Ալբանի գործերը ներառվել են 1935թ. «Մերկ ֆորմաներ» հանրահայտ անթոլոգիայում, որը հեղինակին դասում է այնպիսի ֆիգուրների շարքում, ինչպես Ման Ռեյը, Բրասսային, Դրիտկոլը, Քերտեշը, Մոհոլի-Նագին ու Դոռա Մաարին՝ այդպիսով հաստատելով Ալբանի հիրավի միջազգային վարպետությունը:

Վրահաս Երկրորդ համաշխարհային պատերազմը Ալբանին ստիպում է 1940թ.  վերադրառնալ Ալեքսանդրիայի՝ համեմատաբար հանգիստ ու հարմարավետ միջավայր: Չցանկանալով մրցել Աբգար Ռեթյանի հետ, Ալբանը որոշեում է տեղափոխվել Կահիրե: Սուր, զգացագական ու էրոտիկայով լեցուն մոդեռնիստական ոճը, որ նա մշակել էր Եվրոպայում, անմիջապես սկսում է անդրադառնալ իր տեղացի, հիմնականում՝ հայ մրցակիցների աշխատանքների վրա: Ոգեշնչվելով Ալբանից՝  իրենց կոլորիտային ոճերը մշակել են լուսանկարիչներ Վան Լեոն, Անգելոն ու Արմանը: Երբ վերջինիս կրտսեր հետևորդներից մեկը՝ Անդրանիկ Քոչարը 1946թ. տեղափոխվում է Խորհրդային Հայաստան, նա եգիպտացի վարպետի ոճային  միտումներով  արմատականորեն փոխակերպում է Խորհրդային Հայաստանի՝ գեղարվեստական տեսանկյունից գորշ լուսանկարչական համատեքստը:

Դժվար է գերագնահատել Ալբանի դերը մի լուսանկարչական դպրոցի զարգացման գործում, որը հետագայում ստացավ  «կահիրեական» անվանումը: Իբրև բազում սփյուռքահայ լուսանկարիչների ուսուցիչ՝ նա արժանի է հայտնի լինել իբրև հայկական լուսանկարչության հիմնադիր ֆիգուրներից մեկը՝ Աբդուլլա եղբայրների և Անդրանիկ Քոչարի հետ մեկտեղ: Նրա ստեղծագործությունը փայլուն խառնուրդ է՝ լուսանկարչության գեղարվեստական ներուժի բացահայտման և արևելյան ու Եվրոպական գեղագիտական զգայունակության:

Ազգություն

եգիպտացի, հայ

Տարածաշրջան

Բելգիա, Եգիպտոս, Հայաստան, Ֆրանսիա

Քաղաք

Կոնստանդնուպոլիս (ծն.), Ալեքսանդրիա, Կահիրե, Փարիզ, Բրյուսել

Լուսանկարչատուն

Ալբան

Մասնագիտացում

գեղարվեստական, գովազդային, լուսանկարչատուն, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Maria Golia, Photography and Egypt, Reaktion books, London, 2010, pp95-101.
Akram Zaatri, Portraits du Caire: Van Leo, Armand, Alban, Actes Sud, Beyrouth, 1999

Ցուցահանդեսներ

1930: Հայ գեղարվեստի ցուցահանդես, Գեղարվեստի Տաղավար, Բուխարեստ

Հավաքածուներ

«Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամ, Երևան Արաբ պատկերի հիմնադրամ, Բեյրութ Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք

Այլ նկարներ այս հեղինակից