Վարդա Իվանովիչ Սիմոնով
ծն․ 1952
1970 - 1980 թվականներ
Ազգությամբ ասորի Վարդա Սիմոնովը գործել է իր հայրենի Արզնի գյուղում, 1970-ականների վերջից։
Սիմոնովի «Վարդա» լուսանկարչատունը գտնվել է լուսանկարչի հայրական տանը, որի սենյակներից մեկը վերածված էր տաղավարի։ Չնայած այդ «տնական» պայմաններին, Սիմոնովը ապահովում էր միանգամայն մասնագիտացված, ժամանակի գեղագիտական և տեխնիկական պահանջներին համապատասխանող սև-սպիտակ, ինչպես նաև գունավոր անհատական և խմբակային դիմանկարների պատրաստում։ Այստեղ լուսանկարվում էին Արզնիի`մեծամասամբ ասորի բնակչությունը գրեթե բոլոր պատեհ առիթներին։ Լուսանկարները արվում էին ի հիշատակ ծննդյան տարեդարձի, առաջին կամ վերջին զանգի, ամուսնության, կրոնական տոների, բանակային ծառայության ավարտի, հարազատի մահվան կամ ուղղակի ելնելով ընտանեկան լուսանկարներ ունենալու և բաժանելու անհրաժեշտությունից։ Դատելով պահպանված լուսանկարների մեծ քանակից, դրանց պահանջարկը գյուղում բավականին մեծ է եղել։
Ուշագրավ է «Վարդա» լուսանկարչատան դրոշմը որի վրա պատկերված է Ասորական թագավորության խորհրդանիշներից մեկի` մարտնչող առյուծի ուրվանկարը որը հստակ ազդարարում է լուսանկարչատան «ազգային» պատկանելիության մասին։ Լուսանկարչատունը փակվել է 1980-ականների վերջին երբ Սիմոնովը տեղափոխվել է Ռուսաստան։ Նրա գործնեությունը մի քանի տարի շարունակել է եղբայրը` գյուղապետարանի սենյակներից մեկում։
Արզնիի ասորի բնակչության` նրա հուշավավերագրական դիմանկարները այսօր մեծ հետաքրքրություն են ներկայացնում որպես այդ համայնքի կենցաղը և մշակութային առանձնահատկությունները վավերագրող լուսանկարներ։
1) Կենսագրական տվյալները նամագրական կապով հեղինակին տրամադրել է Արզնիի բնակիչ Վիտալիյ Միրզոևը, 2018 թվականի փետրվարին։
Ազգություն
ասորի, հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Արզնի
Լուսանկարչատուն
Վարդա
Մասնագիտացում
լուսանկարչատուն, կոմմերցիոն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն