Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան

1861 - 1947

1900 - 1910 թվականներ

Կոնստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարանում (1887-1891թթ) ապա Հռոմի Գեղարվեստի Ակադեմիայում սովորելուց հետո, Արշակ Ֆեթվաճյանը իր կյանքը անցկացրել է Եվրոպայի, Ռուսաստանի, Հայաստանի և, կյանքի վերջին տարիներին, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում։ Մասնագիտացել է պատմական և ճարտարապետական գեղանկարչության մեջ և, Վարդգես Սուրենյանցի հետ մեկտեղ, եղել է առաջին հայ արդի ձևավորող նկարիչներից։ 1900 թվականին այցելել է Արևելյան Հայաստան, որտեղ ստեղծել է հայ ճարտարապետական կոթողները պատկերող շուրջ 2000 գրաֆիկական աշխատանքներ։ Հատկապես արժեքավոր են Անիում և շրջակայքում արված հուշարձանների նրա արտանկարները որոնք այսօր ունեն մեծ պատմական արժեք։(1)

Ֆեթվաճյանը ականատես է եղել Ցեղասպանության անմիջական հետևանքներին և իր աշխատանքներում արտացոլել է այդ ողբերգական գույժի դրվագները։ Կատարել է մակնիշների և թղթադրամների ձևավորումներ որոնք պատվիրված էին Հայաստանի առաջին հանրապետության իշխանությունների կողմից։ Կյանքի վերջին 25 տարին անցկացրել է ԱՄՆ-ում, ապարդյուն փորձեր անելով վերադառնալ Հայաստան։ Մահվանից հետո իր աշխատանքները կտակել է Հայաստանի հանրապետությանը և դրանք այսօր գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, արվեստագետի հարուստ արխիվի հետ մեկտեղ։ 

Հայաստանում եղած տարիներին Ֆեթվաճյանը նաև անդրադարձել է լուսանկարչությանը, հիմնականում որպես հուշարձանների պատկերավորման համար օժանդակ նյութ։ Նկարչի արխիվում պահպանվել են այդ լուսանկարներից մի քանիսն ընդամենը։ Դրանցից հատկապես ուշագրավ են Ցեղասպանությունից փրկված գաղթականների դիմանկարները։ Այստեղ արվեստագետը զանցել է վավերագրության պահանջները ստեղծելով միանգամայն հուզիչ պատկերային կոմպոզիցիաներ որոնց գեղարվեստական արժանիքները ինքաբավ են։ Ֆեթվաճյանի գործունեության այս անտեսված կողմը կարիք ունի ավելի խոր և մանրամասն ուսումնասիրության։(2)

1) Նկարչի կենսագրության և նկարչական գործնեության մանրամասները տե՛ս մատենագրության ցանկում նշված նյութերում։ 

1) Նկարչի ստեղծագործությունները բազմիցս ցուցադրվել են իր կենդանության օրոք և մահվանից հետո։ Սակայն լուսանկարչական աշխատանքներ այդ ցուցահանդեսներում չեն ընդգրկվել ուստի այդ ցուցահանդեսների ցանկը այստեղ ներկայացված չէ։ 

 

Ազգություն

ամերիկացի, հայ

Տարածաշրջան

ԱՄՆ, Հայաստան, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Տրապիզոն, Կոնստանդնուպոլիս, Թիֆլիս, Անի, Բոստոն

Մասնագիտացում

գեղարվեստական, սիրողական լուսանկարչություն, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Չեմենյան, Գոհար։ Արշակ Ֆեթվաճյան. Մշակութային եղեռնից փրկված ճարտարապետական մասունքներ, Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Երևան, 2015

Չեմենյան, Գոհար։ Արշակ Ֆեթվաճյան. գեղանկար, գրաֆիկա, Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Երևան, 2008

Չուգասզյան, Լևոն։ Արշակ Ֆեթֆաճյան, Փրինթինֆո, Երևան, 2011

Տեր-Մանուելյան, Ա.։ Նկարիչ Արշակ Ֆեթվաճեան, Բեյրութ, 1966

Ֆեթվաճյան, Արշակ։ Իմ մտքերը, Բոստոն, 1941

Հավաքածուներ

Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից