Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Բորիս Սովեր

1920 - 1930 թվականներ

Բորիս Սովերի էթնիկ պատկանելիությունը և նրա` Հայաստանում աշխատելու հանգամանքները մեզ հայտնի չեն։(1) Շուրջ հարյուր լուսանկարներից կազմված ժողովածուն որը պահվում է Հայաստանի Պատմության Թանգարանում առայժմ միակ փաստագրական ու տեսողական նյութն է որն այսօր վկայում է այս լուսանկարչի գործնեության մասին։

1934 թվականին Լոռիյում կատարված շրջագայության ընթացքում, Սովերը ժողովել է այդ տարածաշրջանի պատմական հուշարձանները, բնության տեսարանները, գյուղական բնակավայրերը ու դրանց բնակիչներին վավերագրող լուսանկարներ։ Փոքր (8x11սմ) չափսերի այդ մոնոխրոմ պատկերները արված են սիրողական տեսախցիկով և տպագրվել են գրեթե մեխանիկորեն, առանց գեղարվեստական մշակմամբ։ Հենց այդ շիտակության շնորհիվ, Սովերի փոքրածավալ լուսանկարչական դրվագները փոխանցում են իրականության զարմանալիորեն կենդանի զգացողությունը։ Լուսանկարչը ասես թե մնացել է աննկատ տեղացիների կողմից, որոնք բանում են իրենց առօրյա գործերով, մեծ ուշադրություն չդարձնելով Սովերի ներկայության վրա։ Լոռիի գյուղերում մշակույթը շատ չէր հեռացել ուշ միջնադարյան ձևաչափերից և Սովերի դիտորդական հայացքը արձանագրում է այդ իրողությունը բավականին համոզիչ կերպով։ Նրա հավաքած նյութը ազգագրական է իր բովանդակությամբ, սակայն ունի տեղագրական ու ռեպորտաժային միտում։ Ինչպես հուշում է լուսանկարներից մեկում պատկերված տրակտորը, Սովերի շարքը արխիվացնում է արդիականացման եզրին գտնվող համայնքի արդեն իսկ պատմական կերպարը։ Հատկանշական է որ լուսանկարները արված են Ստալինյան դեկրետներից քիչ անց, երբ դեռ հնգամյակների պլանը կատարելապես չէր փոխել գյուղական կյանքի ու կենցաղի ավանդական օրակարգը։

1) Ենթադրում ենք որ Սովերը եղել է ազգությամբ ռուս կամ ուկրանիացի։ 

Ազգություն

ռուս

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Լոռու մարզ

Մասնագիտացում

վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան