Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հայկ Մկրտչի Ադամյան

ծն․ 1952

1980 - 2010 թվականներ

Հայկ Ադամյանն իր գործնեությունը սկսել է 1970-ին, բանակում ծառայելիս, որտեղից թղթակցել է «Կրասնոյե զնամյե» թերթին։ 1972-ին վերադառնալով Գյումրի աշխատել է կենցաղ-սպասարկման կոմբինատում, լուսանկարչի հաստիքով։ Որպես ֆոտոթղթակից համագործակցել է հանրապետական մի շարք պարբերականներիԲանվոր», «Գարուն», «Սովետական Հայաստան» և այլն), իսկ 1981-ից ստանձնել է Կումայրի արգելոց֊թանգարանի ֆոտոլաբորատորիայի վարիչի դերը։ Սպիտակի երկրաշարժի հետևանքով, 1988֊ին ոչնչացվել է Ադամյանի լուսանկարչական նեգատիվների արխիվը։ Անտեսելով դժվարությունները, Ադամյանը ակտիվ գործնեություն է ծավալում հետ֊խորհրդային տարիներին, 1992-ին հիմնելով «Շիրակ» հեռուստավարչությունը իսկ 1998-ին, Գյումրիի ժամանակակից արվեստի կենտրոնը։ 2000-ին որոշում է ընտանիքով արտագաղթել ԱՄՆ։ 

Ադամյանի լուսանկարչությունը հարում է դասական վավերագրական լուսանկարչության հումանիստական ավանդույթներին։ Նրա բազմաթիվ շարքերում արտացոլված է հարազատ քաղաքի ինքնատիպ կենցաղն ու կոլորիտը, և առանձնահատուկ ուշադրությամբ է պատկերված բնակիչների մտերմիկ կապը Գյումրիի հետ։ Այդ զգայական հարաբերությունները Ադամյանը նախընտրել է բացահայտել սև֊սպիտակ լուսանկարչության միջոցով, քանի որ, ինչպես ինքը հեղինակն է նշում, «Ինձ համար սեւ-սպիտակ լուսանկարչությունն ավելի շուտ զգացողություն է: Հիմա գիտես, թե տեխնոլոգիաները որքան են զարգացել, դիջի՜թլ, բա՜նբայց ես չեմ կարողանում համակերպվել: Գույնը շատ դեպքերում խանգարում է տեսնել իրականը: Այն, ինչ ազդեցիկ է սև-սպիտակի դեպքում, գույնը կարող է լրիվ հասարակ դարձնել: Ստվերներ, տրամադրություն, ինչ-որ տեղ նաև հստակություն, ահա թե ինչ է ինձ համար սև-սպիտակ լուսանկարչությունը:» (1)

ԱՄՆ-ում հաստատվելուց հետո, Ադամյանը շարունակել է զբաղվել անկախ լուսանկարչությամբ և մասնակցել է Լոս-Անջելոսի հայ արվեստագետներին նվիրված մի շարք ցուցահանդեսների։ 

1) Սողոյան, Երանուհի։ Լուսանկարիչ Հայկ Ադամյան. «Ծննդավայրիցս հեռու՝ ես աշխարհի ամենամիայնակ մարդն եմ», www.hetq.am, 2013, հուլիսի 2

Ազգություն

ամերիկացի, հայ

Տարածաշրջան

ԱՄՆ, ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Լենինական, Գյումրի, Լոս Անջելես

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Սողոյան, Երանուհի։ Լուսանկարիչ Հայկ Ադամյան. «Ծննդավայրիցս հեռու՝ ես աշխարհի ամենամիայնակ մարդն եմ», www.hetq.am, 2013, հուլիսի 2​, http://hetq.am/arm/news/28281/lusankarich-hayk-adamyan-tsnndavayrics-heru-es-ashkharhi-amenamiaynak-mardn-em.html

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 60-62

Այլ նկարներ այս հեղինակից