Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ռուբեն Մարտիրոսի Ադալյան

ծն․ 1929

1980 - 1980 թվականներ

Ռուբեն Ադալյանը ուշ արդիության շրջանի հայ արվեստի նշանավոր դեմքերից է: 1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, այնուհետև ծավալել է բեղուն գործնեություն աշխատելով գեղանկարի, հաստոցային գրաֆիկայի և քանդակի բնագավառում: Դեռ իր ուսանողական տարիներին, Ադալյանը տարվել է մոդեռնիստական արվեստի գաղափարներով, օգտվելով հատկապես` Պաբլո Պիկասսոյի, ինչպես և Երվանդ Քոչարի ստեղծագործական փորձից: Խրուսչովյան «Ջնհալի» տարիներին Ադալյանը ներկայանում է հայ և խորհրդային հանդիսատեսին մի շարք համարձակ փորձարարական գործերով, որոնց մեջ սոց-ռեալիստական արվեստի հիմունքները տեղի էին տվել սյուռեալիզմի, կուբիզմի և էքսպրեսիոնիստական ոճերի յուրօրինակ սինթեզի: Արվեստագետի սուբյեկտիվության ու ձևի ինքնաբավ փնտրտուքները, էլ ավելի ակնհայտ էին Ադալյանի վերացական կտավներում և քանդակներում: Խորհրդային տարիներին այդ աշխատանքները չեն ցուցադրվել և հայտնի չէին լայն հանրությանը, սակայն դրանք խթան են հանդիսանում ավելի երիտասարդ, դիսիդենտական արվեստագետների գործնեությանը 1970-ականներին

Իր բազմապրոֆիլ գործնեության ընթացքում, Ադալյանը անդրադարձել է նաև լուսանկարչությանը, և հատկապես ֆոտոկոլաժին: 1985-1988 թվականներին արված այդ շարքերը նշանավորում են Ադալյանի կտրուկ դարձը դեպի արևմտյան ժամանակակից (կամ հետ-արդիական) արվեստի դրույթներին: Կոլաժներում օգտագործված են բացառապես «գտնված» լուսանկարներ և վերատպություններ: Տարատեսակ իրարամերժ մանրամասներով գերհագեցած այդ աշխատանքների քաոտիկ համադրությունները, անդրադառնում են ուշ խորհրդային շրջանի սոցիալ-քաղաքական իրավիճակին և հատկապես Գորբոչովյան Վերակառուցման նախագծին: Դրանք ընդգրկում են քայքայման և իմաստազերծման եզրին գտնվող տարբեր` հաճախ անմիջապես ճանաչելի պատմական պատումներ, գաղափարախոսություններ և մշակութային վիճակներ նշանավորող պատկերների հատվածներ: Այստեղ բացակայում են ոճական կամ ժամանակագրական հստակությունները, որոնք կազմաքանդվելով, հայտնվել են համընդհանուր խառնաշփոթի մեջ: Այսպիսով, Ադալյանի կոլլաժները որոշակիորեն կանխատեսում են ԽՍՀՄ-ի մոտալուտ փլուզումը և սպառողական մշակույթի հաղթարշավը` հարելով արևմտյան պոստմոդեռնիստական արվեստի ինքնամեկնաբանողական և «պաստիշային» ուղղվածություններին

 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Սիմֆերոպոլ (ծն.), Երևան

Մասնագիտացում

ժամանակակից արվեստ

Մեդիա

կոլաժ

Ցուցահանդեսներ

2015: Ռուբեն Ադալյան - 85, անհատական ցուցահանդես, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

Հավաքածուներ

Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Երևան; Ժամանակակից Արվեստի Թանգարան, Երևան