Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Մարտիրոս Սահակի Սիլդիրյանց

1872 - 1945

1890 - 1920 թվականներ

Վրաստանի հարավ-արևելքում գտնվող պատմական Սիղնաղ քաղաքում հաստատված Մարտիրոս Սիլդիրյանցի լուսանկարչատունը գործել է 1890-ականների վերջերից և գոյատևել է առնվազն երկու տասնամյակ: Այդ փոքր քաղաքի բնակչությունը հիմնականում կազմված էր ունեվոր վրացի ընտանիքներից, սակայն այստեղ էին բնակվում նաև մի քանի խոշոր հայ գերդաստաններ, ինչպես օրինակ գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի ընտանիքը: Ըստ երևույթին, 20-րդ դարի սկզբին Սիլդիրյանցը քաղաքի ամենակարևոր լուսանկարիչն էր, և հենց նրա գործերի միջոցով է այսօր հնարավոր տեսողական պատկերացում կազմել Սիղնաղի ազգաբնակչության մասին: Հայտնի չէ թե ոչտեղ է նա ձեռք բերել իր մասնագիտությունը, սակայն իր վարպետությամբ արված դիմանկարները վկայում են Սիլդիրյանցի պրոֆեսիոնալ փորձառության մասին: Լուսանկարչատունը կատարել է բազմապիսի պատվերներ - անհատական դիմանկարներից մինչև մեծ խմբանկարներ - որոնց համար տաղավարում կառուցվել են բավականին մեծ չափերի ֆոնային դեկորներ: Ըստ լուսանկարչի կնիքի տվյալների, նրա մոտ արված լուսանկարները կարող էին մեծացվել «ցանկացած չափերի»: Պահպանված բազմաքանակ լուսանկարներում շեշտադրված է լուսանկարվողների հագ ու կապը, որի միջոցով լուսանկարիչը փորձել է արտահայտել հաճախորդների հասարակական դիրքն ու նշանականությունը: 

Ազգություն

հայ, վրացի

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն, Վրաստան, Վրաց. ԽՍՀ

Քաղաք

Սիղնաղ

Լուսանկարչատուն

Մ. Ս. Սիլդիրյանց

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան: Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 292

Հավաքածուներ

Վրաստանի ազգային գրադարան, Թբիլիսի

Այլ նկարներ այս հեղինակից