Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Նարինե (Նարնուր) Վարդանյան

ծն․ 1989

2010 - 2010 թվականներ

«Ամեն ինչ սկսվեց իմ՝ սելֆի անելու տարվածությունից: Գայթակղիչ է ամենօրյա կյանքդ ֆիքսելուու պահելու այդ հնարավորությունն ունենալ, ու անկախ քեզանից սկսում ես ավելի ու ավելի շատ լուսանկարներ անել: Բայց այնուամենայնիվ այս խաղը դոկումենտացիայի հետ միևնույնն է` խաղ է մնում է ու լավ կլինի խաղալ այդ խաղը ու մնալ դրա սահմաններում՝ առանց ինքդ քեզ համոզելու, որ արածդ ավելին է կամ որ քո գործողությամբ դու «պահպանում ես իրականությունը»: Նարինե Վարդանյան, 2018 

Նարինե Վարդանյանը սովորել է Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցում, հետագայում ստացել արվեստի տեսաբանի ու պատմաբանի կրթություն Գեղարվեստի Պետական Ակադեմիայում։ 2017-ից սկսել է զարգացնել իր ՆարՆուր արվեստային նախագիծը, որն ամբողջությամբ հիմնված է Վարդանյանի ինստագրամային սելֆի-կերպարների վրա: Նախագիծն առանջին անգամ ներկայացվել է երևանյան դիտողին 2018-ի Մարտի մեկին՝ մեկօրյա «Խեր, Շառ, Աստվածուհի» ցուցահանդեսի ընթացքում:

Նարինեյի կոլաժները հիմնականում փոքր չափսի գործեր են, որոնք բաղկացած են թղթերի տարբեր տեսակներից, երբեմն կտորների ու ժանյակների ներմուծմամբ: Կտորներն ու ժանյակները, որոնք Նարինեն օգտագործում է վերցված են տարբեր կանանց «օժիտներից», որոնք այդպես էլ չեն գործածվել: Կոլաժների հիմնական սև-սպիտակ տոնայնությանը երբեմն միանում է ոսկեգույնը, որի համար արվեստագետը օգտագործում է սրբապատկերների համար գործածվող ոսկե թիթեղներ, ակրիլ, կանացի կոսմետիկա և հատկապես ոսկեգույն մանիկյուրը, որը հարդարման չափազանց մոդայիկ ապրանք էր 1980-ականներին: 

Նարնուրի՝ սեքսուալ ու երբեմն 70-ականների «էքսփլոթեյշն» ֆիլմերի աֆրոամերիկյանկանանց կերպարներին հղվող կոլաժները գիտակից են իրենց վրա նետվող` հանդիսատեսի հայացքի մասին։ Արվեստագետը կառուցում է իր գործերի գաղափարական հղացքը հենց այդ հարաբերակցության շուրջչընդդիմանալով ու հաճախ գայթակղելով մեր ուշադրությունը: Սա կարելի է համեմատել պոռնո-դերասանուհու հայացքին, ով գիտի, որ իրեն ցանկանում են, բայց նաև տիրապետում է իր այդ առարկայացված ու ցանկալի կերպարի փոխակերպմանը` այսպիսով խափանելով և նաև խաղարկելով դիտողի սպասումները: Նարինեյի գործերում կինը ներկայացվում է որպես մի էակ, որին պաշտպանում են նրանից պաշտպանվելու համար: Ըստ այդմ, Նարնուրի ֆոտո-կոլլաժները հարկ է դիտարկել հենց այս կետից՝ որպես ի սկզբանե անորոշ էակի գործողություն, ով հրապուրում է, միաժամանակ սադրում, վտանգում և թողնում դիտորդին երկակի զգացմունքների առջև։

Այսպիսով Նարնուրը ընդգծում է իր այլականացումը բայց գործածում է «ուրիշ» լինելը որպես պայքարի գործիք` ինչը հաճախ նյութականանում է նրա պատկերներում հրազենների ու այլ սառը զենքերի տեսքով։ Հղվելով պոպ-արտի և հետ-արդիական արվեստի հեգնական ձևաչափերին, այս աշխատանքները յուրօրինակ ձևով սեփականացնում են սպառողական մշակույթի ստեղծած «ցանկալի կնոջ» պատկերագրությանը` կանացիության հակասական ու բազմաշերտ կառուցվածքը վերհանելու համար։

«Կարծում եմ, որ ես խոսում եմ խնդիրների մասին, որոնք պոստ պոստ ֆեմինիստական են... որպես «կանանց ֆռոնտին» վերաբերող խնդիրների մասին խոսացող՝ ես ընդամենը ևս մեկ այլընտրանք եմ...» Նարինե Վարդանյան, 2018

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

ժամանակակից արվեստ

Մեդիա

կոլաժ, ֆոտո-մեդիա ինստալյացիա

Ցուցահանդեսներ

2018։ Խեր, Շառ, Աստվածուհի, անհատական ցուցահանդես, մարտի 1, Երևան