Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Դավիթ Համբարձումի Ռոստոմյան

1890 - 1910 թվականներ

Դ. Ռոստոմյան լուսանկարչատունը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Բաքվի ամենախոշոր և նշանավոր լուսանկարչական հաստատություններից էր։ Տնօրենը` Դավիթ Ռոստոմյանը ծագումով Նուխի քաղաքից էր և թերևս հենց այնտեղ էլ արել է իր առաջին մասնագիտական քայլերը։ Բաքվի լուսանկարչատունը հիմնադրվել է 1893-ին ու հետագայում տեղափոխվել է Մարիինսկայա ու Տորգովայա փողոցների խաչմերուկում՝գտնվող երկհարկանի առանձնատունը։ Հուշագրող Մանաֆ Սուլեյմանովը տեղեկացնում է որ Ռոստոմյանը ունեցել է բավականին մեծ` հինգից-վեց երիտասարդ կանանցից բաղկացած աշխատանքային անձնակազմ։ Նրանք գործում էին լուսանկարչատան առաջին հարկում, կատարելով առօրյա ադմինիստրատիվ առաջանդրանքները և սպասարկելով սովորական քաղաքացիներին։ Ավելի լուրջ պատվերները կատարում էր ինքը Ռոստոմյանը` լուսանկարելով պաշտոնյանների, անվանի մարդկանց ու վերնախավի ներկայացուցիչներին։ (1)

Ինչպես երևում է Ռոստոմյանի կնիքից, նա պարսկահպատակ էր և ներկայանում էր որպես Պարսից Շահի պալատական լուսանկարիչ։ Այստեղ նաև թվարկված են Կայսր Նիկոլայ Ալեքսանդրովիչից, Բուխարայի Էմիրից, Պարսից Շահից և Ամենայն Հայոց Կաթողիկոսից շնորհված պարգևներն ու շքանշանները։ Ըստ կնիքի, Ռոստոմյանը նաև մասնակցել է Վիեննայում կայացած ինչ որ միջազգային ցուցահանդեսի որտեղ նրան շնորհվել է ցուցահանդեսի Գրան-Պրին։ Լուսանկարիչը նաև մրցակցության մեջ էր իր իսկ եղբոր` Բարսեղ Ռոստոմյանի հետ ում տաղավարը գտնվում էր Բաքվի ադմինիստրատիվ կենտրոնում, Պարապետ կոչվող հրապարակի վրա։ 

Ռոստոմյանի տաղավարի` մեզ հայտնի հարյուրավոր դիմանկարները չափազանց տարաբնույթ են իրենց որակական առումներով։ Ակնհայտ է որ դրանք կատարվել են տարբեր գործակալների կողմից։ Ցածր ու միջին խավին պատկերող լուսանկարները չափազանց սխեմատիկ են, արված են արագ, զուտ նմանակում ստանալու նպատակով։ Սակայն այդ լուսանկարների արժեքը այսօր չափազանց մեծ է որպես պատմա-մշակութային նյութ, քանզի այդ դիմանկարներում արտացոլված է Բաքվի բազմաէթնիկ ու բազմախավ հասարակության ողջ համայնապատկերը։ 

Լուսանկարչի և նրա լուսանկարչատան ճակատագիրը 1910-ականներից հետո մեզ հայտնի չէ։ Ռոստոմյանը ամուրի էր և չուներ ժառանգներ։ Ըստ երևույթին նրա տաղավարը վաճառվել կամ փակվել է բոլշևիկյան հեղափոխությունից մի քանի տարի առաջ։ 

1) Манаф Сулейманов. Дни минувшие (Исторические очерки), Баку, 1990

Ազգություն

իրանցի, հայ

Տարածաշրջան

Ադրբեջան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Նուխ, Բաքու

Լուսանկարչատուն

Դ. Ռոստոմյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Դադայան, Խաչատուր։ Հայերը և Բաքուն (1850-ական թթ. - 1920 թ.), Երևան 2006

Сулейманов, Манаф. Дни минувшие (Исторические очерки), Баку, 1990

Հավաքածուներ

Եղիշե Չարենցի անվ. Գրականության և Արվեստի Թանգարան, Երևան; Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան; Վրաստանի Ազգային Գրադարան, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից